Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան․ «Ես ընդամենը մշակում եմ քաղաքական կյանքը հանրապետությունում»․ «Հրապարակ»

Հուլիս 12,2022 10:48

Ազգային ժողովի երբեմնի «մաեստրոն»՝ ԱԺ նախկին նախագահ, կարկառուն ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը, Ֆեյսբուքում այս օրերին ակտիվ գրառումներ է կատարում։ Դրանք իրեն բնորոշ ոճով են՝ միչ քիչ փիլիսոփայական, մի քիչ՝ անհասկանալի, մի քիչ էլ՝ խորիմաստ ու ենթատեքստերով։ Օրինակ՝ երեկ կեսօրին Գալուստ Գրիգորիչը գրել էր․ «Քաղաքական ուժը պետք է արմատներ ունենա, այդ դեպքում՝ վատ մարդիկ չկան, կան վատ հարաբերություններ»։ Իսկ մի երկու ժամ հետո մեկ այլ՝ էլ ավելի փիլիսոփայական միտք արտահայտեց․ «Գալու եմ նորից, թե կուզես նորից»: Տակը մեկը գրել էր․ «Բարով եք գալու, Գրիգորիչ ջան», մեկ ուրիշն էլ փորձել էր սեւակյան ոճով «ուղղել» Գրիգորիչին՝ նկատելով․ «Նորից չեն գալիս, գալիս են կրկին…»։ Գրիգորիչը, սակայն, պնդել էր, թե ինքը նորից է գալու։ Մենք խնդրեցինք Գալուստ Սահակյանին՝ մի քիչ բացել փակագծերը, թե ում են ուղղված իր գրառումները, ինչ ենթատեքստ կա դրանց տակ։ «Ես շատ պարզ բաներ եմ գրել ու էդպես մեծ բացատրությունների կարիք էլ չունեմ։ Ես ընդամենը մշակում եմ քաղաքական կյանքը հանրապետությունում։ Դա է, ուրիշ բան չկա դրա մեջ»,- ասաց Գրիգորիչը։

– Իսկ Դո՞ւք եք գրում, Ձեր գրառումների հեղինակն անձամբ Դո՞ւք եք։ 

– Ո՞նց, մտածում եք՝ հանկարծ ինչ-որ մարդիկ պիտի լինեն, որ իմ փոխարեն բա՞ն գրեն։ Նման խնդիր գոյություն չունի։ Քաղաքական կյանքի վերաբերյալ է, գրում եմ, որ քաղաքական ուժը պիտի կենսագրություն ունենա։ Օրինակ՝ էսօր քաղաքական ուժերից կենսագրություն ունեն, որ դասական կենսագրություն է, դա Դաշնակցությունն ու Հանրապետականն է։ Մնացածները, որպես քաղաքական գործիչ, կայացած չեն։ Նրանք պարզապես մասնակցում են խորհրդարանական ընտրություններին, գրում են իրենց ծրագիրը եւ էդպես մասնակցում են խորհրդարանական ընտրություններին։ Ինչի՞ պիտի քաղաքական ուժը ծրագիր ունենա։ Ես կարող եմ ասել՝ ես ոնց եմ քաղաքական գործիչ դարձել եւ ում միջոցով, ինչպես։ Էդպես անտեղի տեղը, օդում, էստեղ-էնտեղ խոսալով քաղաքական գործիչ չես դառնում, դու պարզապես մասնակցում ես ընտրարշավին, որը կա՛մ դրական բան է տալիս, կա՛մ բացասական։

– Հիմա «Հայրենիք» կուսակցությունը եւ դրա առաջնորդ Արթուր Վանեցյանը, որի հետ ՀՀԿ-ն դաշինք էր կազմել, Ձեր ասածն իրե՞նց էլ  է վերաբերում, որ կենսագրություն չունեն։ 

– Ես, ճիշտն ասած, որեւէ մեկին նկատի չեմ ունենում իմ ասածների մեջ: Նրանք, ովքեր կտեսնեն, որ ես ճշմարտությունն եմ ասում, կգնան էդ ուղղությամբ, կամ եթե չեն տեսնի, կգնան իրենց ուղղությամբ։ Այսինքն՝ ես մարդկանց որեւիցե բան չեմ ասում։

– Իսկ ի՞նչ էր նշանակում Ձեր վերջին գրառումը՝ «Գալու եմ նորից, թե կուզես նորից»։

– Դա «կրկին»-ը չի, դա «կրկին»-ը չի կարող լինել, որովհետեւ դա սիրո բանաստեղծություն չէ։ Գալու եմ նորից, նորից եմ գալու, այսինքն՝ միշտ քաղաքականության մեջ եմ ու քաղաքականության մեջ էլ մնալու եմ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031