Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն այսօր ֆեյսբուքյան գրառում կատարեց. «Սույն թվականի հուլիսի 14-ին ՔՊ-ն նախաձեռնել է ընդդիմադիր երկու խմբակցությունների ԲՈԼՈՐ պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու վերաբերյալ ԱԺ խորհրդի նիստ:
Կրկնում եմ ԲՈԼՈՐ, բացի Իշխան Զաքարյանից եւ Թագուհի Թովմասյանից»։
Խորհրդի որոշման նախագիծը դրված էր եղել ԱԺ, սակայն քիչ անց՝ ԱԺ կայքի համապատասխան բաժնում նախագիծը չկար, հանվել էր։ Շատերի մոտ, սակայն, պահպանվել էր ԱԺ կայքում տեղադրված այդ նախագիծը:
Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանն էլ Panorama.am-ին ասել էր. «Այս պահին նման բան չկա»։ Ճշտող հարցին՝ այսինքն չի՞ դիմելու ՍԴ, նա պատասխանել էր. «Այս պահին, այս պահինը կարևոր է»։
Կարդացեք նաև
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանն էլ, «Ֆեյսբուք» սոցիալական կայքում, նախագծի վերաբերյալ նման մեկնաբանություն է թողել. «Նման չէ իրավական փաստաթղթի՝
ա) նույն փաստաթղթում միևնույն մարմինը ներկայացված է տարբեր անվանումներով՝ «Ազգային Ժողով» և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով». Սահմանադրության համաձայն, պետք է լինի՝ «Ազգային ժողով»,
բ) մի դեպքում Սահմանադրությունը «հիմք են ընդունում», մեկ այլ դեպքում՝ «առաջնորդվում», ինչը որևէ իրավական տարբերակված իմաստ չունի, գ) Խորհուրդը իրավասու չէ ինքնուրույն դիմել, ուստի պետք է պաշտոնապես կցել պատգամավորների մեկ հինգերորդի անվանական միջնորդությունը և այլն, և այլն ….»:
Aravot.am-ը փորձեց այս ամենի վերաբերյալ, մանդատներից զրկելու հարցով ՍԴ հնարավոր դիմումի դեպքում հնարավոր հետեւանքների, ինչպես նաեւ ընդդիմադիր խմբակցությունների հետագա քայլերի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներից. մեր հեռախոսազանգերը հիմնականում անպատասխան մնացին կամ պատասխանի արժանանալու դեպքում էլ՝ հարցերն անպատասխան մնացին:
Իսկ Aravot.am-ի հետ զրույցում Գեւորգ Դանիելյանը հավելեց. «Միայն ձևական ընթացակարգային կողմն են, այն էլ լուրջ խախտումներով պահել, մնացյալը անգամ մեկնաբանության ենթակա չէ։ Ինչ մեկնաբանություն տաս այն իրավիճակին, երբ պատգամավորն օգտվում է յուրաքանչյուր քաղաքացու համար սահմանված խաղաղ հավաքների իրավունքից, իսկ իրենք դա համարում են անհարգելի, այն էլ այն դեպքում, որ նույն պատգամավորները նախաձեռնում են արտահերթ նիստ, իսկ իշխանական պատգամավորները՝ խախտելով Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները, բոյկոտում են նիստը, իսկ իրենց բացակայությունը համարում հարգելի։ Նման թյուրիմացությունները հակված չեմ լուրջ մեկնաբանել. գործում է՝ «Մեր դեմ խաղ չկա» տգեղ սովորույթը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ