Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասել են՝ Ջալալ Հարությունյանին չեն ձերբակալում, որովհետեւ իր պաշտոնում փոխարինող չունի»․ ծնողներ

Հուլիս 11,2022 17:06

Արցախի ՊԲ N զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի անհայտ կորած զինծառայողների ընտանիքի անդամներն այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը բարձրաձայնեցին, որ անհետ կորած զինծառայողների գործով որեւէ առաջընթաց չկա, ծնողներին շարունակում են, կոպիտ ասած, «կուտ տալ», խաբել, սակայն իրենք չենք նահանջելու, դիմելու են նաեւ միջազգային իրավական կառույցներին, դատի են տալու Նիկոլ Փաշինյանին, Ջալալ Հարությունյանին, Ադրբեջանին։

Հիշեցնենք, որ ՊԲ N զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնը 44-օրյա պատերազմի ընթացքում հայտնվել էր հակառակորդի դիվերսիոն խմբի ներգործության տակ, որի պատճառով 21 անհայտ կորած զինծառայող կա․ ծնողները ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի մեղավորության մասին են բարձրաձայնում, քանի որ հրահանգել է՝ «մերոնք են, չկրակեք», բայց պարզվել է՝ թուրքերն են։ ՊԲ N զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գևորգ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել:

Ջիվան Միքայելյանն ու Եղիշե Զաքունցը հայտարարեցին, որ դեռեւս 2020թ․-ից ցուցմունքներ են տվել քննչական մարմիններում, սակայն գործը տեղից չի շարժվում, բարձրաստիճան պաշտոնյաները չեն ձերբակալվում, որովհետեւ քաղաքական որոշում կա։

Եղիշե Զաքունց

«Ջալալ Հարությունյանն ասել է, որ 100%-ով մերոնք են, չկրակեք, իսկ հրետանու պետ Գենա Բաղդասարյանն էլ մինչեւ հիմա հանգիստ ապրում է։ Մենք հետեւողական ենք լինելու՝ ամեն հրետանավորի անունից, ավելին ենք անելու, քանի որ ՀՀ պաշտոնյաների որոշմամբ արդարադատությունը ձգձգվում է։ Հասկանում ենք, որ մեր երեխաներին չենք վերադարձնի, բայց սա միայն նրանց համար չենք անում, այլ ապագա զինվորների։ Նման մարդիկ չպետք է առնչվեն մեր զինվորների կյանքի հետ։ Նրանց ոչ կոմպետենտ որոշումների հետեւանքով մեր երեխաները կյանքը զոհեցին»,-ասաց Եղիշե Զաքունցը։

Ջիվան Միքայելյան

Ջիվան Միքայելյանն էլ հայտնեց՝ քննչական մարմինը հետեւյալ կերպ է պարզաբանել իրավիճակը․ «Թեեւ քննչական մարմինը համոզված է, որ Ջալալ Հարությունյանը մեղավոր է եւ պետք է ձերբակալվի, սակայն ասում են՝ նա այնպիսի պաշտոն է զբաղեցնում, որ փոխարինող չունի։ Ծիծաղելի է, բայց նման պատասխան են տալիս։ 5 ամիս է, որ խոստանում են մեղադրանք առաջադրել»։

Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը 2021թ․-ին նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ։ Ծնողները մատնանշեցին, որ պատերազմի ավարտից ի վեր իրենց սեփական հետաքննություններն են անցկացրել, որ բացահայտեն մեղավորներին, խորացել են մանրամասների մեջ, վերլուծել, հետեւություններ արել, միայնակ փնտրել որդիների մարմինները, եւ այս ընթացքում չեն տեսել պետության աջակցությունը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031