Հունիսի 27-ից հուլիսի 9-ը Չեխիայում կայացավ Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակիչ փուլը։ ՀՖՖ մրցավար Քրիստինե Գրիգորյանն ընդգրկված էր մրցաշարը սպասարկող մրցավարների կազմում:
Հայ մրցավարը սպասարկել է խմբային փուլի 3 հանդիպում՝ Չեխիա-Ֆրանսիա, Նորվեգիա-Գերմանիա և Ֆրանսիա-Իսպանիա, ինչպես նաև կիսաեզրափակիչ Իսպանիա-Շվեդիա և եզրափակիչ Իսպանիա-Նորվեգիա հանդիպումները։
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Քրիստինե Գրիգորյանը կիսվել է իր տպավորություններով. «Մրցաշարը շատ բարձր մակարդակով էր կազմակերպված։ Դեռ մինչև մրցավայր մեկնելն առաջնությունը սպասարկող մրցավարներիս տրամադրել էին բոլոր անհրաժեշտ նյութերը։
Առաջնությունը սպասարկող մրցավարներից մի քանիսին ծանոթ էի արդեն՝ դեռ նախորդ միջազգային խաղերից, մնացածի հետ տեղում ծանոթացա և ընկերներ ձեռք բերեցի։
Կարդացեք նաև
Չէի սպասում, որ ինձ կընդգրկեն կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումները սպասարկող մրցավարների շարքում, չնայած որ խմբային փուլի հանդիպումները շատ բարձր մակարդակով էի անցկացրել և ֆիթնես թեստերը շատ լավ էի հանձնել։
Երբ իմացա, որ պետք է գործընկերներիս հետ սպասարկեմ Եվրոպայի առաջնության եզրափակիչը՝ աննկարագրելի զգացումներ ունեցա։ Չէի կենտրոնանում այն փաստի վրա, որ սա եզրափակիչն է, հանդիպմանը մոտենում էի որպես հերթական միջազգային հանդիպում, որը պետք է բարձր մակարդակով սպասարկել։
Սա ոչ թե իմ, այլ հայկական ֆուտբոլի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՀՖՖ Մրցավարական և տեսչական բաժնի հաջողությունն ու նվաճումն է»։
ՀՖՖ