Համաշխարհային կինոյի լեգենդ,Կաննի և Բեռլինի փառատոնների գլխավոր մրցանակակիր, օսկարակիր ռեժիսոր և սցենարիստ, համաշխարհային կինոյի կենդանի դասական Կոստա-Գավրասը 19-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն է:
Նա այցելեց Հայաստանի կինոգործիչների միություն, եղավ Սինեմաթեք կինոթանգարանում, ապա Հ. Մալյանի անվան թատրոնում կայացավ կինոհսկայի հետ հանդիպում:
Նա եղավ նաեւ Կինոյի տան հայտնի «Բուխարու սրահում», որի պատերին իրենց ստորագրություններ են թողել համաշխարհային կինոյի եւ այլ ոլորտների մեծեր:
Կարդացեք նաև
«Ուզում ենք, որ դուք էլ թողեք ձեր ստորագրությունը մեր պատերին, որտեղ մեր մեծերի ստորագրություններն են»,-հանդիպման ժամանակ ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը:
Կոստա-Գավրասը ստորագրեց, ապա գրություն թողեց. «Շնորհավորում եմ Ձեր այս գեղեցիկ կինոյի տունը»: Նա նաեւ մեկ գավաթ կոնյակով բարին մաղթեց կինոգործիչներին ու խորհուրդ տվեց հավաքել կինոյի հետ կապված ցանկացած մասունք՝ Սինեմատեքի համար:
«Ձեր ներկայությունը շատ օգնում է մեր կինոփառատոնին»,-ասաց Հարություն Խաչատրյանը: Նա նշեց, որ պատերազմից հետո խնդիրներ կային, բայց փառատոնը կրկին ոտքի է կանգնել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ