Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանության ապաքաղաքականացման համար պետք է ստեղծել ՆԳՆ». Հովհաննես Քոչարյանը՝ նոր սուպերնախարարություն ստեղծելու ռիսկերի ու օգուտների մասին

Հուլիս 12,2022 14:40

2002-ից ՀՀ-ում Ներքին գործերի նախարարությունը դարձավ կառավարությանն առընթեր մարմին՝ ոստիկանություն: Հիմա ոստիկանությունն ուզում են նորից դարձնել Ներքին գործերի նախարարություն: Այդ թեմայով այսօր կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն ասաց, որ եվրոպական ու հետխորհրդային տարածքների համար համադրելի ավելի քան 30 երկրների փորձը հաշվի առնելով՝ որեւէ օրինակ չեն գտել, որտեղ ոստիկանությունը ենթակա չլինի որեւէ նախարարության. «Մեր երկրում 44-օրյա պատերազմից ու դրան հաջորդած անվտանգային միջավայրը թելադրելու է սկզբունքներ ՆԳՆ-ի ձեւավորման համար»:

NA Standing Committee on Defense and Security Issues initiated parliamentary hearings on the topic of ‘Creation of the Ministry of Internal Affairs, the importance of civil control’ at the RA National Assembly

Թե հանրային ինչ օգուտներ են սպասվում դրա արդյունքում՝ Քրիստինե Գրիգորյանը թվարկեց՝ ոլորտի քաղաքականության հաջողությունների ու ձախողումների համար քաղաքական պատասխանատվություն կլինի: Նախարարը մի կողմից ոստիկանությանը կպաշտպանի քաղաքական ճնշումներից, մյուս կողմից կվերահսկի ու քաղաքական պատասխանատվություն կկրի ոստիկանության աշխատանքի որակի, ներքին անվտանգության համար: Նախարարը պետք է ոլորտային քաղաքականություն մշակի, ներկայացնի բյուջետային հայտը ու հաշվետու լինի խորհրդարանին ու կառավարությանը: Հաջորդ օգուտն այն է, որ ոստիկանությանը ավելորդ բյուրոկրատիայով չեն ծանրաբեռնելու, դրանք կթոթափվեն ոստիկանության ուսերից ու հնարավորություն կտան հատկացվող գումարները ավելի թիրախային ծախսել՝ նպաստելով ոստիկանների սոցիալական երաշխիքների բարելավմանը:

ՆԳՆ ձեւավորումը, ըստ Քրիստինե Գրիգորյանի, կբերի մարդու իրավունքների պաշտպանությանը. «Ոստիկանությունը պետք է ունենա մասնագիտական շարունակական կրթության հնարավորություն»:

Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանն ասաց, որ ոստիկանության ոլորտի կարեւոր բաղադրիչներից է կրթական գործընթացի վերանայումը. «Աղետների, ճգնաժամային իրավիճակներում մեկ կետից կառավարումը թույլ կտա ՆԳՆ-ին ավելի արդյունավետ իրականացնել իր առջեւ դրված խնդրի լուծումը: Ոստիկանությունը, ԱԻՆ-ը եւ միգրացիոն ծառայությունը երեքն էլ կարող են միմյանց փոխլրացնել ու միմյանց ռեսուրսները օգտագործելով հասնել խնդրի լուծմանը: ՆԳՆ-ի տանիքի ներքո մենք կունենանք երեք միավորվող ծառայություններ: Պետք է լինեն բնականաբար տարբեր կառուցվածքային փոփոխություններ եւ գործառութային»:

Նախկին փոխոստիկանապետ, փաստաբան Հովհաննես Քոչարյանն իր ելույթում ասաց, որ պետք է ֆունկցիաների հստակ սահմանազատում լինի, ոստիկանության ապաքաղաքականացման համար պետք է ստեղծել ՆԳՆ. «Չունենք ՆԳՆ, չունենք ապաքաղաքական ոստիկանություն, սա աքսիոմ է»: Ըստ նրա, քաղաքական խնամակալի բացակայությունը միշտ բարդացրել է ոստիկանության աշխատանքը: Հիմա բազմաթիվ խնդիրներ կլուծվեն:

Բացի այդ, նրա դիտարկմամբ, նախարարության կարեւոր ձեռքբերումը կլինի այն, որ պաշտոնից ազատելու համար օրենսդրական հստակ ամրագրում կլինի. «Այսօր ազգային օրենսդրական կարգավորմամբ ոստիկանության պետերի տեղակալներին նշանակում եւ ազատում է ՀՀ նախագահը; Բացարձակապես հակասահմանադրական մի ընթացակարգ. երբեք ոստիկանություն պետերը ԶՈւ հրամկազմի մաս չեն հանդիսացել, բայց նրանց նշանակումն ու ազատումը լինում է այնպես, ինչպես զինված ուժերի հրամկազմինը: Սա եւս շտկման կարիք ունի»: Այնուամենայնիվ, այս փոփոխությունը ռիսկեր ունի, դա, ըստ Հովհաննես Քոչարյանի, սուպերնախարարության ստեղծումն է, որից պետք է խուսափեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031