Լրահոս
Օրվա լրահոսը

Գերասիմ Վարդանյանի կալանքը երկու ամսով երկարացվեց․ «Նա խնդիր չունի նստելու հետ, վիրավորական է զուտ իրավաբանության տեսանկյունից»

Հուլիս 11,2022 21:30

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական, ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի գործով առաջին դատական նիստը։

Քիչ առաջ դատարանը, ընդմիջված դատական նիստը շարունակելով, հայտարարեց՝ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը կերկարացվի ևս երկու ամսով՝ անփոփոխ թողնելով նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը։

Հիշեցնենք՝ ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել է դեռեւս մեկուկես տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակում․ մեղադրվում է 2020թ․ նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ («Ազատություն» ռ/կ-ի գրասենյակ ներխուժման փորձ): Նա կալանավորվել է այս տարվա մայիսին՝ Դիմադրության շարժման անհնազանդության գործողությունների ժամանակ։

Դատական նիստերի դահլիճում Գերասիմ Վարդանյանի պաշտպան Բենիկ Գալստյանն ասաց․ «Ես որպես պաշտպանական կողմ՝ չեմ կարող ենթադրել՝ իմ պաշտպանյալին որ հոդվածով են մեղավոր ճանաչում։ Ես պետք է հասկանամ, թե ինչ հոդվածով է մեղադրանք ներկայացված։ Ես ուղղակի դատախազի բանավոր հայտարարության վրա չեմ հիմնվում։ Գտնում եմ, որ իմ պաշտպանյալը որևէ հանցավոր արարք չի կատարել։ Ես վստահ եմ, որ նա արդարացվելու է։ Ուստի խնդրում եմ մեղադրողին այս սխալն ուղղել»։ Բենիկ Գալստյանը միջնորդություն ներկայացրեց՝ հստակեցվի մեղադրանքը, որ իրենց համար հասկանալի լինի։

Հանրային մեղադրող Արամ Արամյանն ի պատասխան նշեց․ «Որևէ դատավարական լրացուցիչ գործողություններ չեմ ցանկանում անել։ Պատշաճ ընթացակարգով մեղադրանքն առաջադրվել է։ Սույն գործով նիստը շարունակվելու հետ կապված որևէ խոչընդոտ չեմ տեսնում։ Ես հստակ նշեցի՝ արարքները ապաքրեական չեն, նոր քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված մեղադրանք է։ Գտնում եմ, որ ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել պատշաճ ընթացակարգի շրջանակներում․օրենքով նախատեսված բոլոր երաշխիքները պահպանված են»։ Մինչդեռ Գերասիմ Վարդանյանի պաշտպանը պնդեց՝ փաստացի մեղադրանք գոյություն չունի։ Նաև միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը»։

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանն էլ դատարանի դահլիճում հայտարարեց․ «Մենք ստիպված ենք լինելու ասել՝ դու իմ մեղադրանքն ուղարկել ես դատաքննության այս հոդվածով, դատավճիռն այլ հոդվածով է եղել։ Ուղղակի անլրջացնում ենք այս քաղաքական բավական լուրջ պրոցեսը, և քաղաքական է նաև մեղադրյալների շրջանակը։ Քաղաքական հետապնդումն ինձ համար հարմար առիթ է մերկացնելու այս հանցախմբի գործողությունները և այն հանցավոր շրջանակը, որ պետության զավթմանն ուղղված գործողություններ են կատարել՝ չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը։ Ես ամեն առիթ այստեղ կօգտագործեմ քաղաքական ենթատեքստը բացահայտելու համար։ Այս՝ Ձեր ժամանակն էլ զբաղեցնող քրեական գործ է, այս խեղկատակության ամբողջ հիմքը պիտի բացահայտենք»։

Հանրային մեղադրող Արամ Արամյանը պահանջեց անփոփոխ թողնել Գերասիմ Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Բենիկ Գալստյանը փաստեց․ «Գերասիմ Վարդանյանն ունի երկու անչափահաս երեխաներ, նրա հաշմանդամ եղբայրը գտնվում է իր խնամքի ներքո, նրա հետ են բնակվում տարեց հայրն ու մայրը։ Ընտանիքի միակ կերակրողը Գերասիմ Վարդանյանն է։ Նա ունի մեկ անշարժ գույք,  մեկ մեքենա, որոնք գտնվում են գրավի տակ։ Նա աշխատում է ԱԺ-ում՝ որպես պատգամավորի օգնական և ստանում շուրջ 220 հազար ՀՀ դրամ աշխատավարձ։ Ու այս անձին ասում են՝ արի վաթսուն միլիոն դրամ գրավ մուծի։ Իմ պաշտպանյալի նկատմամբ ընտրված կալանքն ուղղակի վիրավորական է։ Նա խնդիր չունի նստելու հետ, վիրավորական է զուտ իրավաբանության տեսանկյունից»։

Բենիկ Գալստյանը միջնորդեց կիրառել այլընտրանքային կալանավորման միջոց։ Հանրային պաշտպանն առարկեց։ Պաշտպանը նաև միջնորդեց Գերասիմ Վարդանյանի խափանման միջոց գրավի կիրառման չափը նվազեցնել երեք միլիոն դրամ կամ ընդհանրապես վերացնել կալանքը՝ նշելով, որ դատարանի դահլիճում են գտնվում ՀՀ ԱԺ չորս պատգամավորներ, որոնք պատրաստ են անձնական երաշխավորություն ներկայացնել։

Դատական նիստը ընդմիջելուց և նիստերի դահլիճ վերադառնալուց հետո Կարեն Ֆարխոյանը որոշեց մերժել Բենիկ Գալստյանի միջնորդությունը։ Նա երկարացրեց Գերասիմ Վարդանյանի կալանքը երկու ամսով։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031