Հատիս – Քրիստոս – Զբոսաշրջություն
Վերլուծություն
Մինչև վերջերս Հայաստանն աշխարհում առաջին տեղում էր 1 շնչին հասնող քաղաքական վերլուծաբանների թվով, իսկ վերջին օրերին կարծես թե այդ ռեկորդն ուզում են գերազանցել «զբոսաշրջության վերլուծաբանները»։ Ով կյանքում 2 անգամ Աշտարակի ձորում և 1 անգամ «Ղալթաղչիի» Սուրբ Հովհաննեսում եղել է, իրեն հռչակել է զբոսաշրջության մասնագետ, վերլուծություններ ու կանխատեսումներ է անում։
Այնինչ, իսկական մասնագետները, զբոսաշրջության թեժ սեզոնով պայմանավորված, լուռ ու մունջ իրենց գործն են անում, տուրիզմ զարգացնում։
Կարդացեք նաև
12 տարվա զբոսաշրջության ոլորտում փորձս, արտասահմանում անցած 4 վերապատրաստման կուրսերը, ինչպես նաև մասնագիտական կրթությունս թույլ են տալիս ինձ վերլուծություններ անել՝ թվերով ու փաստերով։
Մի կողմ թողած հարցի էսթետիկական, կրոնական, մշակութային, բնապահպանական հարցերը՝ կխոսեմ միայն զբոսաշրջության տեսանկյունից ու զբոսաշրջության մասին։
Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը որոշ օղակների կողմից ներկայացվում է որպես զբոսաշրջության զարգացման մեգանախագիծ, մի շռնդալից իրադարձություն, մի գլխապտույտ առաջացնող երջանկություն․․․
Այնինչ թվերը լրիվ այլ բան են խոսում։
Ուսումնասիրության համար վերցրել եմ աշխարհում ամենահայտնի՝ Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում գտնվող Քրիստոսի արձանը։
Արձանը կառուցվել է 1931 թվականին, ասել է թե արդեն 91 տարեկան է։
Ուսումնասիրության համար վերցրել եմ 2011 թվականի տվյալները։
Ուրեմ համաձայն Համաշխարհային բանկի տվյալների՝ 2011 թվականին Բրազիլիա այցելել է 5,433,000 զբոսաշրջիկ։ Ցավոք Քրիստոսի արձանի այցելությունների մասով հստակ տեղեկություն չգտա համացանցում, սակայն տարատեսակ աղբյուրներում նշված թվերը համադրելով՝ ստացա տարեկան 1,8-2 միլիոն այցելություն։ Ես նախընտրում եմ վերցնել հենց այս թվերը։ Ստացվում է, որ Բրազիլիա այցելող զբոսաշրջիկների միայն 33 %-ն է այցելում այս արձանը։ Այսինքն` Բրազիլիա եկող զբոսաշրջիկների ճնշող մեծամասնությունը Քրիստոսի համար չէ, որ գալիս են։
Ավելին, Բրազիլիայի հետ նույն մայրցամաքում գտնվող մեկ այլ երկիր՝ Արգենտինան, որը ոչ մի նմանատիպ արձան չունի, նույն 2011 թվականին ունեցել է 6,703,000 զբոսաշրջիկ, մոտ 24%-ով ավելին, քան Բրազիլիան։ Ստացվում է, որ Քրիստոսի արձանը մրցակցային ոչ մի առավելություն չի ապահովում Բրազիլիայի համար անգամ միևնույն մայրցամաքում։
Այստեղ տեղին է նշել նաև, որ Փարիզի Էյֆելյան աշտարակ այցելում է տարեկան մոտ 7 միլիոն զբոսաշրջիկ։ Այսինքն՝ միայն Էյֆելյան աշտարակը, որը որևէ կրոնական և, խոշոր հաշվով, մշակութային նշանակություն չունի, տարեկան ավելի շատ մարդ է այցելում, քան ամբողջ Բրազիլիան միասին վերցրած։ Իսկ թե ինչու է այդպես, դա մեկ այլ՝ ավելի ծավալուն վերլուծության թեմա է։
Վերադառնալով Ռիո՝ խնդրում եմ նայել կից լուսանկարը։ Արդյո՞ք չարժե բարձրանալ այս ժայռի վրա՝ այս տեսարանը վայելելու համար, և արդյոք, եթե այդտեղ չլիներ արձան, միևնույն է, հազարավոր մարդիկ չէին բարձրանալու այստեղ։
Չեմ էլ ցանկանում անգամ զուգահեռներ տանել Հատիսից բացվող տեսարանների հետ։ Իհարկե, դրանք տարբեր բաներ են, բայց, էն որ մրցակցության եզրեր անգամ չկան, նույնպես փաստ է։
Կարևոր է նաև հասկանալ, որ Բրազիլիա եկող զբոսաշրջիկների մեծ մասը գալիս է այստեղ՝ Սան Պաուլոյի փողոցներում կորելու, հույսով, որ կհանդիպի «Ջեյդին» կամ «Նանդուին», սուրճի պլանտացիաներում սրճելու «Գավիոտայի» հետ, շրջելու ստադիոններով՝ հույսով, որ կհանդիպի «Պելեին» կամ «Ռոնալդինիոյին», ընկղմվել օվկիանոսի տաք ջրերում, խանդավառվել Ռիոյի կառնավալի գույներով ու տեմպերով, և ձեռքի հետ էլ սելֆի անել Քրիստոսի արձանի մոտ։
Ասածս ինչ է։ Բրազիլիան հսկայական մարքեթինգային արշավներ է արել։ Գրավել է ամբողջ աշխարհի ուշադրությունն իր սերիալներով; Ի դեպ, նույն Հիսուսի արձանի մասին ձեզանից շատ-շատերն իմացել են հենց էդ սերիալներից։ Բայց միևնույնն է, չի կարելի ասել, թե Բրազիլիան աշխարհի առաջատարներից է՝ որպես զբոսաշրջային ուղղություն։ Ավելին, անգամ լավագույն 10-յակում չէ, անգամ 20-յակում էլ չէ։
Վերադառնալով զբոսաշրջությանը։ Մի բան կարևոր է հասկանալ, որ զբոսաշրջային ատրակցիոնները, արձանները, հուշարձանները, ենթակառուցվածքները և այլն, ընդամենը ոլորտը սպասարկող երևույթներ են, և դրանք առ ոչինչ են առանց մարքեթինգի, բրենդավորման և գովազդի։
Ասել է, թե դրանք անմիջականորեն չեն կարող ապահովել զբոսաշրջության կայուն աճ, եթե չկա համապատասխան մարքեթինգային ռազմավարություն, գովազդ։
Հաշվի առնելով ՀՀ զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականությունը, զբոսաշրջային ոլորտին ֆինանսական հատկացումները, մարքեթինգային ռազմավարությունն ու արշավները՝ կարող եմ վստահորեն ասել, որ եթե անգամ անձամբ Քրիստոսն իջնի ու կանգնի Արագածի Հյուսիսային գագաթին, դա որևէ կերպ չի ապահովելու զբոսաշրջային բում Հայաստանում։
Համենայն դեպս, մինչ այս պահը թե՛ պետության, և թե՛ նախագծի կազմակերպիչների կողմից չի ներկայացվել որևէ երկարաժամկետ մարքեթինգային ռազմավարություն, որևէ թվաբանական հաշվարկ, տնտեսական վերլուծություն, որը ցույց կտա, թե այս նախագիծն ինչ ճանապարհով, ինչ ժամկետներում և ինչպես է դառնալու «զբոսաշրջային բում»։ Եվ եթե չի ներկայացվել, հետևաբար հակված եմ կարծել, որ չկա։
Ստացվում է, որ այս նախագիծը մի կողմից հակասում է մեր մշակութային, կրոնական, էսթետիկ ընկալումներին, վնասում է մեր շրջակա միջավայրը, իսկ մյուս կողմից էլ չունի կամ ունի շատ կասկածելի ազդեցություն զբոսաշրջության զարգացման վրա։
Հետևաբար, խնդրանք և հորդոր շահագրգիռ կողմերին։ Որպես նախագծի հիմնավորում խուսափել զբոսաշրջություն տերմինից։ Զբոսաշրջությունը լոկ գեղեցիկ բառ չէ կամ թե փայլփլուն փաթեթավորման թուղթ։ Դա լուրջ ոլորտ է՝ իրեն ուրույն գիտական հիմքերով, կանոններով և օրինաչափություններով։
Հ.Գ․ Ստորև թողնում եմ որոշ հղումներ, որոնցից օգտվել եմ սույն վերլուծությունն իրականացնելիս՝
https://data.worldbank.org/indicator/ST.INT.ARVL…
https://data.worldbank.org/indicator/ST.INT.ARVL…
http://www.myriotravelguide.com/how-many-people-visit…/
https://www.toureiffel.paris/en/the-monument/key-figures
Յաշա ՍՈԼՈՄՈՆՅԱՆ
ՊԶՀԱ վարչության նախագահ
Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիա