Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիսուսի արձանը ոչ պակաս կարեւոր հարց է, քան Հայոց եկեղեցու պատմություն առարկայի ժամաքանակը». Վահրամ Դումանյանը

Հուլիս 11,2022 16:50

Aravot.am-ը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանից հետաքրքրվեց, թե ինչու ԿԳՄՍ նախարարությունը ուշացումով որոշեց արձագանքել  Հատիս լեռան տարածքում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրմանը:

«Հատիսի մասին կառավարության նիստում հնչեցվեց, բայց այս պահին ի՞նչ ասաց վարչապետը, ի՞նչ հնչեցվեց կառավարության նիստին, այն, որ գաղափարը դեռ պետք է ճանապարհ անցնի եւ փաստաթղթավորվի, դեռ խնդիրներ պետք է լուծվեն, եւ խնդիրների լուծումն ընթացքի մեջ է»,-ասաց նախարարը:

Հավելեց, որ այս պահին դեռեւս նախագիծ չկա, ԿԳՄՍՆ հայտարարության մեջ էլ հղումներ են արված գործող կարգերին, օրենքներին. «Հուսով ենք, որ հետագան կլինի կարգին համաձայն»:

Վահրամ Դումանյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանի հետ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման հարցով երբեւէ չի հանդիպել, իրենք նախարարությանը չեն դիմել, պաշտոնական գրագրություն չի եղել:

«Եթե ցանկացած քաղաքաշինական հարցով օրենքին դեմ գնան, լիազոր մարմինը, տվյալ դեպքում` մեր նախարարությունը կպահանջի խստորեն պահպանել կարգերը եւ հետեւել օրենսդրության պահանջներին»,-ասաց Վահրամ Դումանյանը:

Նախարարը կարծիք հայտնեց, որ լավ կլիներ, եթե Հայ առաքելական եկեղեցին ավելի հստակ դիրքորոշմամբ հանդես գար այս հարցում, ինչը նրա ձեւակերպմամբ, ոչ պակաս կարեւոր է, քան Հայոց եկեղեցու պատմություն առարկայի ժամաքանակը:

Արձանի մասին էլ շեշտեց. «Ես ոչ հիմքեր ունեմ ասելու, որ այդ արձանը պահանջված է, որ պետք է օր առաջ լինի, որ մեզ ավելի լավ զգանք, ոչ էլ հիմքեր ունեմ հերքելու, որ դա անթույլատրելի է, վատ է»:

Ինչ վերաբերվում է էսքիզին, նրա խոսքով. «Քրիստոսի վերաբերյալ բոլոր էսքիզներն էլ իրար նման են»:

Հիշեցնենք, որ Գերագույն հոգևոր խորհուրդն այս արձանի վերաբերյալ հանդես էր եկել հետևյալ հայտարարությամբ. «Գերագույն հոգևոր խորհուրդը բարձրորեն գնահատում է տիար Գագիկ Ծառուկյանի եկեղեցաշինական անուրանալի ծառայությունները, որոնցով նա մեծապես նպաստել է Եկեղեցու հոգևոր-քարոզչական առաքելության արդյունավորմանը: Միաժամանակ Եկեղեցին ընդունելի չի համարում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։

Եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Փրկիչ մեր Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով:

Գերագույն հոգևոր խորհրդի հորդորն է նախաձեռնության հեղինակներին և մասնակիցներին՝ զերծ մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդույթին հակասող նախագծերից և առաջնորդվել մեր ազգային-եկեղեցական մշակույթին, եկեղեցաբանական և աստվածաբանական սկզբունքներին համահունչ մոտեցումներով»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031