Լրահոս
Օրվա լրահոսը

Քովիդ-19 համավարակի ժամանակ «Աբովյան» ՔԿՀ-ում ընդամենը մեկ դրական դեպք է գրանցվել

Հուլիս 12,2022 15:19

««Աբովյան» քրեակատարողական հիմնարկում Քովիդ-19 համավարակի շրջանում գրանցվել է հիվանդացության ընդամենը մեկ դեպք, որը ժամանակին բացահայտվել է, նաեւ բուժումն է պատշաճ կազմակերպվել»,-այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ ասաց «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը։

ՀԿ-ն այս տարի իրականացրել է «Քովիդի ազդեցությունը ազատազրկված եւ պրոբացիայի ծառայությունում հաշվառված կանանց եւ աղջիկների իրավունքների պաշտպանության վրա» հետազոտություն, որի թիրախը կանանց եւ աղջիկների իրավունքներն էին։

Նարե Հովհաննիսյան

Հովհաննիսյանի խոսքով՝ այս հետազոտությամբ պարզվել է, որ ՔԿՀ-ում քովիդի կանխարգելումը պատշաճ է կազմակերպվել։

Նա ասաց, որ անազատության մեջ գտնվող կանանց մեծ մասը սոցիալապես անապահով են, ազատության պայմաններում էլ բժշկական ծառայություններից օգտվելու շատ հնարավորություն չեն ունենում, շատերը համալիր հետազոտության եւ բուժման կարիք են ունենում․ «Արձանագրել ենք, որ որոշ կանայք գինեկոլոգիական ծառայություններից չեն օգտվել ազատության պայմաներում։ Գուցե չեն գիտակցել, գումար չեն ունեցել, բազմաթիվ խնդիրներ են բացահայտվել սքրինինգային հետազոտության ընթացքում։ Համավարակի ժամանակ մի պահ սահմանափակված մարդկանց էր տեղաշարժը եւ, օրինակ՝ ՄԻԱՎ ով ապրող մարդիկ, որոնք պետք է ներկայանային կենտրոն, ստանային դեղերը, դժվարություններ էին ունենում։ Իհարկե, այդ աշխատանքն այլ ձեւով է կազմակերպվել»։

Հովհաննիսյանի խոսքով՝ ՀԿ-ի դիտարկումներով՝ ՔԿՀ-ում այդ խնդիրները շատ չեն եղել, որովհետեւ այդ ծառայությունների հասանելիությունը եղել է համապատասխան կառույցների միջեւ համագործակցությամբ։

Նա նշեց՝ «Աբովյան» ՔԿՀ-ում պահվում են կանայք եւ անչափահասներ եւ նրանց բժշկական կարիքներն ու խնդիրները տարբեր են, նույն բուժանձնակազմը սպասարկում է ե՛ւ կանանց, ե՛ւ անչափահասներին․ «Այս առումով մենք առաջարկում ենք, որպեսզի բուժանձնակազմի համար կազմակերպվեն նեղ մասնագիտական աշխատանքներ, որպեսզի օրինակ՝ նույն հոգեբույժը կարողանա ե՛ւ անչափահասի, ե՛ւ կանանց հետ աշխատի»։

Ինչ վերաբերում է պրոբացիայի ծառայությունում գտնվող կանանց, Հովհաննիսյանն ասաց, որ պրոբացիոն ծառայությունը միջամտելու լծակ չունի, որովհետեւ տվյալ անձինք պատիժը կրում են ազատության մեջ, եւ բոլոր ծառայությունները հասանելի են նրանց այնպես, ինչպես բոլորիին։

«Հիմնական խնդիրն է, որ այդ կանայք սոցիալապես անապահով են եւ անվճարունակ։ Հատկապես եթե պատիժը տուգանքն է, նրանք խնդիրներ են ունեցել միաժամանակ հոգալ սոցիալական կարիքներն ու զուգահեռ տուգանք վճարել, քանի որ այդ պահին պրոբացիոն ծառայությունում գտնվող կանանց աշխատանքը դադարեցված է եղել, եւ որոշակի դժվարություններ են ունեցել օգտվելու առողջապահական համակարգի ծառայություններից, քանի որ նաեւ հիվանդանոցները ծանրաբեռնված էին, մի պահ սպասարկում էին միայն քովիդով հիվանդներին»,-ասաց Նարե Հովհաննիսյանը։

Նաիրա Բաբայան

Քննարկման մյուս բանախոսը՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական օգնության կազմակերպման, սպասարկման եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Բաբայանն էլ հավաստիացրեց՝ ՊՈԱԿ-ը սքրինինգային ծրագիր է իրականացնում Հեպատիտ Ց-ի, ՄԻԱՎ-ի, պապիլոմա վիրուսի, կրծքագեղձի վաղ հայտնաբերման շրջանակներում։

Ինչ վերաբերում է քովիդին, ապա Բաբայանն ասաց, որ անազատության մեջ գտնվող անձանց թեստավորումն ու բուժօգնությունն անվճար է, իսկ տեսակցությունների ժամանակ պարտադիր էր ՊՇՌ թեստը, որի համար վճարում են անազատության մեջ գտնվող անձն ու նրա հարազատը, իսկ պատվաստվածները կարող են առանց թեստավորման տեսակցել։

«ՔԿՀ ում գտնվողները կցագրված են հիմնարկին մոտ գտնվող պոլիկլինիկաներին, որոնց շրջիկ խումբը հենց ՔԿՀ-ում պատվաստում է կատարել։ Իսկ եթե ստացիոնար բուժման կարիք կա, ապա տեղափոխվում են համապատասխան բուժհաստատություններ»։

Բաբայանի խոսքով՝ այս պահին ՔԿՀ-ներում մոտ 2300 ազատազրկված անձ կա, նրանցից 5-ն՝ անչափահաս, 58-ը՝ կանայք։ Այս կանանցից վերջին մեկ տարում երկու հղի է եղել, երկուսն էլ, ըստ Բաբայանի, բարեհաջող ծննդաբերել են․ «Այս պահին քրեակատարողական հիմնարկում մինչեւ երեք տարեկան երեք բալիկ ունենք։ Օրենքը թույլ է տալիս մինչեւ երեք տարեկան երեխան մոր հետ լինի»։

Նարե Հովհաննիսյանը հավելեց, որ քովիդի համավարակի ժամանակ, երբ արգելված էին տեսակցությունները, սա շատ կանանց վրա հոգեբանորեն ծանր է ազդել, եւ թեեւ կար հնարավորություն տեսակապի կամ զանգի միջոցով շփում հարազատների հետ, սակայն դա չի փոխարինում կենդանի շփմանն ու տեսակցությանը։ Բացի այս, նա նաեւ նշեց, որ կանայք, սովորաբար, խուսափում են երկարատեւ տեսակցություններից, չեն ուզում իրենց երեխաներին բերեն քրեակատարողական հիմնարկ,որպեսզի նրանց սթրեսից զերծ են պահեն։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարները՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031