Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե փակվենք քարանձավում, քարանձավից դուրս չգանք, մենք աշխարհից հետ կընկնենք». Սոցապնախարարը՝ 6000 դրամով թոշակը բարձրացնելու ու իրենց թանկ գործուղումների մասին

Հուլիս 12,2022 16:23

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վերահաստատեց, որ 2023-ին նախատեսում են բարձրացնել կենսաթոշակներն ու նպաստները, ինչպես նաեւ նվազագույն աշխատավարձը. «Մենք ունենալու ենք բարձրացումներ, նախատեսված է մինչեւ 6000 դրամ կենսաթոշակի բարձրացում՝ երկու փուլով»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ կառավարությունում չե՞ք քննարկում հարցը, թե ինչպե՞ս են պաշտոնյաները պարգեւավճար ստանում, իսկ տարբեր զինծառայողների զրկում են հաշմանդամության կարգից, թոշակառուների թոշակն էլ բարձրացնում ընդամենը 6000 դրամով՝ նախարարը պատասխանեց. «Պատգամավորների պարգեւավճարները համեմատել թոշակառուների թվի հետ, եթե, օրինակ, պատգամավորների եւ պարգեւավճար, եւ աշխատավարձ, եթե պրոյեկտենք 500 հազար մարդու կենսաթոշակի բարձրացմանը, դա չի էլ երեւա»:

Ինչ վերաբերում է զինծառայողի հաշմանդամության կարգին, որի մասին ԶԼՄ-ներին դիմել էր մի ոտքը կորցրած լեյտենանտ՝ Նարեկ Մկրտչյանն ասաց, որ դա ցավոտ խնդիր է. «Պատերազմից հետո մարդկանց տրվել են հաշմանդամության կարգեր, որոշ ժամանակ հետո պետք է անցնեն փորձաքննություն: Ըստ էության, դա քաղաքական որոշման արդյունքում չի տրվում, կա հիվանդությունների դասակարգիչ: Երբ փորձաքննող բժիշկները հաշմանդամության կարգը մեր տղաների 2-րդից դարձնում են 3-րդ, դա ոչ թե քաղաքականության արդյունք է, այլ իր առողջության մեջ տեղի է ունեցել բարելավում: Սա պետք է դիտարկել որպես դրական դինամիկա»:

Նախարարն ասաց, որ եթե փորձաքննության արդյունքները չեն բավարարում, կարող են անցնել վերաքննության, ի վերջո դատական կարգով բողոքարկել որոշումը:

Հարցին՝ այս դեպքում մարդը ոտքը կորցրել է, հաշմանդամության կարգ են տվել, հետո փոխել՝ ասելով, որ չունի ուղեկցող հիվանդություններ, սա ադեկվա՞տ բացատրություն է՝ նախարարը պատասխանեց, որ երբ ամպուտացիա է տեղի ունենում, պետության պարտականությունն է իր կենսական ֆունկցիաները վերականգնելու համար աջակցող միջոցներ տրամադրել: Դա չնչին բան է, որն արել են այն հայրենակիցների համար, որոնք իրենց կյանքը չեն խնայել հայրենիքի համար, բայց օրենսդրական կարգավորումները այդպիսին են: Հետեւաբար պնդել, թե ինչ է, մեկ տարի հետո ոտքս վերականգնվե՞ց, սխալ է, իրականում ամպուտացիայի հետ կապված բազմաթիվ խնդիրներ են լինում ու պետք է ուրախ լինենք, որ առողջապահական առումով որոշակի բարելավում է գրանցվել:

Հարցին՝ գնաճը բարձր է, աղքատության հաղթահարման ի՞նչ պատկեր ունենք՝ նախարարը պատասխանեց. «Գնաճը գլոբալ երեւույթ է ու այդ երեւույթը ամենայն հավանականությամբ շարունակվելու է եւ մինչեւ տարվա վերջ եւ գնաճը շարունակվելու է ենթադրում եմ 2023 թվականից հետո: Նախարարությունը ուղիղ գործիքակազմ չունի գնաճը զսպելու համար: Մենք կարող ենք առաջարկել բարձրացնել թոշակները, նպաստները, որ մարդիկ կարողանան մոտենան սպառողական նվազագույն զամբյուղին, որ իրենք իրենց խնդիրները լուծեն, բայց մենք ոչ թե գնաճի տրամաբանությամբ վազենք, որ հասնենք դրա հետեւից, այլ մեր ֆինանսատնտեսական ցուցանիշները պետք է թույլ տան, որ մենք դրան անդրադառնանք»: Հարցին՝ գնաճի այս պայմաններում, երբ 6000 դրամ բարձրացնում եք թոշակը, ո՞նց կարող է քաղաքացին ապրել այդ գումարով՝ նախարարը հորդորեց դիմել ԿԲ-ին՝ ասելով, որ իրենք են զբաղվում գնաճի զսպմամբ:

Այս աղքատության ֆոնին արդարացված համարո՞ւմ են պարգեւավճարները, գործուղումները Բալիներ, որոնց արդյունքները տեսանելի չեն, նոր մեքենաների ձեռքբերումները՝ Նարեկ Մկրտչյանը պատասխանեց, որ նոր համակարգ են ներդրում՝ անձի ֆունկցիոնալության գնահատման համար, ուստի աղքատությունը կգնահատեն նորովի. «Ինչ վերաբերում է գործուղումներին, եթե մենք փակվենք քարանձավում, քարանձավից դուրս չգանք, մենք աշխարհից հետ կընկնենք ւ կդառնանք ուշացած ազգ»: Հարցին՝ հիմա կես մլն պարգեւավճար պիտի տանք պաշտոնյաներին, որ քարանձավից դո՞ւրս գան՝ նախարարը պատասխանեց, որ այդ հարցը անընդհատ քննարկվում է, իսկ պատգամավորների աշխատանքի գնահատումը պարգեւավճարի դիմաց պետք է տան մարդիկ, որոնք ընտրում են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031