Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ անհրաժեշտ է նախարարություն ստեղծելն ու նախարար ունենալը». Ոստիկանությունը նորից սարքում են Ներքին գործերի նախարարություն

Հուլիս 12,2022 13:40

Ոստիկանությունն ուզում են դարձնել Ներքին գործերի նախարարություն:

Այդ թեմայով այսօր կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ նոր ստեղծվող կառույցը մեր երկրի անվտանգությունը ավելի կհզորացնի, օժտված կլինի բարձր պրոֆեսիոնալիզմով. «Դեռ սովետական տարիներին առաջին ուժային կառույցում, իրավական առումով չունենալով բանակ, Ներքին գործերի նախարարությունում է ստեղծվել առաջին գունդը, որը պաշտպանեց մեր երկրի սահմանները»:

Նա վստահեցրեց, որ ՆԳՆ-ն ստեղծելով կնպաստեն հաշվետվողականության ավելացմանը. «Մի կողմից համակարգում ծառայության անցնելը կդարձնենք ավելի գրավիչ, մյուս կողմից էլ մեր պետության ներքին անվտանգային միջավայրը ավելի կառավարելի կդառնա»:

NA Standing Committee on Defense and Security Issues initiated parliamentary hearings on the topic of ‘Creation of the Ministry of Internal Affairs, the importance of civil control’ at the RA National Assembly

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը բացման խոսքում նշեց, որ պարզապես ոստիկանությունը չի անվանափոխվում ու դառնում ՆԳՆ, ոստիկանությունը լինելու է սիրտը, մի կարեւոր մասը քաղաքացիական կառույցի քաղաքական կառավարման, որը լինելու է նոր ՆԳՆ. «Մեզ շատ են քննադատել, իմ պաշտոնավարման առաջին իսկ ամիսներից, որ անընդհատ ուշանում է Ներքին գործերի նախարարության ստեղծումը: Մենք միջազգային մեր գործընկերների հետ գտանք լավագույն, ամենաարագ ու ամենաօպտիմալ լուծումը, զրոյից չենք ստեղծելու նախարարությունը, վերցնելու ենք արտակարգ իրավիճակների նախարարության հենքը: Գաղտնիքը նա է, որ այնպիսի մոդել առաջարկենք, որ լրացուցիչ ծախսեր չդնի պետության վրա: Սա ավտոմատ ԱԻՆ-ը ՆԳՆ սարքելու նախագիծ չէ, համակցություն պետք է անենք փրկարար ծառայության, ոստիկանության եւ մյուս մեր բոլոր կարեւոր ծառայությունների ու այդ իմաստով ՆԳՆ-ի ծառայությունը լինելու է  հարուստ, խնայելու է հսկայական ռեսուրսներ՝ առանձին մի քանի մարմիններ դրա փոխարեն պահելու համեմատ»:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն էլ ասաց, որ հանցագործության, իրավախախտումների դեմ պայքարը չունի քաղաքական պատասխանատու: Մենք առողջապահության բնագավառում ունենք քաղաքական պատասխանատու՝ ի դեմս առողջապահության նախարարի, տնտեսության բնագավառում ունենք, ՊՆ բնագավառում ունեք ՊՆ նախարար, իսկ հանցավորության դեմ պայքարը, երկրի ներքին անվտանգությունը չունի քաղաքական պատասխանատու. «Մենք չպետք է ակնկալեինք, որ այս ոլորտը պիտի նորմալ զարգացում ապրեր այս իրավիճակում: Մեզ անհրաժեշտ է նախարարություն ստեղծելն ու նախարար ունենալը»:

Նա կարեւորեց, որ ոստիկանությունը ունենա քննչական մարմին, որ Քննչական կոմիտեն լրացուցիչ չծանրաբեռնվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031