Հանդիպում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ STARMUS փառատոնի վերաբերյալ
Հուլիսի 11-ին արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ կայացավ հանդիպում, որի ընթացքում ներկայացվեցին այս տարվա սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք միջազգային STARMUS VI փառատոնի ծրագիրն ու նախատեսված միջոցառումները։
Ողջունելով ներկաներին՝ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդգծեց Երևանում կայանալիք STARMUS միջազգային փառատոնի կարևորությունը՝ որպես տարածաշրջանում անցկացվող առաջին միջազգային գիտական փառատոն, որը հյուրընկալելու է շուրջ 100000 այցելուի։
STARMUS փառատոնի հիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանն իր հերթին նշեց, որ միջոցառմանը մասնակցելու են շուրջ հինգ տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, ինժեներներ և տիեզերագնացներ, երաժշտության և արվեստի համաշխարհային աստղեր։
Կարդացեք նաև
Հանդիպմանը ներկա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները հնարավորություն ունեցան փառատոնի վերաբերյալ իրենց հարցերն ուղղել կազմակերպիչներին։
Տեղեկանք. STARMUS-ը միջազգային փառատոն է, որը կապված է Սթիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ։ STARMUS I փառատոնը առաջին անգամ տեղի է ունեցել 2011 թվականին Կանարյան կղզիներում (Իսպանիա), այնուհետև Նորվեգիայում և Շվեյցարիայում։ Փառատոնը միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները և նպատակ ունի մարդկության համար հանրայնացնել գիտությունը արվեստի միջոցով։
ՀՀ ԱԳՆ