Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ եք ուզում ասել ձեր ցուցադրական ճոխություններով, որ թքա՞ծ ունեք մեր բոլորի վրա, այդ մարդկանց վրա. Վահե Հովհաննիսյան

Հուլիս 12,2022 12:28

Ո՞վ է տերը մեր երկրի

Մենք չենք նկատում, բայց երկիրը լրիվ անտեր է։ Բոլոր պրոցեսները թողնված են ինքնահոսի։ Հանրային տրամադրություններն անտեր են։ Մի ամբողջ պետություն չունի որևէ նպատակ, ձևակերպված խնդիրներ։ Արտաքին, ներքին, տնտեսական որևէ քաղաքականություն չկա։ Հակաիշխանական տրամադրություններն էլ են անտեր։ Մտահոգությունն ու գրագետ միտքը՝ առավել ևս։ Նույնիսկ Էրդողանի հետ հեռախոսազրույցն է անտեր։

Հանրային, զանգվածային սոցիալական օրակարգերն անտեր են. ոչ ոք չի սպասարկում դրանք։

Նիկոլն ապրում է միայն իրեն հայտնի օրակարգով։ Մեր մասին, մեր հաշվին, բայց՝ առանց մեզ։

Իշխանությունը վայելում է կյանքը՝ քեֆեր, համերգներ, շրջագայություններ՝ մոռացության տալով իրենց օրոք կատարվածը, տարածքները, սահմանները, պետության մյուս խնդիրները։ Հենց հակառակվում ես, ասում են՝ ժողովուրդը մեզ է ձայն տվել։

Բիզնես էլիտան քեֆերի մեջ է՝ միլիոնավոր դոլարներ ծախսելով։ Հենց առարկում ես, ասում են՝ հարկ ենք տալիս, բիզնես ենք անում, մնացածը ինչ կուզենք կանենք։ Ու չկա իշխանություն, որը կասի, որ, հարկերից բացի, Հայաստանի նման պետություններն ունենում են չգրված օրենքներ, բարոյական նորմեր, համակեցության կանոններ։ Որ տասնյակ հազարավոր ընտանիքներ ունեն ապրելու սուր խնդիր, կա Եռաբլուր, որ կան թանկ բուժման կարիք ունեցող հարյուրավոր տղերք։ Երկրում լիներ ուրիշ մթնոլորտ՝ նրանց վարքագիծն էլ ուրիշ կլիներ։

Զուգահեռ կյանքում դեռևս կա դիահերձարաններում տղա, եղբայր ու ամուսին փնտրող մեր հայրենակիցների մի մեծ թիվ, կա անհետ կորածների մի մեծ անվանացանկ, կան մինչ օրս Բաքվի բանտերում պահվող տղերք. ի՞նչ եք ուզում ասել ձեր ցուցադրական ճոխություններով, որ թքա՞ծ ունեք մեր բոլորի վրա, այդ մարդկանց վրա։

Երևանյան թանկ համերգների առաջին շարքերում իշխանության դեմքերն են կամ տոմսի համար մի քանի հարյուր հազար վճարածները։ Առարկես՝ կասեն՝ կյանքը շարունակվում է, լավ ենք անում։ Իհարկե, կյանքը պետք է շարունակվի, բայց ցուցադրաբար թռվռացողներից քանի՞սն է մտածել, թե այս պահին կոմայի մեջ գտնվող քանի´ զինվոր ունենք, քանի՝ ապրելու- չապրելու սահմանին վիրավոր, քանի հազար՝ հետպատերազմյան մարդկային աջակցության կարիք ունեցող ընտանիքներ։

Թռվռալուց առաջ կազմակերպե՞լ եք պատերազմի մասնակիցների, վիրավորների, նրանց ընտանիքների անվճար մասնակցությունն այդ համերգներին, թե՞ անցավ-գնաց։

Ամառային Երևանը հեղեղված է մոտիկ ու հեռավոր սփյուռքի հայերով, որոնց համար Հայաստանը ուրախ-համով ռեստորանային հարթակ է։

Ամբողջական հանրային շերտեր անտարբեր են Արցախի կորստի, Սյունիքի, պետականության, բոլոր կորուստների, իշխանության, ընդդիմության հանդեպ։ Ամեն ընդհանուրի, հանրայինի, համապետականի հանդեպ անտարբեր են։ Առարկես՝ կասեն՝ մենք քաղաքականությամբ չենք «զբաղվում», մեզ քաղաքականությունը հետաքրքիր չէ։ Ու իրենք վստահ են, որ իրենք են ճիշտ։
Ստացվում է, որ բոլորը ճիշտ են, բայց պետությունը մեռնում է։ Վերջը ո՞վ է տերը այս երկրի։

Այս հարցի պատասխանն իրականում բարդ չէ. շատ ժողովուրդներ են անցել սրա միջով։

Երկրի տերը որևէ անհատ չէ, փնտրվող լիդեր կամ քաղաքական թիմ չէ։ Երկրի տերը հավաքական գիտակցությունն է՝ այլ արժեքների, այլ պատկերացումների, այլ խաղի կանոնի գերիշխումը։ Մի օր, երբ կզտվի սոլիդ մի միավոր, հանրային հոսանք, որը կդնի նոր գաղափարներ, համակեցության նոր կանոններ, խաղի կանոններ, կպարզվի, որ շատ-շատերն են սիրում երկիրը ու շատ-շատերն են լավ քաղաքացի, լավ սփյուռքահայ, լավ մեծահարուստ։ Իսկ առայժմ ինքնահոս է՝ ինքնահոս դեգրադացիա։

Մենք հիմա անտեր ֆուտբոլի գնդակի նման ենք՝ հարևան պետությունների դաշտում՝ սպասելով մեր մասին վերջնական որոշմանը։ Եթե մենք տեր չկանգնեցինք մեր երկրին, նոր տերը գալու է դրսից։

Սա չափազանցություն չէ. սա Հայաստանի հավանական սցենարներից մեկն է։ Բայց սրա հակադիր գաղափարը պարզունակ հակաթուրքականությունը չէ, «դեմ ենք ճանապարհների ապաշրջափակմանը» իրականությունից կտրված ֆրազը չէ, հարևանների հետ երկխոսության բացառումը չէ։

Ուզում ենք ապագա ունենալ, չթուրքանալ և չգետտոյանալ, չվերածվել անհեռանկար կենցաղային զանգվածի, ուրեմն պետք է տեր կանգնել երկրին՝ իր բոլոր աղետներով, իրողություններով, դժվարություններով հանդերձ։ Պետք է տիրոջ գիտակցումով ընդունել իրականությունը և սկսել կառուցել ժամանակակից պետություն։ Դրա համար անհրաժեշտ հիմնական ռեսուրսները կան։ Ինչպես նաև՝ խանգարող։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Այլընտրանքային նախագծեր խումբ

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031