Հաշվի առնելով վերջին շրջանում զինհաշմանդամության խմբի վերանայման վերաբերյալ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ) շահառուների անհանգստությունը և մտահոգությունը՝ ցանկանում ենք պարզաբանել, որ հաշմանդամության սահմանման գործընթացում հիմնադրամը որևէ ներգրավվածություն չունի՝ ըստ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի։
ԶԱՀ-ը հատուցում է տրամադրում մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամներին, ինչպես նաև 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին։ Հատուցումները տրամադրվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի (ԲՍՓՀ) որոշման արդյունքում շահառուի հաշմանդամության խմբի տրամադրման կամ վերանայման վերաբերյալ տեղեկանքի հիման վրա։
Զինհաշմանդամության խմբի վերանայման դեպքում, օրինակ՝ 2-րդ խմբից 3-րդ խմբի վերանայում, շահառուն դադարում է հատուցում ստանալ օրենքի համաձայն։ Ընդ որում, եթե անձը համաձայն չէ ԲՍՓՀ կայացրած որոշման հետ, ըստ գործող օրենսդրության, կարող է բողոքարկել այն՝ վարչական կամ դատական կարգով։
Միևնույն ժամանակ, զինհաշմանդամություն ունեցող անձը ցանկացած պահի, եթե համարում է, որ իր առողջական վիճակը վատթարացել է, կարող է դիմել (ԲՍՓՀ) կրկին բժշկասոցիալական փորձաքննություն անցնելու նպատակով (հաշմանդամության խմբի վերանայման նպատակով)։
Կարդացեք նաև
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը, հաշվի առնելով շահառուների շրջանում առկա մտահոգությունները, կհամագործակցի բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ հասարակության և մասնավորապես շահառուների շրջանում թեմայի շուրջ տեղեկացվածության բարձրացման ուղղությամբ։
Հավելյալ տեղեկությունների համար․
Հաշմանդամության խմբերի վերաբերյալ հարց ու պատասխան՝ www.mlsa.am/?page_id=1317
ՀՀ Կառավարության N 276-Ն որոշում՝ www.arlis.am/documentview.aspx?docid=98229
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» (ԶԱՀ) շահույթ չհետապնդող` պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի հիմնադիրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է։ Այն ստեղծվել է 2017թ․ ապրիլյան քառօրյայից հետո հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ խմբի մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:
ԶԱՀ-ի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրաբերություններից, որոնք ստանում ենք աշխարհասփյուռ հայությունից։
Մեր սկզբունքներից է թափանցիկությունը, որը ապահովում ենք կայքում հրապարակելով Հիմնադրամին կատարված բոլոր նվիրաբերությունները և պարտադիր վճարները, ինչպես նաև կատարված բոլոր հատուցումները։
Մենք նաև որդեգրել ենք արդարության սկզբունքը․ մենք հատուցումներ ենք տրամադրում հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված, անհայտ բացակայող զինվորների ընտանիքներին, ինչպես նաև հաշմանդամություն 1-ին ու 2-րդ խումբ ձեռք բերած զինվորներին անկախ նրանց սոցիալական հնարավորություններից և դիրքից։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ