Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ գինեգործները միջազգային շուկան կորցնելու վտանգի առջեւ են․ առաջարկում են պետությունը սուբսիդավորի մթերումը

Հուլիս 11,2022 16:22

Դրամի արժեւորման հետեւանքով, արդեն տեւական ժամանակ է՝ գինեգործական ընկերությունները տուժում են։ Հայկական գինի արտադրող եւ արտահանող ընկերությունները դրսի շուկայում հազիվ տեղ են գտել, ամրապնդվել, սակայն հիմա դրամի արժեւորման հետեւանքով ռիսկ կա, որ շուկան կկորցնեն։

Սամվել Մաչանյան

«Ալլուրիա Վայն» գինեգործական համահիմնադիր Սամվել Մաչանյանը «Մանթաշյանց» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց՝ փոխարժեքի տատանումն ու անորոշությունը խնդիրներ է առաջացնում, բիզնեսը ծրագրվում է ոչ թե մեկ-երկու ամսով, այլ՝ երկարաժամկետ, ընդ որում, ասենք մթերումներն իրականացվում են սեպտեմբերին տվյալ պահի փոխարժեքի հիման վրա, եւ հիմա այս անկայուն միջավայրում խնդրի առաջ են կանգնած։

«Երբ դրամն արժեւորվում է, մեր ապրանքը թանկանում է, որովհետեւ ապրանքի գնանշումը դրամով ենք անում եւ սկսվում է մեր գործընկների հետ ոչ հաճելի փուլը՝ բանակցությունների ժամանակ պայմանավորվածություններ փոխելը, ինչը ռիսկ է»,-ասաց Մաչանյանը։

Բնական գինի արտադրող այս ընկերության արտադրության 50%-ն արտահանվում է աշխարհի 11 երկրներ, հիմնականում՝ Ճապոնիա։ Անցած տարի այս սեզոնին ամբողջ արտանահումն իրականացված էր, իսկ այս տարի դեռ մի շիշ էլ չի արտահանվել։

«Մեր շատ կարեւոր գործընկերներից մեկը սպասում է պատվերին, այսօր ստացել ենք լոգիստիկայի գները, որն էլի մի փոքր թանկացել է։ Ապրանքի գինը դեռ չենք թանկացրել, բայց պետք է հաշվարկենք, որպեսզի հասկանանք՝ ինչ է լինելու։ Գինը բարձրացնելը գրավիչ է, բայց շուկան կորցնելու ռիսկ կա: Գինը բարձրացնելն էլ լուծում չէ, հայկական գինին էժան չէ։ Մենք այդ շռայլությունը չունենք՝ էժան գինի արտադրելու, մենք ավելի որակով ու թանկարժեք գինիներ ենք արտադրում։ Երկիր կա, որտեղ գինու գինը տաղավարի վրա մոտավոր 3,2 անգամ փոխվում է։ Այսինքն՝ եթե ուղարկում ենք 5 դոլարանոց, տաղավարի դառնում է 16 դոլար, բայց մեզ մոտ միջին գինը 7-8 դոլար է, մեր դեպքում ամենաէժանը 10 դոլար է, դրսի շուկայում տաղավարի վրա դառնում է 32 դոլար»,-ասաց «Ալլուրիա Վայն»-ի ղեկավարը։

Հիմա դրսի գործընկերների հետ ընկերությունը բանակցում է, եթե ընդհանուր հայտարարի չգան, Մաչանյանի խոսքով՝ գործը կանգնեցնելու են, չեն ուղարկի։

Նա ասաց, որ բավականին լուրջ ջանքեր են թափում, որպեսզի գինու միջազգային շուկայում հայկական արտադրողները տեղ զբաղեցնեն, որովհետեւ, ըստ Մաչանյանի, խորհրդային տարիներից Հայաստանն աշխարհին ավելի շատ հայտնի է որպես կոնյակ արտադրող, հայկական գինու մասին շատ քչերը գիտեն․ «Այս տարիների ընթացքում ամեն տարի մի քանի ցուցահանդեսների ու միջոցառումների են մասնակցում հայկական գինի արտադրողները, որպեսզի մեր գինին ճանաչելի դարձնեն աշխարհին։ Հետո մտնում ենք շուկա, սկսում աշխատել, որ վաճառվի։ Իսկ հիմա եթե դադարեցվի՝ մեկ այլ երկիր մեր տեղը կզբաղեցնի, ու մեր տարիների աշխատանքը ջուրը կընկնի»։

Սուրեն Օհանջանյան

Ասուլիսի մեկ այլ բանախոս «Գ․Ս․Վայն քոմփանի» մրգային գինիներ արտադրող ընկերության համահիմնադիր Սուրեն Օհանջանյանն էլ ասաց՝ իրենց արտադրանքը արտահանում են ՌԴ, Չինաստան, եվրոպական երկրներ, ՌԴ արտահանելու խնդիր չունեն, մի բան էլ ձեռնտու է՝ այս պահին դրամ- ռուբլի փոխարժեքի պատճառով։ Իսկ ահա այլ երկրներ արտահանելը մեծ խնդիր է, ճանապարհածախսը երկու անգամ թանկացել է։

Օհանջանյանն ասաց, որ լավ կլինի պետությունը աջակցի, ինչ-որ լուծումներ գտնի․ «Շուտով մթերման սեզոնն է, գումար պետք է ներդնենք, որպեսզի կարողանանք շարժվել առաջ։ Առաջարկում ենք, որպեսզի պետությունը սուբսիդավորի մթերումը, ասենք՝ 20-30%-ով սուբսիդավորի մթերումը։ Մի ժամանակ մթերման վարկերը անտոկոս էին, հիմա 3-4% է դարձել։ Ու պետք էր գյուղացիների հետ պայմանագիր կնքվեր մինչեւ հուլիսի 1-ը։ Մենք դժգոհություն հայտնեցինք, ժամկետը երկարացվեց մինչեւ հոկտեմբերի 1-ը։ Հիմա եթե կառավարությունն ուզում է աջակցել՝ թող խաղողագործներին օգնեն մթերման հարցում»։

Օհանջանյանն անդրադարձավ խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամին, որը ոլորտին որոշակիորեն աջակցելու համար է ստեղծված։ Սակայն, կառավարությունը, ինչպես Օհանջանյանն ասաց, հիմնադրամի բյուջեն նվազեցնում է․ «2017 թվականին հիմնադրամի բյուջեն 210 միլիոն դրամ էր, 2019-ին՝ 330 միլիոն։ Կամաց-կամաց բյուջեն նվազեցնում են։ Կառավարությունը որոշել է, որ մինչեւ 2025 թվականը բյուջեն դարձնելու է 80 միլիոն, որպեսզի հետո գինեգործների հաշվին են բյուջեն լրացվի»։

Մաչանյանն էլ հավելեց՝ գինեգործները դեմ չեն հիմնադրամի բյուջեին աջակցելու, սակայն չի կարելի հիմա ոլորտային խնդիրները միանգամից բարդել բիզնեսի վրա․ «Պետք է սպասեն, մի քիչ ոտքի կանգնենք, նոր նման որոշում կայացնեն։ Այս փուլում դեռ երբ պայքարում ենք շատ այլ խնդիրներ լուծել, միանգամից մեր վրա դնել ոլորտը կարգավորելու խնդիրը՝ բարդ է լինելու մեզ համար»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031