Պատասխանելով Aravot.am-ի` Զվարթնոցի տաճարում վերջերս տեղի ունեցած քեֆի վերաբերյալ հարցին, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց. «Որոշ ժամանակ առաջ Գառնիում էր, հիմա էլ Զվարթնոցում եղավ նման խնդիր, մեր ՊՈԱԿ-ը, ում միջոցով դա արվում է, խախտումներ էր նկատել: Ընդ որում, բոլորն օրինական արել են իրենց պարտականությունները. դիմողը դիմել է, ՊՈԱԿ-ն էլ սահմանված կարգով դիմել է լիազոր մարմնին, լիազոր մարմինը կարգի շրջանակում չի առարկել միջոցառման անցկացմանը: Հետագայում պարզվել է, որ եղել են շեղումներ այն կարգից, որին բոլորը տվել են համաձայնություն»:
Նախարարը հավելեց. «Անձամբ ես կարծում եմ, որ հուշարձանները մեր ժողովրդին են, եւ եթե մարդիկ ամուսնանում են, կնունք են անում, ցանկություն ունեն հուշարձանների տարածքում նկարվել, նշել, արգելք դնել չարժի, բայց պետք է պահանջ դնել, որ այդ ամենը չվերածվի երկարատեւ կերուխումի` տարբեր ճաշատեսակների մատուցմամբ, կենացներով, ազատ ոճի երաժշտությամբ:
Կարծում եմ` պետք է կարգը վերանայվի, որովհետեւ ցավոք սրտի, երբ ամեն ինչ չես կոնկրետացնում, շեղումներ լինում են: Հուշարձանը չպետք է ռեստորանի վերածվի»:
Հիշեցնենք, որ վերջերս 5 ժամով վարձակալել էին Զվարթնոցի տաճարի տարածքը` վճարելով 2,5 մլն դրամ եւ մեծ խնջույք արել այնտեղ, հուշարձանի տարածքում բեմ էր տեղադրվել, հնչել հուշարձանի բովանդակությանը ոչ հարիր երաժշտություն:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ