«Ալիեւի նկրտումները հստակ են եւ հետեւողական։ Ալիեւի դեմ կարող է պայքարել միայն գրագետ, պրոֆեսիոնալ խումբ, որը տեղեկացված է նրա նպատակներից, պատմությունից, քաղաքականությունից, կապ է պահպանում միջազգային կառույցների հետ։ Այսօրվա ՊՈԱԿ-ն ի վիճակի չէ Ադրբեջանին հակահարված տալու։ Կոնդն էլ կուզի, բոշի մայլեն էլ, ինչի՞ պետք է չուզի, եթե դիմադրող չկա, տվող կա»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հերթական զեղծարարությանը, ըստ որի՝ Երեւանյան Կոնդ թաղամասը, դրանում գտնվող մզկիթի մնացորդները, ինչպես նաեւ Երեւանում գտնվող պարսկական Կապույտ մզկիթն իրականում ադրբեջանական են։
Նման իրավիճակում, Արմինե Ադիբեկյանի խոսքով, կառավարությունը ԳԱԱ պատմության ինստիտուտին եւ «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին պետք է հրահանգեր փաստաթղթավորված տեղեկանքներ տրամադրել Կոնդի պատմության մասին, իսկ ԿԳՄՍՆ-ն դրանք պետք է ուղարկեր ՅՈՒՆԵՍԿՕ-ին, բարձրաձայներ Ադրբեջանի կեղծարարության մասին։ «Միակ բանը, որ գիտենք, Ալիեւի ասածն է, թե Կոնդն իրենցն է․․․ու՞»,-հարցադրում արեց Արմինե Ադիբեկյանը։
Նա նշեց, որ Կոնդում գտնվող նշյալ մզկիթը շիիթական է․ «Երբ ասում են, թե իրենցն է, դա այնքան էլ այդպես չի։ Ինչո՞ւ անմիջապես չեն կապվել Իրանի դեսպանատան հետ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ