ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում Գեւորգ Պապոյանի նախագահությամբ հուլիսի 12-ին տեղի է ունեցել ՀՀ 2023 թ. պետական բյուջեի բյուջետային ծրագրերի աշխատանքային քննարկում:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է մեր երկրի պետական պարտքի կառուցվածքը, դրա սպասարկման գործընթացը, կառավարումը ֆինանսների բնագավառում:
Ըստ նախարարի՝ 2023 թ. համար կանխատեսվել է 5 տրիլիոն 246 միլիարդ դրամ պետական պարտք, որը կազմում է ՀՀ համախառն ներքին արդյունքի 58 տոկոսը:
2023 թ. պետական պարտքը ներքին աղբյուրներից կսպասարկվի 255 մլրդ դրամով: Պարտքի սպասարկման համար կներգրավվեն նաեւ փոխառու միջոցներ: Պարտքի սպասարկման գործում կարեւորվել է գանձապետական պարտատոմսերի կշռի ավելացումը:
Կարդացեք նաև
Նշվել է նաեւ, որ 2023 թ. կհատկացվի 260 մլրդ դրամ՝ պետական պարտքի տոկոսների սպասարկման համար:
Նախարարի հավաստմամբ՝ նախկինում պետական պարտքի կառուցվածքում գերակշռում էր արտարժույթը, կատարված աշխատանքների արդյունքում՝ այժմ հայկական դրամն իր տեղն է զբաղեցնում պետական պարտքի կառուցվածքում:
Տիգրան Խաչատրյանը տնտեսության զարգացման գործում կարեւոր է համարել պետական պարտքի կառավարման հուսալիությունը: Նա նաեւ նշել է, որ առաջիկայում պարտքի կառուցվածքում կիրականացվեն հիմնարար բարեփոխումներ:
Նախարարը ներկայացրել է նաեւ ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային ֆինանսական հատկացումները: Հանրային ֆինանսների կառավարման բնագավառին հատկացվել է շուրջ 4 մլրդ դրամ:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը բարձրաձայնել է հարցադրումներ, որոնք առնչվել են պետական պարտքի սպասարկման տոկոսային վճարներին, Ֆինանսների նախարարության հատկացումներին եւ այլն:
Գեւորգ Պապոյանն ընդգծել է պետական պարտքի սպասարկման բնագավառում բարեփոխումների անհրաժեշտությունը:
ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող Գագիկ Բարսեղյանը ՀՀ 2023 թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ներկայացրել է մի շարք դիտարկումներ:
ՀՀ ազգային ժողով