Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերսիրաշահման» «փորվածքը»

Հուլիս 12,2022 10:00

20-րդ դարի ռուս գրականության դասական Անդրեյ Պլատոնովի «Փորվածք» (Котлован) վիպակում կան բազմաթիվ նորաբանություններ, որոնցից մեկն, իմ կարծիքով, առավել հիշարժան է՝ переугожденец : Այդ բառը պայմանականորեն կարելի է թարգմանել որպես «գերսիրաշահող», այսինքն՝ ստեղծագործության համատեքստում՝ մարդ, որն ասում է բաներ, որոնք հաճելի է լսել «վերեւներում»: Վիպակը լույս է տեսել 1930 թվականին, եւ, իհարկե, պարզ է, թե ինչի մասին է խոսքը:

Տոտալիտար եւ ավտորիտար համակարգերում նման գերսիրաշահող կերպարների առկայությունը պարտադիր է: Չհիշելով, թե ովքեր էին Հայաստանում այդպես դրսեւորվում անցած 30 տարիների ընթացքում, անդրադառնանք այն կերպարներին, որոնք աչքերիս առաջ են: Օրինակ՝ ներկայիս ՔՊ պատգամավորները բաժանվում են երկու տեսակի: Առաջին՝ նրանք, ովքեր նախկինների մասին խոսում են միայն այն դեպքերում, երբ նրանց հարցնում են, եւ երկրորդ՝ նրանք, ովքեր, անկախ թեմայից եւ առաջադրված հարցերից, իրենց բոլոր ելույթները կառուցում են 1998-2018 թվականների իրադարձությունների «վերլուծության» վրա: Ահա այդ վերջիններին կարելի է անվանել «գերսիրաշահող»: Այսինքն՝ նրանցից մեծ հաշվով չի պահանջվում ամեն րոպե գովերգել իրենց ղեկավարին՝ անցյալի հասցեին անեծքների միջոցով: Սակայն նրանք ձգտում են այդ նույն ղեկավարի համար նկատելի եւ օգտակար լինել՝ իրենց գերակտիվությամբ:

Նույն բաժանումը կա նաեւ այսպես կոչված «արտախորհրդարանական ուժերի» եւ ընդհանրապես՝ ներկայիս իշխանության աջակիցների մոտ:

«Գերսիրաշահող» տեսակը, ինչպես արդեն ասվեց, որոշակի սոցիալական կազմակերպման ծնունդ է: Այդ կազմակերպման ձեւն իր հերթին հիմնված է երկու տեսակի կառույցների վրա: Առաջին՝ աղանդ, որտեղ իշխանությունը պայմանավորված է առաջնորդի խարիզմայով, երկրորդ՝ զորանոց, որտեղ սխալ վարքի համար նախատեսվում են խիստ պատիժներ: Երբեմն այդ երկու տեսակները գործում են միաժամանակ, երբեմն էլ՝ առանձին: Բայց քաղաքացիական ոլորտում, իմ կարծիքով, երկուսն էլ մերժելի են: Անկախ նրանից՝ «գերսիրաշահումը» պայմանավորված է անկեղծ պաշտամունքով, թե պատժվելու վախով, երկու դեպքում էլ այն կաշկանդում է մարդուն, նրան դարձնում է սահմանափակ, չափից դուրս պարզունակ: Այն, ինչ դուրս է «աղանդից» կամ «զորանոցից», դիտվում է առնվազն որպես ճակատագրական մոլորություն:

Իրեն քրիստոնյա (կամ անգամ` քրիստոնյա հոգեւորական) համարող մարդը նույնպես կարող է հանդես գալ որպես աղանդավոր եւ զբաղվել գերսիրաշահմամբ: Այդ առումով Քրիստոսի արձանը որեւէ կապ չունի քրիստոնյա հավատքի կամ նույնիսկ զբոսաշրջության զարգացման հետ: Դա արձան է, որը դնում է Կոտայքի ֆեոդալը՝ ի նշան իր չափազանցված հավակնությունների: Դա, ի վերջո, նույն գերսիրաշահումն է՝ սեփական անձի հանդեպ:

Ճիշտ է, Պլատոնովը դրա համար մեկ այլ նորաբանություն է կիրառում՝ аллилуйщик.

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    Հրաշալի էր… 🙂

  2. Nimar says:

    Կուսակցական անդամակցությամբ բազմապատկված ասիականությունը այլ բան չի ենթադրում։ Ուստի բոլոր նման դրսեւորումներին պետք է հումորով վերաբերվել։ Այլ բան սպասելը տարօրինակ կլիներ։

  3. Սարգիս Զեյթունյան says:

    Պլատոնովի վեպում, բացի քծնանքը և մարդկանց «գերսիրաշահող տեսակը» բնութագրող նորաբանություններից, կարելի է հանդիպել նաև մի կերպարի, ով հիշեցնում է մեր իրականությունում այդ քծնանքի առարկային: Դա անդամալույծ Ժաչյովն է, ում հեղինակը կարճ բնութագրում է урод բառով: Դատեք ինքներդ.
    Ժաչյով. «Ты что ж, буржуй, иль забыл, за что я тебя терплю? Тяжесть хочешь получить в слепую кишку? Имей в виду — любой кодекс для меня слаб!»
    Նիկոլ Փաշինյան. «Այսօր հաճախ են խոսում լրագրողական էթիկայի մասին։ Խորհուրդ եմ տալիս այդ էթիկայով զբաղվել կարտոֆիլի քարոզով, այդ էթիկան մեզ վրա չի տարածվում, մենք ազատ մարդիկ ենք և ինքներս ենք որոշում էթիկայի սահմանները:» (2007 թ., «Մենք մեր մասին» ամսագիր»)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031