44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մասունքները և դիերը Աբովյանի դիահերձարանի նկուղում պահվելու մասին հասարակությանը հայտնի դարձավ 2021 թվականի մայիսի 31-ին, երբ հարազատները «Լույսի ճրագ» սոցցանցային էջով հրապարակեցին սահմռկեցուցիչ տեսարանը պատկերող կադրերը․ մարմինները պոլիէթիլենային տոպրակներով էին՝ գետնին նետված։ ՀՀ առողջապահության նախարարությունն այս առիթով հայտարարել էր, որ մասունքներն անցել են համապատասխան նույնականացում․ նախարար Անահիտ Ավանեսյանը ներողություն էր խնդրել։
Նախաքննությամբ, սակայն, հայտնի էր դարձել ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում զոհված զինծառայողների մարմինների մասունքները և դիերը ոչ պատշաճ պահելու դեպքի առթիվ քրեական գործով հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին։ Վարույթն իրականացնող մարմնի այս որոշման դեմ բողոք էր ներկայացրել փաստաբան Գարիկ Գալիկյանը, որը մերժել էր Կոտայքի մարզի դատախազը։ Դատախազի եւ քննիչի որոշումների դեմ Գալիկյանի բողոքն այսօր քննվեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։
Գարիկ Գալիկյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ զինվորների դիերն ու մասունքները ոչ պատշաճ կարգով եւ ոչ պատշաճ վայրում պահելու հանգամանքը հիմնավորվել է փաստական հանգամանքներով, մինչդեռ քննիչի՝ վարույթը կարճելու մասին բացատրության մեջ նկարագրվածը հակասում է այդ փաստական հանգամանքներին։ Իսկ թե ինչ է նկարագրել քննիչը, Գալիկյանն ընթերցեց․ «Մասունքներն արդեն իսկ գտնվել են կազմափոխված, կմախքացած, մումիֆիկացված վիճակում։ Թեեւ աշխատակիցների կողմից պահպանության պայմանները սահմանող օրենք առկա չէ, սակայն Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից տեղափոխումը պոլիեթիլենային դիապարկերով իրականացվել է դեպի նկուղային հարկ, որովհետեւ իրավիճակը ֆորսմաժորային էր, եւ հնարավոր չէր դրանք թողնել դրսի՝ 30-40 աստիճան ջերմաստիճանի պայմաններում․․․Դատաբժշկական փորձագետները, չունենալով զինծառայողների դիերի եւ մասունքների պահպանման օրենքով սահմանված պարտականություն, կազմակերպել եւ իրականացրել են ոչ միայն փորձաքննություն, այլեւ հոգ են տարել պահման, նմուշառման համար։ Նրանց գործողությունները հետապնդել են բացառապես անձը մասունքների հավաստելու եւ հարազատներին վերադարձնելու նպատակ»։
Գարիկ Գալիկյանը հայտարարեց, որ քննիչը սխալ որոշում է կայացրել․ «Այս գործով վկա՝ ՀՀ ԱՆ ներկայացուցիչ Մհեր Բիշարյանը ցուցմունքում հայտնել է, որ թեեւ Մարտունի քաղաքում եղել են ազատ սառնարաններ, սակայն հեռավորության տեսանկյունից ծնողների ճանաչման նպատակով հարմար չի եղել մասունքները տեղափոխել Մարտունի, հետո նորից հետ բերել։ Իսկ Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի նկուղային պայմանները չէին կարող բացասական ազդեցություն ունենալ մասունքների եւ դիերի վրա, որոնք բերված օրվանից արդեն իսկ գտնվել են խիստ նեխման փուլում։ Հետեւաբար, դիերի եւ մասունքների՝ Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժին տեղափոխելը կրել է ոչ թե ֆորսմաժորային բնույթ, այլ պարզապես ավելի հեշտ տարբերակ է եղել, որի արդյունքում հնարավոր է եղել խնայել մարդկային եւ ֆինանսական ռեսուրսներ։ Ըստ Մհեր Բիշարյանի՝ ավելի նպատակահարմար էր դիերն ու մասունքները պահել առանց որեւէ հարմարություն ունեցող նկուղային հարկում՝ մեկը մյուսի վրա դրված, քան տեղափոխել մի քանի կմ հեռավորության վրա գտնվող Մարտունի քաղաք։ Ընդ որում, այդ ամենը քողարկվել է «ծնողների հարմարավետությունն ապահովելու» ներքո։ Սա այն դեպքում, երբ ամեն ծնող իր որդու դիակի պահման համար ակնկալում է պատշաճ պայմանների ապահովում, ոչ թե սեփական հարմարության համար ոչ պատշաճ պայմաններում նկուղային հարկում պահում»։
Կարդացեք նաև
Ուշագրավ է, որ, ինչպես Գարիկ Գալիկյանը մեջբերեց, նկուղում պահված 30 դիերից եւ մասունքներից նույնականացվել են միայն 20-ը, եւ սա Մհեր Բիշարյանն է հայտնել իր նախաքննական ցուցմունքում։ Գարիկ Գալեյանը շեշտեց․ «Հարց է առաջանում՝ ավելի հեշտ չէր լինի՞ կազմակերպել տասը մասունքի տեղափոխումը, քան թե ոչ պատշաճ պայմաններում պահել 20 այդ թվում նույնականացված դիեր։ Ընդ որում, ԶԼՄ-ներում այս դեպքի հնչեղություն ստանալուց հետո դիերը տեղափոխվել են Մարտունի քաղաք, ինչը եւս վկայում է այն մասին, որ տեղափոխման պատճառը չի եղել ֆորսմաժորային իրավիճակը։ Ստացվում է, որ ԶԼՄ-ներում հնչեղություն ստանալու արդյունքում Երեւանի եւ Մարտունիի միջեւ տարածությունը «կրճատվել» է։ Քննիչը բավարարվել է միայն ցուցմունքներով, չի իրականացվել փորձաքննություն՝ պարզելու համար, թե նկուղում մի քանի օր մնալու հետեւանքով ի՞նչ ազդեցություն են կրել դիերն ու մասունքները։ Այս գործով իրականացվել է ոչ լրիվ, ոչ օբյեկտիվ եւ ոչ բազմակողմանի քննություն։ Անհրաժեշտ է իրականացնել պատշաճ նախաքննություն։ Դատախազն էլ կրկնել է այն, ինչ գրել է քննիչը, թե չի հիմնավորվել ԱՆ դատաբժշկական գիտագործական կենտրոնի որեւէ անձի կողմից դիտավորությամբ պաշտոնեական դիրքն օգտագործելու հանգամանք»։
Գարիկ Գալիկյանը նաեւ ընդգծեց՝ որոշ ծնողներ իրենց որդիների դիերը գտել են հենց նշյալ նկուղում, սակայն նախաքննական մարմինը հարկ չի համարել նրանց տուժող ճանաչել․ «Մեր նպատակն այն չէ, որ ԱՆ դատաբժշկական գիտագործական կենտրոնի կամ որեւէ դիահերձարանի աշխատակից ենթարկվի պատասխանատվության։ Մեր նպատակն է, որ իրականացվի նախաքննություն, պարզվեն մեղավորները։ Առողջապահության նախարարը հայտարարել էր, որ իր անփութությունն է եղել, ներողություն էր խնդրել հասարակությունից եւ ծնողներից։ Սա արդեն իսկ փաստում է հանգամանքը։ Իսկ քննչական կոմիտեի հայտարարության համաձայն՝ աշխատակիցները, իմանալով, որ իրենց պայմանները չեն համապատասխանում դիերի եւ մասունքների պահման պայմաններին, ընդունել են դրանք եւ պահել։ Բացի այդ, տարածքի ջերմաչափում չի արվել»։
Դատարանը որոշեց նիստը հետաձգել մինչեւ օգոստոսի 3-ը՝ լրացուցիչ ուսումնասիրելու համար քրեական գործով առկա նյութերը։ Այդ օրը դատարանը կհայտարարի խորհրդակցական սենյակ հեռանալու մասին։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ