Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է 2023-2026թթ. հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործընթացը

Հուլիս 11,2022 18:35

Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի մշակմանը նվիրված աշխատաժողով, որով մեկնարկել է նաև ռազմավարության մշակմանն ուղղված հետագա աշխատանքային քննարկումների և հանդիպումների շարքը:

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոյին և թիմին՝ Արդարադատության նախարության հետ շարունակական ու արդյունավետ համագործակցության համար:

Փոխնախարար Թումանյանցն ընդգծել է 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներին պետական կառավարման մարմինների և այլ շահառու կողմերի մասնակցության կարևորությունը:

Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանը և գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, ովքեր ներկայացրել են իրենց գերատեսչություններում առկա խնդիրները, որոնց լուծմանն ուղղված գործողություններն սահմանված են լինելու 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրում:

Միջոցառման մասնակիցները ներգրավվել են երեք աշխատանքային խմբերում՝ քննարկելու և վերհանելու հակակոռուպցիոն քաղաքականության խնդիրները երեք հիմնական ուղղություններով՝ կոռուպցիայի կանխարգելում, կոռուպցիայի բացահայտում, հակակոռուպցիոն կրթություն ու հանրային հաղորդակցության մարտահրավերներ:

Աշխատաժողովին մասնակցել են պետական կառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, Հայաստանում միջազգային առաքելություն իրականացնող կազմակերպությունների, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև անկախ փորձագետներ:

Միջոցառումը տեղի է ունեցել Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի շրջանակներում և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:

 

ՀՀ Արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031