Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեր երկրների միջեւ թվային համագործակցությունն օբյեկտիվորեն կարող է ձեւավորել հայ-ռուսական ինտեգրման նոր որակ. Արմեն Գևորգյան

Հուլիս 11,2022 16:11

Արմեն Գևորգյանի ելույթը ՀՀ ԱԺ-ի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում

Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հուլիսի 11-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում կայացած 35-րդ նիստում «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության, այդ թվում՝ ՏՏ տեխնոլոգիաների զարգացման եւ թվայնացման տեմպերի արագացման» թեմայով քննարկման ժամանակ:

Ելույթում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի՛ գործընկերներ,

ԵԱՏՄ թվային օրակարգի մասին հայտարարության ընդունումից ի վեր անդամ երկրներն ազգային պետական կառավարման եւ տնտեսության մեջ թվային տեխնոլոգիաների ներդրման երկար ճանապարհ են անցել: Կարեւոր է, որ թվային տեխնոլոգիաների ներդրման օպերատիվությունը համավարակի ժամանակ անկում չի ապրել, եւ մենք ականատես ենք եղել նոր նախագծերի: Միեւնույն ժամանակ, պետք է ընդունենք, որ թվային օրակարգի ուղղությամբ աշխատանքի տեմպերն ու արդյունքները մեր երկրներում շատ տարբեր են: Այս նիստին նախապատրաստվելիս ծանոթացա Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի նախագծերի իրականացման 2022 թ. զեկույցին: Ցավոք, պետք է նշեմ, որ այդ զեկույցում ինտեգրացիոն մեխանիզմների թվայնացմանն ուղղված նախագծերի արդյունավետության վերաբերյալ տվյալներ չտեսա: Կարծում եմ, որ օգտակար կլինի՝ ելնելով մեր աշխատանքի արդյունքներից, ԵԱՏՄ հանձնաժողովին առաջարկել մշակել եւ ներդնել այսպես կոչված թվային օրակարգի արդյունավետության գործակիցներ, որոնց համաձայն՝ հնարավոր կլինի որոշել թվային նախագծերի ազդեցության քանակական եւ որակական ցուցանիշները մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճի, ամբողջությամբ վերցրած մեր միության ՀՆԱ-ի եւ տնտեսության առանձին հատվածների աճի, մեր երկրներում արտադրվող ապրանքների մրցունակության եւ որակի բարձրացման, արդյունաբերական եւ այլ կոոպերացիաների խորացման մեջ:

Այսօր թվային օրակարգի առկա օբյեկտիվ խնդիրներին ավելացել են նաեւ ի հայտ եկած նոր գլոբալ եւ աշխարհաքաղաքական իրողությունները: Հարաբերությունների այս նոր միջավայրում, ըստ իս, արդիական են դառնում թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության երկու էական ասպեկտներ. առաջինը համագործակցության երկկողմ բաղադրիչի ամրապնդումն է, նկատի ունեմ՝ հայ-ռուսական համագործակցությունը, իսկ երկրորդը՝ ազգային անվտանգության ոլորտում նոր մարտահրավերների եւ զարգացման թվային օրակարգի փոխհարաբերությունը:

Համատեղ հետազոտությունների առաջատար ոլորտներ կարող են լինել ազգային անվտանգության համար «թվային ռիսկերի չեզոքացումը» եւ մեր երկրների ռազմարդյունաբերական համալիրի «թվային վերափոխումը»:

Արդեն իսկ ակնհայտ է, որ նոր աշխարհակարգում գործ ենք ունենալու կիբեռահաբեկչության, կիբեռզենքի եւ կիբեռպատերազմի հետ: Հայաստանի համար այս հարցերն էլ ավելի արդիական են դարձել 44-օրյա պատերազմից հետո: Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության հարցերում մեր համատեղ ջանքերը պետք է կրկնապատկվեն ինչպես Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի առավելագույն արդյունավետությունն ապահովելու առումով՝ թյուրքական կոալիցիայի կողմից նրանց ներկայության աճող մերժման պայմաններում, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության սահմանների տարածքային ամբողջականության եւ անձեռնմխելիության ապահովման համար:

Պետության ինքնիշխանությունն ապահովող ավանդական եւ միակ արտադրողը ռազմարդյունաբերական համալիրն է. չէ՞ որ պետությունը կենտրոնական տեղ է զբաղեցնում այս համալիրի գործունեության եւ զարգացման հարցում: Անկասկած, պաշտպանության ոլորտն ամբողջ աշխարհում տեխնոլոգիական առաջընթացի առաջատարներից է, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները պետք է ապահովեն սեփական արտադրության «թվայնացումը», որպեսզի կարողանան ինտեգրվել «թվային տնտեսությանը» եւ համապատասխանել տնտեսության այլ ոլորտներում կառավարման տեխնոլոգիաների զարգացման մակարդակին: Ռազմական գործողությունների հաջողության գրավականը ժամանակին ցուցաբերվող համապարփակ տեղեկատվական աջակցությունն է: Այդ իսկ պատճառով «թվային տնտեսության» ի հայտ գալը մարտահրավեր է ռազմաարդյունաբերական համալիրի համար:

Գործընկերնե՛ր,

հայ-ռուսական «համապարփակ թվային մրցունակություն» նախաձեռնության մեկնարկը կարող է օգնել համարժեք եւ արդյունավետ արձագանքելու նշված մարտահրավերներին՝ բազմակողմ համագործակցության միջոցով հիմնվելով առկա համատեղ եւ ազգային ռազմարդյունաբերական միավորումների, գիտահետազոտական հարթակների եւ մեծաքանակ որակյալ մարդկային ռեսուրսների վրա: Միջպետական համագործակցության մակարդակով հնարավոր է սահմանել մեր երկրների տեղեկատվական եւ հեռահաղորդակցության ենթակառուցվածքների կայունության եւ անվտանգության ապահովման խնդիրը տեղեկատվական եւ թվային տարածության բոլոր մակարդակներում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի փոխգործակցության եւ կառավարման միասնական համակարգերի շրջանակում:

Նման նախաձեռնությունը կարեւոր կլինի նաեւ կրթության եւ գիտության ոլորտների զարգացման համար: Հայաստանի Հանրապետությունը կարող է դառնալ յուրօրինակ գիտական լաբորատորիա, որտեղ կարող են կատարվել բավականին համարձակ եւ արտառոց գիտական հետազոտություններ եւ փորձեր, որտեղ ռուս ներդրողների հետ համատեղ կարող են ստեղծվել լաբորատոր արտադրամասեր եւ մեկնարկային արտադրություններ: Բացի այդ, մեր երկրների միջեւ ռազմարդյունաբերական համալիրի շրջանակում թվային համագործակցությունը կարող է առավելագույնս խթանել Հայաստանի պաշտպանական-արդյունաբերական ինքնաբավության քաղաքականությունը, ինչը նվազագույնի կհասցնի երկրի կախվածությունն արտաքին գործոններից:

Եզրափակելով՝ նշեմ, որ մեր երկրների միջեւ թվային համագործակցությունն օբյեկտիվորեն կարող է ձեւավորել հայ-ռուսական ինտեգրման նոր որակ, եւ նոր հեռանկարներ բացել դրա խորացման համար:

Շատ շնորհակալ եմ ուշադրության համար»,- ելույթը եզրափակել է Արմեն Գեւորգյանը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031