Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուսիսային պողոտան եւ Կագանովիչի «էսթետիկան»

Հուլիս 13,2022 15:30

Մոտ հարյուր տարի առաջ ամերիկացի հայտնի գրականագետ, Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Իրվինգ Բեբիթը գրել է. «Տնտեսական խնդիրներն իրականում քաղաքական խնդիրներ են, քաղաքականները՝ փիլիսոփայական, իսկ փիլիսոփայականները՝ կրոնական»:

Ինչո՞ւ է դա այդպես: Կարծում եմ, պատճառն այն է, որ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական եւ թե՛ փիլիսոփայական խնդիրներն առնչվում են մարդուն, իսկ մարդը բնության այն միակ ներկայացուցիչն է, որը չի ենթարկվում զուտ բնական օրինաչափություններին: Անհատի, մարդկային խմբերի, ինչպես նաեւ հասարակությունների վարքը հնարավոր չէ բացատրել միայն նպատակահարմարությամբ:

Ենթադրենք, ինչ-որ հանգամանքներում նպատակահարմար է, որ մենք իրար ուտենք: Ինչո՞ւ մենք դա չենք անում: Մեզ սահմանափակում է հավատը ինչ-որ սկզբունքների հանդեպ: Եվ այստեղից սկսվում են խնդիրները, որոնք քեմբրիջյան պրոֆեսորն անվանում է կրոնական:
Համավարակներն ու պատերազմները, որոնք պատուհասել են մարդկությանը վերջին տարիներին, աննախադեպ սրությամբ դնում են հավերժ խնդիրները՝ ի՞նչն է ավելի կարեւոր՝ մա՞րդը, թե՞ տնտեսությունը, մա՞րդը, թե՞ պետությունը, մա՞րդը, թե՞ առաջընթացը: Այստեղ պարզ պատասխաններ չկան: Բայց ընդհանուր սկզբունքը պետք է լինի հետեւյալը. մարդկանց շահերի արհամարհումը հանուն ինչ-որ այլ, իբրեւ թե ավելի կարեւոր սկզբունքների կամ գաղափարների ոչ մի լավ բանի չի հանգեցնում:


Դուք նկատե՞լ եք, թե ոճային առումով որքան նման են 19-րդ դարի կեսերին Փարիզում եւ 1930-ականներին Մոսկվայում կառուցած շենքերը: Երկու դեպքում էլ՝ որպես մոդել, վերցրած է Հռոմի մ. թ. սկզբների ճարտարապետությունը: Որովհետեւ թե՛ Նապոլեոն 3-րդը եւ թե՛ Ստալինը ձգտում էին նմանակել կայսրական ոճը, իսկ կայսրության մայրաքաղաքում ամեն ինչ պետք է լինի խոշոր, մոնումենտալ: Պատահակա՞ն էր արդյոք այդ երկու բռնապետերի արհամարհանքը մարդկանց, նրանց շահերի, նրանց իրավունքների հանդեպ: Նման «մանր» խնդիրները նրանց համար երկրորդական էին, եթե համեմատվում էին պետության փառքի եւ դրա առաջընթացի հետ: Այսինքն՝ տվյալ պարագայում որոշումների հիմքում դրված էին նպատակահարմարության մասին յուրահատուկ պատկերացումները, որոնք որեւէ ձեւով չէին հակակշռվում բարոյական նորմերով:

Բերեմ եւս մի «ճարտարապետական» օրինակ. 1917 թվականի բոլշեւիկյան հեղափոխությունից հետո անհրաժեշտություն առաջացավ նոր ժամանակներին համապատասխանող տոնացույցի եւ ծեսերի համակարգի ստեղծման: Այդ գործը ստանձնել էր հեղափոխությունում հաղթած թիմի ամենակրթված ներկայացուցիչներից մեկը՝ լուսավորության ժողկոմ Անատոլի Լունաչարսկին, որը եւ մշակել էր Մայիսի 1-ը եւ Նոյեմբերի 7-ը նշելու ծիսակարգը: Բայց նույնիսկ այդ հեղափոխականի համար խորթ էր մնացած, պակաս կրթված, բայց ավելի նվիրյալ հեղափոխականների մոտեցումը, ըստ որի, Մայիսի 1-ը նշելու նպատակով քանդում էին ուղղափառ եկեղեցիները: Երբ Լունաչարսկին հրապարակավ դժգոհել էր այդ բարբարոսությունից, Մոսկվայի խորհրդի նախագահ Լազար Կագանովիչը եկեղեցիներ քանդելու այդ պրակտիկան արդարացրել էր «ցնցող փաստարկով»՝ «իմ էսթետիկան պահանջում է, որ մայիսմեկյան ցույցի բոլոր մասնակիցները՝ Մոսկվայի վեց շրջաններից, Կարմիր հրապարակ մտնեն միաժամանակ», եկեղեցիները, պարզվում է, խանգարում էին այդ էսթետիկային:

Այսպիսով, մարդիկ իրենց զգացմունքները ստորադասում էին նպատակահարմարությանը, որը, տվյալ դեպքում, պայմանավորված էր գաղափարախոսությամբ: Բայց գաղափարախոսության փոխարեն կարող էր հանդես գալ նաեւ տնտեսական անհրաժեշտությունը, մայրաքաղաքն ավելի գեղեցիկ դարձնելու ցանկությունը, կամ նույնիսկ… զբոսաշրջության զարգացումը:

Ի՞նչ էր պետք Երեւանում Հյուսիսային պողոտան կառուցելու համար: Անհրաժեշտ էր ունեզրկել եւ իրավազրկել այդ տարածքի նախկին բնակիչներին: Հյուսիսային պողոտայի «էսթետիկան» շատերին դուր է գալիս, իսկ շինարարության ընթացքում բազմաթիվ աշխատատեղեր էին բացվել, պետք էր առաջնորդվել ա՞յդ նկատառումներով, թե՞ բարոյական սկզբունքներով:

Կամ գուցե նման երկընտրանք չկա՞: Արդեն հիշատակված պրոֆեսոր Բեբիթի ամենատաղանդավոր ուսանողներից մեկը՝ բանաստեղծ Թոմաս Էլիոթը նշում էր, որ մարդկությունը կարող է զարգացնել կյանքի թե՛ նյութական եւ թե՛ հոգեւոր պայմանները, մարդկությունը կարող է եւ պետք է ունենա իր պատկերացումները կատարյալ սոցիալական կարգերի մասին, բայց մարդիկ չպիտի մոռանան, որ իդեալը եւ սեփական հավակնությունները չեն համընկնում: «Մեր խնդիրներն ու դժվարությունները նույնն են, որոնց բախվել են այլ սերունդներ այլ ժամանակներում,- գրում է բանաստեղծը,- նույնն է մնում նաեւ դրանց լուծման միջոցը՝ անձնական ինքնակատարելագործումը»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garo says:

    Հյուսիսային պողոտայում ոչ մեկին էլ չեն ունեզրկել։ Մեծ մասը փոխհատուցում են ստացել գնացել են ուրիշ տեղ տուն են առել։
    Հա եղել մարդիկ, որ 100տարվա կիսաքանդ տան համար ուզել են ասղաբաշխական փոխհատուցում ստանան ասենք 150հազար դոլլար։
    Բողոքողների հիմնական մասը նրանք են, որ 90ականներին խաղը պահերին իրանց տներին հարակից պետական հողերը կոպեկներով սեփականաշնորհել են։
    Օրինակ մեկը կար որ Եվրադատարանի որոշմամբ 1,5միլիոն եվրո փոխհատուցում ստացավ, քանի որ 1500քմ հող ուներ” Մեկն էլ չկա հարցնի իսկ իրեն որտեղից 1500քմ հող հանրապետության հրապարակից մի քանի 100մետր հեռավորության վրա։
    Էտ հողը օրինականա արդյոք դառել իր սեփականությունը թե ինչ որ չինովնիկի/դատավորի մի քիչ կաշառք տալով՞

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031