Լրահոս
Օրվա լրահոսը

«Հինգ երազողները եւ ձին»՝ «փոքր» մարդկանց մեծ երազների մասին

Հուլիս 12,2022 10:36

Վահագն Խաչատրյանի եւ Արեն Մալաքյանի «Հինգ երազողները եւ ձին» ֆիլմին անդրադարձել են միջազգային մի շարք պարբերականներ, իսկ համաշխարհային պրեմիերան կայացել է Նիյոնի Visions du Reel հեղինակավոր կինոփառատոնում, այնուհետեւ Կանադայում, Գերմանիայում եւ այլուր:

«Հինգ երազողները եւ ձին» ֆիլմով ազդարարվեց նաեւ Երեւանյան «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի բացումը:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի մասին խոսելիս ասաց, որ «Ոսկե ծիրանի» տեսլականը տեսնում են տարածաշրջանային զարգացման մեջ. «Մենք ներկայացնում ենք տարածաշրջանը եւ ցանկանում ենք այնպես անել, որ «Ոսկե ծիրանը» միջազգային փառատոնային քարտեզի վրա դիրքավորվի որպես այս տարածաշրջանի ներկայացուցիչներից մեկը»: Նա նշեց, որ մոտավորապես նույն ժամին «Հինգ երազողները եւ ձին» ֆիլմը ցուցադրվում է նաեւ Ֆրանսիայում:

 Ֆիլմը «փոքր» մարդկանց մեծ երազների մասին է, այն բացվում է ձյունապատ ու անուրջների նման ճեփ-ճերմակ հարթավայրում վարգող ձիու խորհրդանշական պատկերով, որը ժամանակ առ ժամանակ սայթաքում է, եւ հեծյալը ստիպված իջնում է նրա վրայից, բայց սանձից բռնած քայլում է նրա կողքով:

Այդպես էլ իրենց երազանքներից չնահանջող հերոսներն են՝ մի երիտասարդ, որ երազում է գյուղում նմանը չունեցող կին ունենալու մասին, հիվանդանոցի վերելակավար Մելանյան, որ երազում է ընդունվել տիեզերագնացության ակումբ, աղջիկները, որոնք փորձում են ինքնադրսեւորվել՝ իբրեւ մարդ եւ արվեստագետ: Հավանաբար հաջորդ երազողը ինքնասպանություն գործած Արիկն էր, որին հեղինակները նվիրել են ֆիլմը, կամ գուցե հենց ճերմակ հարթավայրով վարգող ձին:

Ֆիլմի հեղինակները վարպետորեն են աշխատել, հերոսներից յուրաքանչյուրի պատմությունը նրբորեն է ներկայացված: Ֆիլմում կա ցավ, նուրբ հումոր, խեղճություն, հուսահատություն եւ անպայման երազներ, որոնցից պետք է պինդ բռնել՝ ֆիլմի ձիու սանձը պահող հեծյալի նման: Տաղանդավոր երիտասարդները ցույց են տալիս, որ անգամ մարդկանց մեջ կարելի է անչափ միայնակ լինել, ու որ նման միայնությունն ամենաահավոր բանն է, եւ կա դա հաղթահարելու մեծ մարտահրավեր, բայց միշտ են երազանքներն իրականություն դառնում:

Ցուցադրության ժամանակ ֆիլմի հերոսները եւս դահլիճում էին: Ինչպես նշեց Վահագն Խաչատրյանը, նրանք այդ օրն առաջին անգամ էին տեսնում ֆիլմը:

Դահլիճում էր նաեւ վերելակը տիեզերանավ ձեւացնող հերոսուհին՝ Մելանյան: «Իմ որդին 44-օրյա պատերազմում իր կյանքը նվիրել է հայրենիքին…Թող այս ֆիլմը նվիրված լինի 44-օրյա պատերազմի մեր բոլոր հերոսներին»,-ասաց նա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031