Լրահոս
Օրվա լրահոսը

«Չգիտեմ՝ ի՞նչ աստիճան կարող են վախենալ Ավետիքից կամ ի՞նչ են ակնկալում, որ իրեն պահում են կալանքի տակ». Ավետիք Չալաբյանի կինը՝ ամուսնու կալանքը երկարացնելու մասին

Հուլիս 12,2022 11:34

«Կարծում եմ, դատավորը եկել էր նախօրոք կայացված որոշումը կատարելու եւ իրականում ինքը շատ բարդ իրավիճակում էր. դատավարությունը բաց էր ու ակնհայտ էր, որ անելու այլ բան չկա, քան մերժել կալանքը երկարացնելու միջնորդությունը: Բայց իրեն հրաման էր տրված, որ երկարացնի կալանքը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը՝ հեգնելով. «Ենթադրում եմ, որ կրեատիվ խմբակ կա, որը զբաղվում է Ավետիքի գործով, որտեղ գնացին, գիշերով քննարկեցին ու որոշեցին մասնակի բավարարել միջնորդությունը»:

Հիշեցնենք, օրերս Ավետիք Չալաբյանի կալանքը 15 օրով երկարացվեց: Այս ընթացքում, ըստ պաշտպանական խմբի, կալանավորումը անհրաժեշտ էր նրա համար, որ դատաքննության փուլում Ավետիք Չալաբյանը նույնպես կալանքի տակ մնա: Հիշեցնենք նաեւ, որ օրերս ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ Ավետիք Չալաբյանի գործով նախաքննությունն ավարտվել է: Երկու օր անց դատախազությունն Ավետիք Չալաբյանի գործի նյութերը վերադարձրեց նախաքննության մարմնին ու նոր միջնորդություն ներկայացրեց կալանքը երկարացնելու վերաբերյալ։

Ավետիք Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել 2022թ․ մայիսի 12-ից: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախատեսում է պատասխանատվություն հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար՝ կատարված երկու կամ ավելի անձանց նկատմամբ՝ հայտնի ձայնագրության հիման վրա:

«Դրան վերաբերվել այլ կերպ, քան այն, որ սա իրավունքի եւ արդարադատության հետ ընդհանրապես կապ չունեցող գործընթաց է, չի կարելի: Եթե այս ամենը տեղի ունենար որեւէ այլ երկրում, այլ երկրի դատարանում՝ անհնար է նման ելք պատկերացնել, քանի որ մեղադրող կողմը սնանկ էր իր փաստարկներում: Փաստորեն, իրենց համար գերկարեւոր է, որ Ավետիքն ազատության մեջ չլինի եւ այն մարդն, ով որ կայացնում է այս որոշումները, փաստորեն, բոլորին՝ դատավորներին, նրանց օգնականներին, քննիչներին եւ այլն, դնում է պատասխանատվության տակ»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ամեն ինչ արվում է Ավետիքին կալանավորված պահելու համար, ինչը զարմանալի է իր համար:

Հարցին՝ ինչո՞ւ է իշխանության համար կարեւոր Ավետիք Չալաբյանի՝ կալանքի տակ մնալը, նա պատասխանեց. «Չգիտեմ՝ ի՞նչ աստիճան կարող են վախենալ Ավետիքից կամ ի՞նչ են ակնկալում, որ իրեն պահում են կալանքի տակ: Հավանաբար նա խանգարում է շատ մեծ գործընթացների, որոնք կարող են Հայաստանում տեղի ունենալ, եթե Ավետիքը ազատության մեջ լինի»:

Անահիտ Ադամյանը վստահեցնում է՝ ամուսինը վհատված կամ ընկճված չէ: Ավելին, մինչ կալանքի երկարացման մասին որոշումը կհրապարակվեր, կնոջ հետ զրույցում Ավետիք Չալաբյանն ասել է, որ դատավորի կեցվածքից հասկացել է՝ իր կալանքը երկարացվելու է: «Թեթեւ տար»,- հորդորել է կնոջը:

«Ավետիքը հանգիստ է, հեռատես է: Որեւէ բան չկա այս գործում, որ իրեն կաշկանդի: Ինքը ճշմարտության կողմում է եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ արդարադատությունը հաղթի: Ինչպես ինքն ասաց՝ անկյունաքարային է, որպեսզի ամբողջությամբ արդարացվի»,- ասաց մեր զրուցակիցը՝ կարեւորելով ամուսնու հայտարարությունը, որ ինքը որեւէ կերպ չէր պատրաստվում խուսափել քննությունից, առավել ևս՝ փախուստի դիմել. «Մենք վերադարձել ենք Հայաստան, մենք պատվախնդիր մարդիկ ենք եւ հեղինակության հարցը մեզ համար շատ կարեւոր է: Ամեն դեպքում, դատավորը կայացրեց իր որոշումը՝ առանց աչք թարթելու՝ հաշվի չառնելով ոչ դա, ոչ ընտանեկան հանգամանքները: Ինչեւէ, մենք ամուր ենք»:

Մեր զրուցակիցը նաեւ նկատում է՝ այն ինչ կատարվում է իր ամուսնու հետ, համակարգային խնդիր է եւ ոչ ոք ապահովագրված չէ նման իրավիճակներից, պարզապես դրսեւորումները կարող են տարբեր լինել. այդ ամենը պետք է կանխել, նման արատավոր երեւույթները մեր դատաիրավական համակարգում պետք է բացառել, այլապես այն զրկանքները, որոնք կրում է իր ամուսինն այսօր՝ անիմաստ կդառնան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարում՝ Ավետիք Չալաբյանի դուստրը եւ կինը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031