Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւը դեռ վախեր ունի

Հուլիս 13,2022 12:00

Ադրբեջանը 2 ամսով Նախիջեւանի հատվածում փակել է սահմանը Թուրքիայի հետ

Մշտապես խոսելով թուրք-ադրբեջանական տանդեմի փոխգործակցության մասին, հաշվի է առնվել վերջին տարիներին գոյություն ունեցող Թուրքիայի տնտեսական կախվածության աստիճանը՝ Ադրբեջանից: Դեռեւս 2008թ. «Ֆուտբոլային դիվանագիտության» շրջանում այդ թեման պարբերաբար թեժանում էր:

Թուրքիայի հասարակական, քաղաքական շրջանակներից ոչ մեկ անգամ էին հնչել գնահատականներ այն մասին, որ Անկարան «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանում ենթարկվել է Բաքվի ճնշումներին: Ադրբեջանն անգամ հրապարակային որոշ քայլեր իրականացրեց՝ ցույց տալու դժգոհությունը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հնարավոր տեղաշարժերի եւ հայ-թուրքական սահմանի բացման մասով: Բաքուն դեռ տարիներ առաջ թուրքական իշխանություններին հասկացնել էր տալիս, որ ԼՂ խնդրի չլուծված լինելու պայմաններում՝ անընդունելի է համարում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման փնտրտուքի ուղիները: Հայաստան-Թուրքիա նախաստորագրված արձանագրությունների ճակատագիրը հիշում են բոլորը՝ ԼՂ խնդրի պատճառով Թուրքիան ողջ գործընթացն արգելափակեց:

Հիմա, Ալիեւը հայտարարում է, որ «ԼՂ խնդիրը լուծվել է», ընդ որում՝ խոստովանում է, որ ուժով լուծելու նախաձեռնողը ադրբեջանական կողմն է եղել, «քանի որ այլ ելք չէր մնացել», եւ թե՛ Թուրքիայից, թե՛ Ադրբեջանից մեծ խանդավառությամբ արձանագրում են, որ թուրքական իշխանություններն աջակցել են «եղբայրական Ադրբեջանին»՝ ԼՂ-ում վերջին պատերազմում:

Այսօր, թեեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում չեն նշմարվում դրական նշանակալի քայլեր, բայց նույնիսկ այդ պայմաններում օրերս ուշագրավ տեղեկություններ շրջանառվեցին Ադրբեջանից:

Այն բանից հետ, երբ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Հայաստանն ու Թուրքիան բանակցում են իրենց սահմանը մասնակի՝ երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու հնարավորությունը, Ադրբեջանը, պարզվեց, երկու ամսով Նախիջեւանի հատվածում փակել է իր սահմանը Թուրքիայի հետ՝ պատճառաբանելով համաճարակային իրավիճակը:

Հայ եւ թուրք բանագնացների վերջին հանդիպման օրը՝ հուլիսի 1-ին, Ադրբեջանի սահմանային ծառայությունը հայտարարել է, թե փակում է Նախիջեւանի կողմից Թուրքիայի հետ 13 կիլոմետրանոց սահմանը։ Կորոնավիրուսի համաճարակից ի վեր Ռուսաստանի, Վրաստանի եւ Իրանի հետ Ադրբեջանի ցամաքային սահմանները շարունակում են փակ մնալ, եւ սա, փաստացիորեն, միակ բաց սահմանն էր: Ադրբեջանի սահմանային ծառայության համաձայն, որոշման պատճառը կրկին համաճարակն է: Այդ որոշման համաձայն, կարանտինային հատուկ ռեժիմի պատճառով Նախիջեւան-Թուրքիա սահմանը փակ կմնա մինչեւ սեպտեմբերի 1-ը:

Ադրբեջանական մամուլում եղել են հրապարակումներ, որ սահմանի փակման որոշումն անսպասելի է եղել եւ քննարկումների տեղիք է տվել, որ պատճառը կարող է հայ-թուրքական սահմանի մոտալուտ բացումը լինել ու այդ կապակցությամբ Բաքվի դժգոհությունը: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ BBC-ի ադրբեջանական ծառայությունը գրել է, թե Թուրքիայի հետ սահմանի փակումը մեծ դժգոհություն է առաջացրել Նախիջեւանի բնակչության շրջանում, որոնք Դիլուջու սահմանային անցակետով հեշտությամբ կարողանում էին անցնել Իգդիր, էժան ապրանքներ գնել ու վերադառնալ: Այս սահմանի փակումը մեծ վնաս է հասցնելու նաեւ զբոսաշրջության ոլորտին: Մի շարք տուրիստական գործակալությունների տնօրեններ BBC-ին ասել են, որ ստիպված են չեղարկել ամռանը ծրագրված բոլոր շրջագայությունները՝ կորցնելով հազարավոր դոլարներ: Ռադիոկայանը նաեւ հաղորդել է, որ Նախիջեւան-Թուրքիա փակ սահմանի մասին օրերս խոսել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Իգդիրի նահանգային ղեկավարը: Ալի Քեմալ Այազը նշել է, թե արտաքին գործերի եւ առեւտրի նախարարությունների հետ աշխատանքներ են տանում սահմանի բացման ուղղությամբ, քանի որ այդ անցակետը երկու կողմի համար էլ մեծ կարեւորություն ունի: Նա նշել է, որ Թուրքիայում գրանցված կապիկի ծաղկի դեպքերի պատճառով է նման որոշում կայացվել, սակայն մարդիկ այդքան երկար չեն կարող սպասել, տնտեսությունը տուժում է: Այս խնդիրը լուծելու համար Անկարա գործուղված Այազը նաեւ ասել է, որ իշխանությունների հետ քննարկելու է հայ-թուրքական սահմանը Իգդիրի Ալիջան անցակետի կողմից բացելու հարցը:

Նկատենք, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների աշխատանքային խմբի նոր հանդիպման մասին պայմանավորվածություն դեռեւս չկա, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնել էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Եռակողմ խմբի վերջին նիստը տեղի էր ունեցել հունիսի 3-ին, հետո հունիսի 16-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում աշխատանքային հանդիպում էին ունեցել համանախագահները: Հայաստանի փոխվարչապետի տեղեկացմամբ՝ արդեն մեկուկես տարի գործող եռակողմ աշխատանքային խումբը մեկ տասնյակի հասնող նիստեր է անցկացրել, ստեղծվել են երկու փորձագիտական աշխատանքային ենթախմբեր՝ երկաթուղային եւ ավտոտրանսպորտային փոխադրումների հարցերով։

«Աշխատանքների ընթացքում հաջողվել է կոնսենսուսի գալ Երասխ – Հորադիզ երկաթուղու վերականգնման մասով։ Այս ընթացքում հաջողվել է նաեւ մոտեցնել դիրքորոշումները սահմանային եւ մաքսային հսկողության մի շարք կարեւոր գործառույթների մասով։ Այժմ աշխատանքները շարունակվում են», – նշել է փոխվարչապետը։ Ավելի վաղ ռուսական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում փոխվարչապետը կառուցողական էր որակել աշխատանքային խմբի գործունեությունը:

Վերջերս, ռուսաստանյան Известия-ն, հղում անելով դիվանագիտական իր աղբյուրներին, գրել էր, որ ռուսական կողմը օգնել է Հայաստանին եւ Ադրբեջանին պայմանավորվել, թե որտեղով է անցնում Ադրբեջանը Նախիջեւանին կապող ավտոճանապարհը: «Մնում է, որ կողմերը համաձայնության գան ընդամենը 6 կիլոմետրանոց հատվածի շուրջ, որը բացակայում է», – թերթին ասել էր բանակցություններին մոտ կանգնած բարձրաստիճան մի պաշտոնյա՝ հավելելով՝ այնտեղ լեռներ են եւ հիմա ռուսական «Автодор» ընկերությունը փորձագետների է ուղարկում, որպեսզի նրանք ինժեներական պարզ լուծումներ առաջարկեն: Թե կոնկրետ որ կետերով է անցնում երթուղին, անվտանգության ու մաքսային ինչ ռեժիմ է գործելու, թերթը չէր հստակեցրել: Նշվել էր միայն, որ ճանապարհը ձգվելու է հայկական կողմից Արաքսի երկայնքով, օգտագործելու են խորհրդային հին ճանապարհները, որոնք մինչեւ 1992թ. Ղարաբաղյան պատերազմը կապում էին Նախիջեւանը ադրբեջանական Զանգելանի հետ՝ Հայաստանի տարածքով:

Ուշագրավ է, որ վերջին օրերին, երբ Ռուսաստանից պաշտոնական մակարդակով եւս հնչեցին լավատեսական հայտարարություններ՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ բանակցություններում գրանցված «տեղաշարժերի» մասին, Բաքուն, անմիջապես, փորձեց «ցրել» այդ տպավորությունը:

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն անցյալ շաբաթ նշեց, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հարցով բանակցություններում առանձնապես առաջընթաց չկա: «Ես չեմ կարող ասել, որ կա առանձնապես առաջընթաց Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հարցով բանակցություններում: Այնուամենայնիվ, կան որոշակի ուղերձներ, ընթանում է քննարկում»,- ասել էր Բայրամովը լրագրողներին: Նրա խոսքով՝ Հայաստանում այդ հարցի շուրջ այլ կարծիք ունեն, «քանի դեռ հայ հասարակության մեջ կան ռեւանշիստական կոչեր, բայց կա նաեւ դրանից տարբերվող կարծիք…»:

Նա եւս հայտնել էր, որ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հերթական նիստի ժամկետը դեռ որոշված չէ, ապա հարկ էր համարել շեշտել, որ գործընթացն, ընդհանուր առմամբ, հեշտ չի լինի: Բայրամովը նախ նշել էր, թե հանձնաժողովը հաջողվել է ձեւավորել երկար ու բարդ գործընթացի արդյունքում, ապա հավելել էր. «Հայաստանն առաջարկում էր անցկացնել ապաէսկալացման միջոցառումներ եւ հետ քաշել զորքերն ու սահմանապահներին սահմանից: Բայց ադրբեջանական կողմը հրաժարվել է դրանից, քանի որ մեր սահմանների պաշտպանությունը մեր սահմանադրական իրավունքն է ու պարտքը»: Բայրամովը շեշտել էր, թե Ադրբեջանը կողմ է՝ «սահմանները քաղաքակիրթ ճանապարհով որոշելուն՝ հիմնված տարբեր իրավական եւ պատմական փաստաթղթերի վրա»: Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ սահմանազատման գործընթացը «բարդ գործընթաց» է եւ հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախկին հարաբերությունները՝ «մենք կարծում ենք, որ այդ գործընթացը հեշտ չի լինի»:

Տպավորություն է ստեղծվում, որ Ալիեւի մոտ, նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո, որոշակի վախեր կան: Մի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերսկման վտանգն է՝ ԼՂ կարգավիճակի ճշգրտման անհրաժեշտության մասին Արեւմուտքից պարբերաբար հնչող հայտարարություններով, մյուս կողմից՝ Արեւմուտքի ակնկալիքներն են Անկարայից՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում տեղաշարժեր արձանագրելու առումով:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 12.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031