Լրահոս
Օրվա լրահոսը

«Որդուս մասունքների, կմախքացած ոսկորների առաջ երդվել եմ, որ մեղավորները պատասխան են տալու»

Հուլիս 12,2022 19:45

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մասունքները և դիերը Աբովյանի դիահերձարանի նկուղում պահվելու մասին  հասարակությանը հայտնի դարձավ 2021 թվականի մայիսի 31-ին, երբ հարազատները «Լույսի ճրագ» սոցցանցային էջով հրապարակեցին  սահմռկեցուցիչ տեսարանը պատկերող կադրերը․ մարմինները պոլիէթիլենային տոպրակներով էին՝ գետնին  նետված։ ՀՀ առողջապահության նախարարությունն այս առիթով հայտարարել էր, որ մասունքներն անցել են համապատասխան նույնականացում․ նախարար Անահիտ Ավանեսյանը ներողություն էր խնդրել։

Նախաքննությամբ, սակայն, հայտնի էր դարձել ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում զոհված զինծառայողների մարմինների մասունքները և դիերը ոչ պատշաճ պահելու դեպքի առթիվ քրեական գործով հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին։ Վարույթն իրականացնող մարմնի այս  որոշման դեմ բողոք էր ներկայացրել փաստաբան Գարիկ Գալիկյանը, որը մերժել էր Կոտայքի մարզի դատախազը։ Դատախազի եւ քննիչի որոշումների դեմ Գալիկյանի բողոքն այսօր քննվեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։

Նիստի ավարտից հետո մթնոլորտը դատարանում լարված էր։ Զոհված զինծառայողների ծնողներն այս գործով դատախազ Պետրոս Պետրոսյանին մեղադրում էին նրանում, որ նա չի ցանկանում փաստել՝ մեղավորներ եղել են։ «Միայն մի վայրկյան քաշեիք այդ հոտը։ Եկել եմ կանգնել շտապօգնության կողքին, սրսկել են ինձ, համբերել եմ, որ երեխուս դիակը բերեն Մարտունուց, ու դուք ասում եք, որ մեղավորներ չկա՞ն»,-հարց էր տալիս մայրերից մեկը։ «Մեր համար էլ է դժվար եղել»,-պատասխանում էր Պետրոս Պետրոսյանը։

Ապա Արսեն Ղուկասյանը, որը պատերազմում կորցրել է ընտանիքի անդամներից մեկին, մյուսն էլ անհետ կորած է, Պետրոսյանին ասաց․ «Աբովյանի դիահերձարանում ծնողներին տնօրենն իր բերանով է ասել՝ տեղ չեմ ունեցել։ Իրեն դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանն ասել է՝ ոչինչ, մի քանի օրով դիր, մինչեւ սառնարանը կսարքեն, որ տեղավորես։ Մենք ենք չափել ջերմաստիճանը, 16 աստիճան է եղել։ Աբովյանի դեպքը միակը չէր, որ տղաների մարմիններին մեղմ ասած վատ են վերաբերվել։ Նույնը եղել է Կապանի մորգում՝ երրորդ հարկում շարել են մարմինները, պատուհանները բաց, հոտը տարածվել էր ողջ Կապանով։ Մհեր Բիշարյանին զանգել եմ, ասել, հաջորդ օրը կարգավորվել է։ Ծնողը գնացել է Աբովյանի դիահերձարան, որ ճանաչի։ Բացել են, ամբողջը՝ որդ։ Զանգել է ինձ հուզված, ասել, որ երեխեքին որդի փայ են սարքել։ Զանգել եմ նույն Բիշարյանին։ Կտոր-Կտոր հավաքել էինք երեխեքին, որ որդի փայ դարձնեի՞ն։ Ասացի՝ մի բան արա։ Բացատրեց, որ նեխումից ձվադրում է լինում, ինչքան էլ մաքրեք, ձուն նորից որդ է դառնում։ Պահանջեցի, որ ծնողի վիճակն էլ հասկանան, գոնե լվանան, մաքրեն, սանիտարներ պահեն, որ ծնողն այդ տեսարանին չարժանանա։ Որդն այնքան էր, որ պարկից դուրս էր լցվել»։

Պետրոս Պետրոսյանն արձագանքեց․ «Ցավ է բոլորիս համար, դժվար է լսել։ Իմ ասածը միայն իրավական տեսանկյունից է։ Ձեր պատմածի համար յուրաքանչյուրս պատրաստ է պատասխանատվություն կրել։ Չեմ կարծում, որ որեւէ հայի նպատակը կարող էր լինել դիերը նման վերաբերմունքի արժանացնելը։ Սխալ է եղել։ Անգործությունը եւս սահմանված է  լիազորություններով»։

Ծնողները պնդեցին, որ հերոսների մասունքների պահման պայմանները մտադրված են այդպիսին եղել․ «Այս երկու տարում այնքա՜ն ստորություն ու տականքություն ենք տեսել»։

Պետրոս Պետրոսյանը քիչ անց լրագրողների հետ զրույցում նշեց, որ որեւէ նորմատիվ-իրավական ակտով սահմանված չէ դիերի, մասունքների տեղափոխման, պահպանման կարգը․ «Ցավալի փաստ է, բայց իրականություն։ Դրա բացակայության պայմաններում անձին պատասխանատվության ենթարկե՞լ»։

Արցախում բնակված եւ Ադրբեջանի կողմից օկուպացված բնակավայրը լքած տիկին Նաիրան լրագրողների հետ զրույցում ասաց, որ որդուն՝ Ժիրայր Մարգարյանին, գտել էին Աբովյանի դիահերձարանի նկուղում․ «Անարգել էին որդուս։ Այնքան ուժգին է ցավը, որ կարծես արդեն հուղարկավորած երեխայիս նորից եմ հուղարկավորում։ Երեք ամիս սպասել եմ ԴՆԹ կրկնակի հետազոտության արդյունքներին, որից հետո միայն պարզվեց, որ իմ երեխան է։ Ուրբաթ ասել էի, որ երկուշաբթի գալու եմ երեխայիս մասունքների հետեւից։ Աշխատանքային օրեր չէին։ Երկուշաբթի ժամերով սպասել եմ, բայց անգամ չէին բերել Հերացի՝ դիահերձարան։ Անընդհատ երազիս տեսնում էի, որ որդիս հանգստանալ է ուզում։ Ուզում էի հուղարկավորել, որ հանգստություն գտներ․․․Երեխայիս մասունքների (ոչ թե դիակ, այլ մասունք, իրենք սովորեցրին այդ մասունք բառը), այդ կմախքացած ոսկորների առաջ երդվել եմ, որ մեղավորները պատասխան են տալու՝ բոլորը։ Վաղը կլրանար երկու տարին, որ տղաս գալու էր բանակից, բայց ես այսօր դատարանի առաջ եմ։ Ես պետք է ուրախությամբ դիմավորեի մինուճար որդուս։ Ինձ պետք չեն ներողությունները։ Եթե մեր իշխանությունն ի վիճակի չէր պատերազմի դիմակայելու, ինչի՞ տարավ իրենց ասած «հանուն ոչնչի» մեր երեխաներին զոհելու»։

Հավելենք, որ այս դեպքի առիթով ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն ավելի վաղ գրել էր․ «Մա՛մ, անկողինս սարքի, քնեմ, հոգնել եմ ու մրսում եմ…Երազից հետո մայրը որդու մասունքները գտել է Աբովյանի դիահերձարանում՝ գետնին՝ տոպրակի մեջ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031