Լրահոս
Օրվա լրահոսը

Առցանց հարթակների օգտագործմամբ ապրանքներ վաճառողներից խարդախությամբ հափշտակություն կատարելու դեպքերն ավելացել են. դատախազությունը զգուշացնում է

Հուլիս 12,2022 17:31

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված՝ 2022թ. ընթացքում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի վերաբերյալ ստացված հաղորդագրությունների, քրեական վարույթների ուսումնասիրությունը վկայում է, որ կտրուկ աճել են համացանցային առքուվաճառքի հարթակներում օրինակ` «List.am» ապրանքների վաճառքի հայտարարություններն օգտագործելով խարդախությամբ կատարված հափշտակության դեպքերը:

Այս բնույթի հանցագործությունները կատարվում են հիմնականում երկու սցենարով:

Մի դեպքում ապրանքների վաճառքի վերաբերյալ հայտարարությունը առուվաճառքի նման հարթակներում տեղադրվելուց հետո արտերկրյա կամ տեղական հեռախոսահամարների տակ գրանցված «WhatsApp» հավելվածի միջոցով անհայտ անձինք կապ են հաստատում հայտարարություն տվողի հետ և խնդրում տրամադրել նրանց բանկային քարտի տվյալները` ապրանքը գնելու և գումարը բանկային քարտին փոխանցելու համար: Վերջիններս «գնորդին» տրամադրում են իրենց բանկային քարտի տվյալները, այդ թվում՝ կոդերը, որից հետո հանցագործների կողմից խաբեությամբ նրանց բանկային քարտից կանխիկացնում են եղած գումարները:

Մյուս դեպքում հանցագործները առցանց վաճառքի հանված ապրանքը գնելու պատրվակով նույն միջոցներով կապ են հաստատում հայտարարություն տվողների հետ, ցանկություն հայտնում գնել ապրանքը: Սակայն, պատճառաբանելով, թե իբր այլ բնակավայրում են բնակվում, նրանք առաջարկում են «Հայ Փոստի» միջոցով կնքել էլեկտրոնային պայմանագիր, ըստ որի՝ վերջինս կատարում է որոշակի գումարի վճարում, իսկ դրա դիմաց առաքիչն ապրանքը տեղափոխում է տվյալ բնակավայր: Ապա հանցավորներն ուղարկում են այսպես կոչված «Հայ Փոստի» ծուղակային հղում, որտեղ անձինք գրանցվում են՝ գրանցելով նաև բանկային տվյալները և կոդերը, ինչից անմիջապես հետո պարզում են, որ հղումը կեղծ է և իրենց վստահությունը չարաշահել են: Իսկ հանցավորը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, կեղծ հղումով ստացված բանկային տվյալները ներբեռնելով, կարողանում են բանկոմատային քարտում եղած գումարը այլ խաղային կամ անձնական հաշիվների փոխանցելով հափշտակում են դրանք:

Ուսումնասիրությունը փաստում է, որ հանցավորները գործում են նախօրոք մտածված սցենարով ու սխեմայով՝ շատ դեպքերում գործի դնելով «հոգեբանական թակարդներ» և առաջացնելով շահագրգռվածություն, որ «զոհը» րոպե շուտ նրանց տրամադրի բանկոմատային քարտի պահպանվող տվյալները: Այդ նպատակով, օրինակ, «գնորդն» առաջարկում է արագ վճարել ապրանքի դիմաց՝ չսակարկելով գինը, ինչը գայթակղում է վաճառողին՝ չմերժելու առաջարկը և տրամադրելու բանկային քարտի տվյալները:

Ընդ որում, հանցավորներն օգտագործում են բազմաթիվ անձանց տվյալներ, այսինքն՝ հանցավոր արարքն ընդգրկում է մեկից ավելի դրվագներ:

2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում գրանցվել են նշված եղանակով կատարված հանցագործության 145 դեպք, որոնցից միայն 11 դեպքով հանցավոր արարքներն ավարտին չեն հասցվել՝ տրամադրված բանկային քարտի հաշվին գումար չլինելու պատճառով:

Հարուցվել է 82 քրեական գործ, որոնցից բացահայտվել է ընդամենը 2-ը:

Նշված հանցագործության դեպքերով պատճառված ընդհանուր վնասը կազմվել է 18.147.818 ՀՀ դրամ:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նշված եղանակով հափշտակությունների աճը պայմանավորված է հիմնականում տուժողների իրազեկված չլինելու, բանկոմատային դրամաշրջանառության համակարգերին, քարտերի կիրառման կանոններին բավարար չափով չտիրապետելու հանգամանքներով: Նպաստող գործոն է նաև հանցավորների վստահությունն առ այն, որ չվերահսկվող հաղորդակցման կապի միջոցներից օգտվելով, հափշտակված գումարները մի քանի հաշիվներ փոխանցելով, իրենց կատարած հափշտակությունները չեն բացահայտվի:

Ելնելով վերոգրյալից և հանցագործության այս սխեմայի կիրառման տարածվածությունից՝ ՀՀ դատախազությունը քաղաքացիներին հորդորում է.

• Ոչ մի դեպքում այլ անձանց չտրամադրել իրենց բանկոմատային քարտերի պահպանվող վավերապայմանները՝ դրանց վրա առկա թվերը, հատկապես PIN կոդը, նման դեպքում էլեկտրոնային վճարահաշվարկային համակարգերի պաշտպանվածությունն օբյեկտիվորեն կարող է անզոր լինել արգելելու հանցավորների հասանելիությունը քարտային դրամական միջոցներին:

• Վստահություն ներշնչող կապի ոլորտի կամ որևէ այլ կազմակերպության անվան ներքո առուվաճառքի էլեկտրոնային պայմանագրեր առաջարկվելու դեպքում տվյալ կազմակերպություններից նախապես հավաստիանալ նման էլեկտրոնային պայմանագրեր կնքելու ծառայության հնարավորություն ստեղծված լինելու առկայության մասին, այսինքն` լրացուցիչ ճշգրտող միջոցներ ձեռնարկել առաջարկվող համացանցային հղումների իսկությունը և վստահելիությունը պարզելու ուղղությամբ:

• Քայլեր ձեռնարկել ապրանքի գնման առաջարկ անողների հետ հաղորդակցությունը շարունակելու վերահսկվող, անձի նույնականացման հնարավորություն տվող կապի միջոցներով և զգուշանալ դրանից խուսափողների հետ առցանց գործարքներ իրականացնելուց:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031