Լրահոս
Օրվա լրահոսը

«Իջևան» բժշկական կենտրոնում մահացած նորածինը եղել է անհաս

Հուլիս 11,2022 17:18

Հուլիսի 9-ին «Իջևան» բժշկական կենտրոնում Տավուշի մարզի բնակիչ՝ 36-ամյա Արմինե Է-ն երեխա է ունեցել, որից հետո նորածինը մահացել է։ Իջևան ԲԿ-Ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Վարդուհի Վարդապետյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ նորածնի մայրը հիվանդանոց է դիմել 26-27 շաբաթական հղիությամբ, նորմալ տեղակայված ընկերքի վաղաժամ շերտազատմամբ և արյունահոսությամբ։

Հիվանդն ունեցել է արգանդի սպիի բարդացած անամնեզ վիճակ։ Մոր կյանքի ցուցումով շտապ կատարվել է կեսարյան հատում և ծննդալուծում։

«Հարազատներին անմիջապես տեղեկացրել ենք երեխայի վիճակի, անհաս թոքերի, ինչպես նաև հնարավոր բոլոր հետևանքների մասին։ Քննարկել ենք երեխային մայրաքաղաք տեղափոխելու ռիսկերն ու հնարավորությունները։ Ծնվելուց 1,5 ժամ անց՝ նորածինը մահացել է»,- հավելեց Վարդուհի Վարդապետյանը։

Նորածնի մայրը՝ Արմինե Է․-ն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ նախապես իմացել է իր առողջության հնարավոր վատթարացման մասին, բժիշկները տեղեկացրել են հատուկ խնամքի կարիքի մասին՝ նման իրավիճակից խուսափելու համար։

«Կեսարյան հատումը կատարվել է կյանքս փրկելու համար, ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել բժիշկներին, որ դա նրանց հաջողվել է»- հավելեց Արմինե Է․-ն։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Իջևան Բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031