Լրահոս
Ոչ ոք չգիտեր…
Օրվա լրահոսը

«Հաշվի առնելով, որ Հատիսի գագաթին արդեն իսկ իրականացվել են աշխատանքներ, անհրաժեշտ ենք համարում, որ հետազոտությունների արդյունքները հրապարակվեն՝ հասանելի դառնալով անկախ փորձաքննության համար»

Հուլիս 12,2022 16:40

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի հայտարարությունը՝ Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման վերաբերյալ

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության մեկնարկի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ:

Հայտարարության մեջ նշված է.

«1. Հատիս հրաբուխը, որի բարձրությունը ծովի մակարդակից 2529մ է,  Հայաստանի տարածքի չորրորդական  հասակի 14 ռիոլիտային գմբեթաձև հրաբուխներից մեկն է։ Հրաբխային ակտիվության առաջին փուլում ժայթքել է ռիոլիտային կազմի պիրոկլաստիկ նյութ, որին հետևել են օբսիդիանների և դացիտային լավային հոսքեր։ Լավաների վերջին մածուցիկ զանգվածները խցանել են հրաբխի խառնարանը և առաջացրել գմբեթաձև կառույց կամ հրաբխային նեկկ։ Տարբեր աշխատություններում առկա են Հատիսի հրաբխային գործունեության հասակագրումներ, որոնք 0,38-0,66 մլն տարի միջակայքում են և համապատասխանում են միջին պլեյստոցենին։ Միջին պլեյստոցենի վերջում, ուշ պլեյստոցենի սկզբում Հատիսի լանջերին առաջացել են ավելի փոքր հրաբուխներ և ճեղքեր, որոնցից արտավիժել են բազալտային անդեզիտային կազմի լավային հոսքեր։ Հատիս հրաբխի լանջերին առկա են հրաբխային ապակու (օբսիդիանի կամ վամակատի) բազմաթիվ ելքեր և լավային հոսքեր։

ՀՀ տարածքում առկա են շուրջ 550 չորրորդական հասակի հրաբուխներ, որոնցից 14-ը ռիոլիտային կազմի գմբեթաձև հրաբուխներ են և որոնց կառուցվածքում առկա  են օբսիդիանից կազմված լավային հոսքեր։ Կից նկարներում ներկայացված են Հատիս հրաբուխը՝ նկարված հարավից, օբսիդիանների մերկացումները լեռան լանջերին և ՀՀ ԳԱԱ Հրաբխագիտության լաբորատորիայի կողմից կազմված Հատիս ու Գութանսար հրաբուխների երկրաբանական քարտեզը (պայմանական նշանները բերված չեն)։

2.Բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին ՀՀ Կառավարության 2008 թվականի 14 օգոստոսի N 967-Ն որոշմամբ Հատիս լեռը ճանաչվել է երկրաբանական հուշարձան «Հատիս հրաբուխ» անվանումով, որի տարածքում շինարարական և հողային աշխատանքներն օրենքով արգելված են։ ՀՀ օրենսդրությամբ ցանկացած  շինարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ են թույտվություն, մանրակրկիտ ինժեներաերկրաբանական հետազոտություններ, սեյսմիկ միկրոշրջանացում, խոշոր և կարևոր կառույցների դեպքում՝ նաև հատուկ սեյսմիկ վտանգի գնահատում։

Հաշվի առնելով, որ սույն թվականի հուլիսի 9-ին տրվել է շինարարական աշխատանքների հանդիսավոր մեկնարկը և մամուլի կողմից տարածված լուսանկարներում և տեսանյութերում բնական հուշարձան հանդիսացող Հատիս լեռան գագաթին արդեն իսկ իրականացվել են հողային աշխատանքներ և ճանապարհաշինարարություն, ինչպես նաև հարցի հասարակական լայն հնչեղությունը, անհրաժեշտ ենք համարում, որ վերոնշյալ հետազոտությունների արդյունքները և շինարարության թույլտվությունը հրապարակվեն և դառնան հասանելի անկախ փորձաքննության համար»։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031