Դեռեւս փետրվարին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը անդրադառնալով Հիսուս Քրիստոսի արձանի կանգնեցման գաղափարին գրել էր, որ իր խորին համոզմամբ, Հայոց եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհուրդն, ըստ արժանվույն գնահատելով հանդերձ ազգային բարերար Գագիկ Ծառուկյանի անժխտելի երախտիքը եկեղեցաշինության գործում, այնուամենայնիվ պետք է կտրականապես մերժի այդ գաղափարը, որովհետեւ այն հակասում է Հայոց եկեղեցու 1700-ամյա պատմության սրբագործված ավանդույթին։
Aravot.am-ը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանից հետաքրքրվեց` ի՞նչ կարծիքի է նախագահի կարծիքի մասին, քանի որ ասել էր, որ ոչ հիմքեր ունի ասելու, որ Հիսուս Քրիստոսի արձանը պահանջված է, ոչ էլ հիմքեր ունի հերքելու, որ դա անթույլատրելի է
«Ես այդ հարցում պետք է լսեմ, թե ինչ է ասում Լեւոն Տեր-Պետրոսյանը, որովհետեւ ինքը բարձր կարգի գիտնական է եւ գիտելիքներ ունի, բայց նաեւ եկեղեցին պետք է խոսք ասի: Չողջունելը մի բան է, դեմ լինելը մեկ այլ բան է… Առավել հստակ դիրքորոշումը կօգներ բոլորիս»:
«Առավոտի» կողմից հիշեցնենք, որ եկեղեցին բազմիցս հնչեցրել է այս առնչությամբ իր դիրքորոշումը։ Մասնավորապես՝ Գերագույն հոգևոր խորհուրդն այս արձանի վերաբերյալ հանդես էր եկել հետևյալ հայտարարությամբ. «Գերագույն հոգևոր խորհուրդը բարձրորեն գնահատում է տիար Գագիկ Ծառուկյանի եկեղեցաշինական անուրանալի ծառայությունները, որոնցով նա մեծապես նպաստել է Եկեղեցու հոգևոր-քարոզչական առաքելության արդյունավորմանը: Միաժամանակ Եկեղեցին ընդունելի չի համարում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։
Կարդացեք նաև
Եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Փրկիչ մեր Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով:
Գերագույն հոգևոր խորհրդի հորդորն է նախաձեռնության հեղինակներին և մասնակիցներին՝ զերծ մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդույթին հակասող նախագծերից և առաջնորդվել մեր ազգային-եկեղեցական մշակույթին, եկեղեցաբանական և աստվածաբանական սկզբունքներին համահունչ մոտեցումներով»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ