Լրահոս
Օրվա լրահոսը

«Բիզնեսով զբաղվող, անհասկանալի հարստացած մարդիկ չեն կարող ղեկավար պաշտոն զբաղեցնել ոստիկանությունում». Դանիել Իոաննիսյան

Հուլիս 12,2022 15:47

2002-ից ՀՀ-ում Ներքին գործերի նախարարությունը դարձավ կառավարությանն առընթեր մարմին՝ ոստիկանություն: Հիմա ոստիկանությունն ուզում են նորից դարձնել Ներքին գործերի նախարարություն: Այդ թեմայով այսօր կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ասաց, որ ՆԳՆ ստեղծելը կարեւոր բարեփոխում է. «Ստեղծվելիք ՆԳՆ-ն էապես տարբերվելու է սովետական ժամանակներում կամ 90-ականներին գործած ՆԳՆ-ից, որովհետեւ այն ժամանակ, ըստ էության, ոչ թե ՆԳՆ էր այն տրամաբանությամբ, որը հիմա ստեղծվում է, այլ ուղղակի ոստիկանություն էր՝ ոստիկանության հրամանատարով, որը կրում էր նախարարի պաշտոն ու անդամ էր կառավարության»:

Ըստ նրա, ոստիկանությունը եթե արդյունավետ չգործեց, մնացած ամեն ինչի մասին խոսելը իմաստազուրկ է դառնում, իսկ ՀՀ-ում ոստիկանության զգալի մասը, եթե օրինական միջավայրում գործում է, չի կարողանում արդյունավետ բացահայտել հանցագործությունները: Ծեծել-խոշտանգելով տեղեկություն ստանալու ժամանակները անցել են, բայց հիմա չունի համապատասխան կարողություն այլ ճանապարհով այդ տեղեկատվությունը ստանալու: Ոստիկանությունում դեռեւս բավականին տարածված են նեպոտիզմի ավանդույթները, ի վերջո ոստիկանությունը որոշակի առումով ժամանակի ընթացքում ուռճացվել է, իսկ նման կառույցը չի կարող արդյունավետ գործել:

Իոաննիսյանը նշեց, որ օպերգծով տեղակալի պաշտոնը անհասկանալի է, ինչպես նաեւ հերթապահ մասի բաժնի պետի պաշտոնը:

Ինչ վերաբերում է նեպոտիզմին, Իոաննիսյանն առաջարկում է, որ ոստիկանները չծառայեն այն տարածքում, որտեղ բնակվում են. «Չի կարող ոստիկանը արդյունավետ ծառայել ու ինֆորմացիա բերել հանցագործների մասին մի տարածքում, որտեղ ինքը ապրում է ու որտեղ հանցագործը կարող է լինել իր զարմիկը, բարեկամը, հարեւանը կամ որեւէ այլ անձ: Բիզնեսով զբաղվող, անհասկանալի հարստացած մարդիկ չեն կարող ղեկավար պաշտոն զբաղեցնել ոստիկանությունում: Եթե իրենք բիզնեսով են զբաղվում, թող գնան բիզնեսով զբաղվեն, միգուցե դա իրենց մոտ ավելի լավ ստացվի: Ոստիկանությունում պիտի լինեն մարդիկ, ովքեր բարեվարք են, ստանում են աշխատավարձ ու կատարում են իրենց աշխատանքը, ոչ թե մտածում են. թե ոնց իրենց պաշտոնը օգտագործեն իրենց կամ իրենց հարազատների համար: Այդ իմաստով կարեւոր է, որ առնվազն բաժնի պետից սկսած՝ ոստիկանության պաշտոնյաներն անցնեն բարեվարքության ստուգում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում»:

Իոաննիսյանը նաեւ խոսեց կադրային փոփոխությունների մասին: Նրա խոսքով՝ ավանդույթներն այնպիսին են, որ ոչ թե լավ ծառայեն, այլ՝ ունենան կապեր, որոշ դեպքերում՝ կաշառք տան կամ խնամի-ծանոթ-բարեկամ խառնեն, որպեսզի ավելի լավ պաշտոնի գնան. «Սա խնդրահարույց է, սա նշանակում է, որ ցանկացած ծառայող մոտիվացված չէ լավ կրթվելու ու ծառայելու, այլ մոտիվացված է ԽԾԲ կապի մեջ մտնելու, որ ապահովի իր կարիերայի աճը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031