Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ լավ գիտենք մշակութային ժառանգության կարեւորությունը այս տարածաշրջանում». Անն Լույո

Հուլիս 11,2022 15:49

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում են «Հայաստան. ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Նորարարական ծրագրերի համերաշխության հիմնադրամի (Fonds de solidarit pour les projets innovants) կողմից։ 600 000 եվրո արժեցող ծրագրի առաջին բաղադրիչը կրթական է` մասնագետների հմտությունների ամրապնդմանն ու զարգացմանն է վերաբերում, երկրորդը` Տաթեւի Մեծ Անապատ վանքային համալիրի վերականգնմանը, իսկ երրորդ բաղադրիչը նվիրված է Էրեբունի թանգարանի մշտական ցուցադրության վերակազմակերպմանը, արդիականացմանն ու հավաքածուների բարեփոխմանը:

Այդ առիթով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում կայացած ասուլիսում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն կարեւորեց ծրագրի հետ կապված գործընթացները: «Պարոն Դումանյանի հետ քիչ առաջ ստորագրեցինք ժառանգության պահպանման վերաբերյալ հուշագիր, որի առաջնահերթություններից մեկն արդեն անուղղակի արծարծվել էր Ֆրանսիայի նախագահի եւ ՀՀ վարչապետի կողմից,-ասաց տիկին դեսպանը: Նրա ձեւակերպմամբ, 3 ուղղություններ ընդգրկող ծրագիրը երկու կառավարությունների համար գոհունակության մեծ առիթ է: Դեսպանը փաստեց, որ այս ծրագրի շրջանակում Լուվրի թանգարանի առաջին գործունեությունն է իրականացվում Հայաստանում: Բացի դրանից, նրա խոսքով, ծրագիրը հնարավորություն է տալիս միավորել այն հաստատությունները, որոնք պատասխանատու են ժառանգության համար:

«Շատ լավ գիտենք մշակութային ժառանգության կարեւորությունը քաղաքական ոլորտում, հատկապես այս տարածաշրջանում»,-ընդգծեց տիկին Լույոն:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը անդրադառնալով հայ-ֆրանսիական առնչություններին` այդ համատեքստում կարեւորեց «Հայաստան․ ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» խորագիրը կրող ծրագրի մեկնարկը: Շեշտեց, որ ժառանգության նշանակությունը էլ ավելի է կարեւորվել 44-օրյա պատերազմից հետո` հայկական հուշարձանների հանդեպ ադրբեջանական կողմի ոտնձգությունների համատեքստում: Նա նաեւ հույս հայտնեց, որ ծրագիրը կլինի շարունակական:

Լուվրի թանգարանի Արևելյան հնությունների բաժնի տնօրեն Արիան Տոման հայտնեց, որ իր համար մեծ պատիվ է Լուվրի անունից ներկա գտնվել Հայաստանում: «Ուրախ ենք, որ հայ մասնագետների վերապատրաստման գործում մեր մասնակցությունն ենք ունենալու»,-ասաց նա: Ապա հավելեց, որ Հայաստանում եւս կան արժեքավոր մասնագետներ, որոնցից ֆրանսիական կողմն էլ սովորելու բան ունի:

«Ուրախ եմ, որ մեր կատարած աշխատանքն այսօր պաշտոնապես ամրագրվեց»,-ասաց Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը:

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը նշեց, որ Էրեբունին մեր ազգային ու պետական ինքնության գլխավոր խորհրդանիշն է, Էրեբունուց է սկսվում մեր մայրաքաղաք Երեւանի գրավոր պատմությունը եւ այն չափազանց կարեւոր դեր ունի Հայաստանի եւ Հայաստանի հնագույն պատմության պահպանման համար: Նա անդրադարձավ հայ-ֆրանսիական արշավախմբի պեղումներին ու բացահայտումներին, ապա հավելեց. «Էրեբունին ցույց է տալիս հայկական ինքնության կարեւոր ժամանակագրությունը: Մեզ համար մեծ պատիվ մաս կազմել այս ծրագրի, ունենալ բոլորովին նոր` Էրեբունուն համահունչ ցուցադրություն»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031