Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը «Հայաստան. ժառանգության ուսուցում, պահպանում և արժեւորում» ծրագրի մեկնարկի առիթով կայացած ասուլիսում արտասահմանցի լրագրողներից մեկը հարց հնչեցրեց Արցախի վտանգված հուշարձանների մասին, նաեւ ցանկացավ իմանալ Ֆրանսիայի դիրքորոշման մասին:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի խոսքով. «Ֆրանսիան գտնում է, որ անհրաժեշտ է Արցախում գտնվող ժառանգության հարցով զբաղվել եւ այդ թեման ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավասության տակ է գտնվում: Մեր հանրապետության նախագահը վերջին գագաթաժողովի ժամանակ, որը կազմակերպվեց առցանց, խոսել է այդ մասին, անդրադարձել թեմային` պարոն Փաշինյանի եւ պարոն Ալիեւի հետ փետրվար ամսին: Հուսանք, որ մեր ջանքերը արդյունք կտան եւ կկարողանանք աջակցել, որպեսզի այնպիսի պայմաններ ստեղծվեն, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը վերջապես իրականանա: Մենք դրա վրա ենք աշխատում, բայց դա, ինչպես արդեն նշեցի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավասության տակ է»:
Հիշեցնենք, որ դեռեւս 2020թ. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թվիթերում գրառում էր կատարել, որ Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում և Հակամարտություններում ժառանգության պաշտպանության դաշինքի հետ պատրաստ է ներդնել իր փորձը և լիակատար աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանություն գործում: Սակայն մինչ օրս ադրբեջանական կողմի պատճառով չի հաջողվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացումը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ