Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստ:
Ներկայացվել են Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներով առաջիկա 6 ամսվա անելիքները, այդ թվում՝ Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայության ներդրման ընթացքը: Զեկուցվել է, որ տարվա երկրորդ կիսամյակում նախատեսվում է Պարեկային ծառայության կառավարման օպերատիվ կենտրոնի ներդրման շարունակականության ապահովում: Հաջորդիվ պարեկային ծառայության ստորաբաժանումներ կձևավորվեն Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի և Արագածոտնի մարզերում, ապա ողջ հանրապետությունում: Վերը նշված 4 մարզերում ապագա պարեկների ուսումնական գործընթացները մեկնարկելու են օգոստոս ամսին: Ընդհանուր առմամբ, պարեկային ծառայության անցնելու համար դիմել է 1880 անձ, որոնցից 718-ն է միայն ոստիկանության ծառայող: 1332 անձ իրավունք է ստացել մասնակցելու քննական գործընթացին, որոնցից ծառայության կանցնեն 606-ը:
Հաջորդիվ անդրադարձ է կատարվել Պարեկային ծառայության տեխնիկական հագեցվածությանը, Ոստիկանության զորքերի վերակազմակերպման, Ազգային գվարդիայի ստեղծման աշխատանքներին: Պատասխանատուները վստահեցրել են, որ բոլոր միջոցառումներն իրականացվում են ըստ սահմանված ժամանակացույցի:
Քննարկվել են նաև ոստիկանության մարզային վարչությունների գործունեությանը և տարածքային ստորաբաժանումների նոր մոդելին վերաբերող հարցեր:
Կարդացեք նաև
Վարչապետ Փաշինյանը կարևորել է Ոստիկանության բարեփոխումներով նախատեսվող բոլոր միջոցառումների արդյունավետ իրականացումը և ընդգծել Պարեկային ծառայություն կանանց ներգրավվածության ընդլայնման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը: Այս առումով, կառավարության ղեկավարը տվել է կոնկրետ հանձնարարականներ:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ