Լրահոս
Օրվա լրահոսը

«Արսեն Ավագյանը նշանակվել է Ռուբինյանի նաժիշտ, բայց սա սկանդալ է դիվանագիտական հարաբերություններում»․ Էդգար Ղազարյան

Հուլիս 11,2022 15:59

ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացում շարունակում է սկանդալային մնալ ՀՀ-ի կողմից բանակցող Ռուբեն Ռուբինյանի կարգավիճակը, քանի որ նա որեւէ որոշմամբ չի նշանակվել ՀՀ պաշտոնական ներկայացուցիչ։ Այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։ Նրա խոսքով՝ Ռուբինյանը չունի որեւէ իրավական կարգավիճակ, չկա նրա վերաբերյալ վարչապետի որոշում, մինչդեռ Թուրքիայի բանագնացն ունի հստակ կարգավիճակ եւ Ռուբինյանի տարիքից ավելի դիվանագիտական փորձ։

Էդգար Ղազարյանը նշեց․ «Ռուբինյանն ԱԺ փոխնախագահի պաշտոնն ունի, իսկ արտաքին քաղաքականությունն, ըստ սահմանադրության, կառավարության գործառույթն է։ Այսպես խախտվում է իշխանության տարանջատման սկզբունքը։ ԱԺ փոխնախագահը զբաղված է գործադիրի աշխատանք կատարելով»։

Ըստ Էդգար Ղազարյանի՝ սկանդալը նաեւ նրանում է, որ հուլիսի 1-ին Վիեննայում Սերդար Քըլըչի հետ հանդիպման ժամանակ Ռուբինյանի կողքին նստած էր Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը․ «Հերիք չի, որ Ռուբինյանը բանակցում է թուրքական կողմից պաշտոնապես նշանակված անձի հետ, մի բան էլ հանդիպմանը նստած է Իրանում ՀՀ դեսպանը։ Այսինքն, Արսեն Ավագյանին հետ են կանչել եւ գործուղել երրորդ երկրի մայրաքաղաք՝ Վիեննա, 4-րդ երկիր Թուրքիայի հետ բանակցելու համար։ Նման բան դիվանագիտության պատմության մեջ չի եղել։ Արսեն Ավագյանին անձամբ ճանաչում եմ, ՀՀ լավագույն թուրքագետներից է ակադեմիական մակարդակով։ Եթե ես լինեի վարչապետի փոխարեն, նրան կնշանակեի բանագնաց։ Հերիք չի լավ թուրքագետին դեսպան են նշանակել Իրանում, երբ շատ իրանագետներ ունենք․․․Արսեն Ավագյանը, հաշվի առնելով արքունի ավանդույթները, նշանակվել է Ռուբինյանի նաժիշտ, բայց սա սկանդալ է դիվանագիտական հարաբերություններում, երբ դեսպանը դուրս է գալիս իր առաքելության երկրից։ Արսեն Ավագյանը Իրանը լքելուց հայտագիր տվել է, որ երկիրը լքում է։ Իրանի ԱԳՆ-ն էլ մեկ էլ տեսնում է, որ նա գտնվում է Վիեննայում եւ նրա դիմաց թուրք դիվանագետ է»։

Նկատառմանն ի պատասխան, որ իշխանությունից կարող է հնչել հակադարձում, թե փորձառու դիվանագետների կարողություններն օգտագործում են, եթե չօգտագործեն, ապա ընդդիմությունը կասի, թե փորձառուներին չեն լսում, Էդգար Ղազարյանը նշեց․ «Դրա համար հանրային ծառայության եւ դիվանագիտական ծառայության մասին օրենքներ գոյություն ունեն։ Դրա համար կան օգնականներ, խորհրդականներ՝ ներգրավելու համար։ Դեսպանը պաշտոնյա է, որը տվյալ երկրում ունի առաքելություն։ Արսեն Ավագյանը, որպես դեսպան, օրենքով լիազորված է կատարելու բացառապես Իրանում ՀՀ դեսպանի առաքելությունները»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031