«Ժամը 4-ի կողմերն էր, հաց էինք ուտում։ Կինս ասաց, որ ճանապարհաշինարներից մեկը կաթը մոռացել է։ Զանգեցի՝ որ զգուշացնեմ։ Ասաց՝ գիտեմ, դեռ գործ եք անում, բայց ձորում արջ կա, ցանկապատի տակ»,-պատմում է Կապանի անտառտնտեսության անտառապահ Մայիս Գեւորգյանը։ Անմիջապես տեղյակ է պահում անտառտնտեսության տնօրինությանն ու իջնում Գեղվաձոր։
Տեղ հասնելով նկատում է, որ արդեն բնապահպանական տեսչության մասնագետներն այնտեղ են։ Տեսնելով անտառապահին՝ վերջիններս ասում են, որ կտրող գործիք վերցնի ու շտապ գա։ «Վերցնում եմ, իջնում եմ ներքեւ, հասա արջի մոտ։ Իրավիճակը այնպիսին էր ՝ որ պիտի կտրեինք մետաղալարը, արջը ազատեինք»,-հիշում է անտառապահը։
Կտրում են մետաղալարը․արջը փոխանակ իջնելու ձորը, դեմ առ դեմ դուրս է գալիս Մայիս Գեւորգյանի դեմ։ Մի կողմում ինքն է, իրենից հետո Կապանի անտառտնտեսության տնօրեն՝ Սասուն Մանուկյանը։ Հարձակումը իր վրա է վերցնում անտառապահը։ Ասում է՝ պիտի մենամարտեի, ուշադրությունը վերցնեի իմ վրա, որ ոչ մեկին չվնասի։ «Փորիցս է փորձում բռնի, երկու ձեռքով տալիս եմ գլխին, ատամներով ծունկս է բռնում։ Իմ բոյից բարձր արջ էր։ Մի կերպ բրդում եմ դեպի ձորը, բայց նորից հետ է գալիս»,-պատմում է Մայիսը։
Կարդացեք նաև
Երկրորդ մենամարտի ժամանակ Մայիսը, երբ փորձում է խփել՝ ձեռքը ամբողջությամբ մտնում է արջի բերանը։ Կապանի անտառտնտեսության տնօրենը փայտով խփում է արջին՝ փորձելով ազատել անտառապահին՝ արջի ճիրաններից։ «Կարեւորը բռնեի արջի վիրավոր թաթը, ամեն ինչ կընկներ տեղը, բայց չեմ կարողանում։ Արջն ինձ է բրդում, ես՝ արջին։ Մի կերպ բրդելով տարա դեպի ձորը, արդեն ուզում էր նորից ձեռքս բռներ, բայց բրդում եմ ներքեւ, Մանուկյանն էլ փայտով խփում է մեջքին ու տենց ոռնալով փախչում է»,-պատմում է Մայիս Գեւորգյանը։
Արջի հետ մենամարտելուց չի վախեցել։ Անկեղծանում է՝ գուցե՞ վախ կար, բայց չի զգացել։ «Արցախյան պատերազմին եմ մասնակցել, մի ոտս կորցրել եմ, ես երբեք չեմ նահանջել ոչ մի իրավիճակում»,-ասում է Aravot.am-ի զրուցակիցը։
Աշխատանքից ազատվելու մտադրություն չունի։ Ասում է՝ գործի բնույթն է այդպիսին, ամեն ինչ էլ կպատահի։ «Այդ պահին մտածում էի արջին չվնասենք, կյանքը փրկենք՝ գնա անտառ։ Ա՛յ, որ ինձ փրկելու համար՝ վնասեին արջին, դիմումս կգրեի՝ կազատվեի աշխատանքից»,-ասում է նա։ Բժիշկների հսկողությամբ բուժումները շարունակում է տանը։
Համոզված է՝ մի քանի օրից աշխատանքի դուրս կգա ու հույս ունի հանդիպելու «մենամարտող» արջին։ «Հաստատ էլի կգա այս կողմերը, բա՞ մի հատ չհարցնեմ, ո՞նց է զգում իրեն, ինչո՞ւ հարձակվեց վրաս»,-կես կատակ, կես լուրջ ասում է Մայիս Գեւորգյանը։
Տանը պարապ նստել չի կարողանում։ Մեղվափեթակներ ունի, հավ ու բադ է պահում, օղի է թորում, ջերմոց ունի։ «Պարապ նստել չեմ կարող, պիտի մի բան ստեղծես, որ կարողանաս գոյատեւես»,-ասում է զրուցակիցս՝ նկատելով մեր զարմանքը։ Շինություններից մեկի վրա ցուցանակ կար՝ «Թերապեւտիկ բաժանմունք»։ Կինը բերում է բանալին ու մտնում ենք անտառապահ Մայիս Գեւորգյանի թերապեւտիկ բաժանմունքը։ Սարքավորումներ՝ մետաղ, փայտ մշակելու համար։ Մեղվափեթակներն անգամ իր ձեռքով է պատրաստում։
Հրաժեշտ ենք տալիս անտառապահ Մայիսին։ Նեղսրտվում է՝ առանց իր ձեռով քաշած օղին համտեսելու գնո՞ւմ եք։ Խոստանում ենք՝ լրիվ ապաքինվելուց հետո նորից հյուրընկալվել նրան։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ