Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյան․ «Ինչո՞ւ է առաջ եկել Բերձորի, Աղավնոյի և Սուս համայնքների հարցը. եթե այդ նոր երթուղին դուրս է մնում Լաչինի միջանցքից, այդտեղ ի հայտ է գալիս 5 կիլոմետրանոց հատվածի խնդիրը»․ «Փաստ»

Հուլիս 12,2022 09:00

2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի հայտարարությունները միակ փաստաթղթերն են, որոնցով, համենայն դեպս, ակնկալվում է, որ պետք է առաջնորդվեն հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը՝ շեշտելով նշված հայտարարությունների ներքո նաև Արցախի Հանրապետությանն առնչվող հարցերի քննարկման մասին: Այս հարցերի շուրջ զրուցակիցը խոսել է՝ անդրադառնալով այն վտանգներին, որոնք հնարավոր են Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործումից հետո:

Հիշեցնենք՝ ըստ Նիկոլ Փաշինյանի, այն տարածքները, որոնք չեն գտնվում ԼՂԻՄ նախկին սահմանի մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Թեպետ հղում է արվում նոյեմբերի 9-ի հայտարարությանը, բայց Հ. Հակոբյանն այս տեսանկյունից այլ հարցերի մասին է մատնանշում:

«Բերձորի միջանցքում նոր երթուղու կառուցման մասին ասված է նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում, սակայն, չգիտես ինչու, նույն 6-րդ կետը մեկնաբանվում է ոչ թե ի շահ Հայաստանի, այլ ի շահ Ադրբեջանի: Նախ՝ սկսենք նրանից, որ 6-րդ կետի համաձայն, երթուղու փոփոխությունը չի նախատեսում Լաչինի միջանցք հասկացողության փոփոխություն, այնտեղ խոսվում է, որ պետք է նոր երթուղի լինի: Ակնկալում ենք, որ նոր երթուղին պետք է ավելի անվտանգ երթուղի ապահովի, որտեղ խաղաղապահ ուժերն իրենց գործառույթները կկարողանան ավելի հեշտ իրականացնել: Մինչդեռ այստեղ նոր միջանցքի մասին, որպես իրավական հասկացություն, չի խոսվում: Այդ դեպքում ինչո՞ւ է առաջ եկել Բերձորի, Աղավնոյի և Սուս համայնքների հարցը. եթե այդ նոր երթուղին դուրս է մնում Լաչինի միջանցքից, այդտեղ ի հայտ է գալիս 5 կիլոմետրանոց հատվածի խնդիրը: Այսինքն, այսօրվա այն ճանապարհը, որով, ինչպես մտածում են, պետք է անցնի մեր երթուղին, և՛ Բերձորից, և՛ Աղավնոյից, և՛ Սուսից, ավելի հեռու է, քան 5 կիլոմետրը: Ուստի, ասում են՝ դե, որ այդպես է, հայ բնակիչները գյուղերից պետք է դուրս գան: Բայց նշված հայտարարության մեջ երբևիցե գրված չի եղել, որ այդ երթուղին պետք է Լաչինի միջանցքից դուրս լինի, և որ այդ համայնքները պետք է հայաթափվեն, հայ բնակիչները պետք է դուրս գան»,-ասաց զրուցակիցը՝ շեշտելով, որ, ընդհակառակը, նույն 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսվում է նաև ներքին տեղահանվածների վերադարձ, որտեղ խոսքը հենց հայերի մասին է, որովհետև այն հատվածներում, որտեղ պատերազմ է եղել, ադրբեջանցիներ չեն բնակվել։:

«Մենք տևական ժամանակ է՝ բարձրաձայնում, պահանջում ենք, որ նոր երթուղու հասկացողությունը կատարվի այնպես, ինչպես գրված է այդ հայտարարության 6-րդ կետում: Կարծում եմ՝ որևէ մեկնաբանություն, որևէ բանավոր համաձայնություն չի կարողանա ավելի մեծ ուժ ունենալ, քան գրավոր եռակողմ ստորագրված փաստաթուղթը: Վերոնշյալ խնդիրը հերթական անգամ մեզ ապացուցում է, որ պատերազմը պարտվելուց հետո պարտված ղեկավարը հետագայում բանակցություններ վարելու իրավունք չունի, քանի որ պարտվածը բանակցային սեղանի շուրջ չի կարողանում լիարժեք կերպով ներկայացնել հայկական շահը: Այսօր հայկական կողմը բանակցային սեղանի շուրջ գրեթե բանակցող չունի: Բոլոր կետերը մեկնաբանվում են ի շահ Ադրբեջանի: Բոլոր կետերը, որոնք վերաբերում են Ադրբեջանին, վերջինիս կողմից չեն կատարվում: Օրինակ՝ սկսած դիրքերում կանգնելուց, գերիների և պահվող այլ անձանց վերադարձից, նաև ներքին տեղահանվածների վերադարձից, վերջացրած հիմա արդեն նշված 6-րդ կետով: Այս ամենը ևս մեկ անգամ նշանակում է, որ ՀՀ գլխավոր բանակցողը պետք է թողնի իր դիրքերը, հեռանա, և նոր բանակցողները կարողանան այնպես անել, որ գոնե ապահովեն վերոնշյալ հայտարարության այն կետերը, որոնք փոքր-ինչ մեր շահերից են բխում»,-շեշտեց զրուցակիցը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031