2002-ից ՀՀ-ում Ներքին գործերի նախարարությունը դարձավ կառավարությանն առընթեր մարմին՝ ոստիկանություն: Հիմա ոստիկանությունն ուզում են նորից դարձնել Ներքին գործերի նախարարություն: Այդ թեմայով այսօր կազմակերպված խորհրդարանական լսումներին մասնակցում էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը խոսեց անվտանգային առաջնահերթությունների մասին. «ՀՀ կառավարությունը ԱԺ մեր քաղաքական թիմի հետ լայնածավալ բարեփոխումներ է իրականացնում, մեկը ոստիկանության բարեփոխումներն են, մյուսը՝ ՊՆ-ի եւ ԶՈւ-ի բարեփոխումները ու այս համատեքստում պլանավորում ենք ստեղծել առանձին հետախուզական մարմին: Ոստիկանության բարեփոխումները այդ կոնտեքստում պետք է դիտարկել: Դրա հիմքում դրված է ժողովրդավարական կոնցեպտը, որովհետեւ 2018-ից սկսած մեր կառավարությունը սկսել է անվտանգության ոլորտի ժողովրդավարացման գործընթաց:
Մենք կարեւոր ենք համարում նաեւ ոստիկանության եւ ԱԻՆ-ի գործառույթների՝ մեկ նախարարության մեջ համատեղումը: Անվտանգության խորհրդի նիստերին լինում են թեմաներ, որոնք առնչվում են ԱԻՆ-ին: Անվտանգության խորհրդում ԱԻՆ-ը ներկայացված չէր, բայց այսպիսի բարեփոխումներով նաեւ արդյունավետություն է ստեղծվում, որովհետեւ ՆԳ նախարարը, որպես արտակարգ իրավիճակների ոլորտում նաեւ քաղաքականությունը եւ գործառույթները համակարգող մարմին, հնարավորություն կունենա ԱԽ-ում ներգրաված լինել ու հարցերը լուծել»:
Ըստ Արմեն Գրիգորյանի, ընտրված այս ճանապարհը ՀՀ ժողովրդավարության վրա շատ դրական ազդեցություն է ունենալու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ