Jam news. Ավտոբուսում էի, երբ իմացա, որ սկսվել է ռուս-ուկրաինական պատերազմը։ Դա իսկական շոկ էր։ Միանգամից սկսեցի պատկերացնել այն շփոթված դեմքերը ուկրաինացիների, որոնք արթնացել են պայթյունի ձայներից, կամ նրանց, որոնք իջել են մետրո, որը շատ արագ ապաստարան է դարձել, կամ այն մարդկանց, որոնք շտապում են՝ առաջին անհրաժեշտության մթերք գնելու։
Միանգամից պատկերացրի Ուկրաինայում ու ռուս զինծառայողների ընտանիքներում տիրող անհանգստությունը, վախը, անորոշությունը։
Պատերազմը զգացել եմ սեփական մաշկիս վրա։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին Ստեփանակերտում էի՝ Արցախի մայրաքաղաքում:
Կարդալով այն մասին, որ Կիևում պայթյունի ձայներ են լսվել, ես միանգամից հիշեցի իմ ստեփանակերտցի ընկերուհի Մարգարիտայի երեխաներին: Պատերազմից հետո նրանք շուրջ կես տարի ամեն կիրակի արթնանում ու վազում էին իրենց ծնողների ննջասենյակ, որովհետև սպասում էին, որ անպայման պայթյունի ձայն պիտի լսվի: 2020 թվականի սեպտեմբերի 27-ը, երբ սկսվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը նույնպես կիրակի էր:
Կարդացեք նաև
Ու ես հասկանում եմ, որ այդպիսի երեխաները շատ են. առաջնագծի երկու կողմերում էլ, ու կարևոր չէ՝ հայ-ադրբեջանական, ռուս-ուկրաինական, թե մեկ այլ:
Պատերազմները մեծ ողբերգություններ են, որոնք կազմված են հարյուր հազարավոր հասարակ մարդկանց կյանքերից ու ճակատագրերից։
Անի ՄԻՆԱՍՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: