Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Մելիքյան. «Ես ունեմ բավականաչափ հիմքեր՝ մտածելու, որ մեր երեխաների մարմինները օր առաջ հավաքելու եւ ծնողներին վերադարձնելու ձգձգումները արվել են միտումնավոր, որպեսզի այսօր ազատ խոսեն թուրքի հետ խաղաղության դարաշրջանի մասին»

Հուլիս 12,2022 18:10

44-օրյա պատերազմում Ցոր զորամասի զոհված զինվորների իրավահաջորդներ Նաիրա Մելիքյանը, Եղիշե Զաքունցը եւ նրանց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը «Հայելի» ակումբում հայտարարեցին, որ այս պահի դրությամբ ունեն երեք դատական վարույթ: Նաիրա Մելիքյանը տեղեկացրեց. «Մեկը ՑՈՐ-ի ծնողների ընդհանուր՝ հաղորդումն է հանցագործության մասին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարության հետքերով, որ հնարավոր էր ունենալ նույն իրավիճակը, բայց առանց զոհերի, փաստորեն, մասսայական սպանդի կազմակերպման հիմքով: Այնուհետեւ, ՑՈՐ-ի քրեական գործն է՝ 19 հրետանավորների՝ դավաճանությամբ, միտումնավոր սպանությունը: Եվ վերջապես, իմ անձնական գործը՝ խարդախության մասով»:

Լիպարիտ Սիմոնյանը սկսեց ՑՈՐ-ի զորամասի զինվորների զոհվելու փաստից: «Գործի մի մասը ուղարկվել է դատարան եւ գտնվում է դատաքննության նախապատրաստական փուլում: Հերթական դատական նիստը նշանակված է օգոստոսի 9-ին: Սակայն գործից անջատված մաս կա, որը վերաբերում է բանակի ղեկավարության կողմից թույլ տրված ռազմական հանցագործություններին»,- ասաց նա եւ հույս հայտնեց, որ մոտակա ժամանակներին նրանց վերաբերյալ նույնպես  մեղադրանքներ կառաջադրվեն եւ գործը կուղարկվի դատարան:

Փաստաբանը նշեց, որ առանձին դեպքերով վարվող նախաքննության ընթացքը վստահություն չի ներշնչում եւ պահանջեց, որպեսզի յուրաքանչյուրի դեպքով կատարվի բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն եւ պարզվի տղաների՝ ոչ պատերազմական իրավիճակում, ոչ թե հակառակորդի կողմից իրենց հրազենային վնասվածք պատճառելու, այլ մեր կողմից կատարվածի հետեւանքով զոհվելու դրվագներով: «Այս իմաստով պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն, որը պետք է կատարվի: Մենք այդ մասով դիմել ենք նախաքննական մարմին, որը պատասխանել է երկու տողով, որ այդ ուղղությամբ քննություն է կատարվում: Բայց այս պահի դրությամբ որեւէ արդյունք չունենք: Քանի որ ամբողջական քննություն է կատարվում պետական բանակի հրամանատարական կազմի վերաբերյալ, սպասում ենք, թե դրա վերջնական արդյունքը ինչ կլինի»,- ասաց փաստաբանը:

Բանախոսները հատուկ ընդգծեցին, որ իրենք հիմնավոր կասկածներ ունեն, որ անգամ թշնամու կողմից խոշտանգված մեր զինվորների մասունքներն իրենց հարազատներին հանձնելու մասով են ինչ-ինչ բաներ թաքցվում:

Ծնողների առաջարկությամբ որոշվել է զինվորների մարմինների խոշտանգման մասով անհատական դիմումներ ներկայացնել ՄԻԵԴ՝ ընդդեմ Ադրբեջանի: Ու նաեւ Հայաստանի Հանրապետության:

«Ես ունեմ բավականաչափ հիմքեր՝ մտածելու, որ մեր երեխաների անգամ մարմինները օր առաջ հավաքելու եւ ծնողներին վերադարձնելու ձգձգումները արվել են միտումնավոր, հետքերը թաքցնելու, ժամանակ շահելու, զոհերի թիվը թաքցնելու, քաղաքական, անձնական նկատառումներով տարբեր շահերից ելնելու, ինչ-որ իմաստով ծնողներին պատանդ պահելու եւ ամենագլխավորը՝ հանցագործության հետքերը ծածկելու նկատառումներով: Որպեսզի այսօր ազատ խոսեն թուրքի հետ խաղաղության դարաշրջանի մասին, որպեսզի չբացահայտվի, թե թուրքերը ինչպիսի այլանդակ մոլուցքով են խոշտանգումներն իրականացրել»,- ասաց նահատակված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, որը իր զավակից ստացել է ընդամենը մեկ մասունք:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031