Լրահոս
Օրվա լրահոսը

«Քեզ թվում է՝ Նիկոլը չորս տարի մնալո՞ւ է». Իշխան Սաղաթելյանը՝ մանդատները վայր դնելու մասին

Հուլիս 11,2022 15:17

«Ես չեմ ասել, որ օգոստոսի 2-ից սկսելու ենք պաշտոնանկության գործընթաց: Ասել եմ՝ օգոստոսի 2-ից մեր գործիքակազմին ավելանում է եւս մեկը՝ պաշտոնանկության հնարավորությունը: Ասել եմ հստակ, մենք այդ գործընթացի մեջ կմտնենք միայն այն ժամանակ, երբ հաջողության հասնելու համար լինեն բավարար հիմքեր: Ձեւական այդ պրոցեսի մեջ չենք մտնելու: Իսկ այդ հիմքերը՝ իրավական ու քաղաքական առումով, ակնհայտ է, որ կան: Այդ գործընթացը հաջողությամբ կավարտվի միայն այն դեպքում, եթե համաժողովրդական շարժումը հասնի այն կետին, որ այլեւս այլընտրանք չլինի: Խորհրդարան վերադառնալու հետ կապված ասել եմ՝ խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով»,- այսօր կայացած ասուլիսում ասաց Դիմադրության շարժման առաջնորդներից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու մասին հարցին:

Նա չհամաձայնեց լրագրողի դիտարկմանը, որ ընդդիմությունը մանդատ է ստացել նաեւ, որ մասնակցի խորհրդարանական քննարկումներին, առավել ևս, որ փողոցով Նիկոլ Փաշինյանին հեռացնելու փորձերը արդյունք չտվեցին:

«Էդ որ ասում են՝ ընդդիմությանն ինչքան քվեարկող եղել է, այդքանը պետք է դուրս գան փողոց, այդ տրամաբանությամբ թող Նիկոլ Փաշինյանը հանրահավաք անի ու 680 հազար մարդ հանի փողոց. եթե հանեց 10 հազար մարդ, ֆիքսում ենք, որ իր աջակիցների թիվը այդքան է: Եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, Նիկոլը գոյություն չունի, որովհետեւ ինքն աջակից չունի, որովհետեւ մնացել է ոստիկանների հույսին»,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ ընդդիմությանը քվեարկողների ուղերձը շատ հստակ է, իսկ ընտրողների մեծ մասը շատ ավելի ծայրահեղ քայլերի կողմնակից է, քան իրենք անում են. «Մեկ տարի առաջ, այս օրերին, ընտրողներին ասել ենք՝ մենք ձգտում ենք ուժեղ Հայաստան կառուցելու, արժանապատիվ խաղաղություն հաստատելու, դրա համար անհրաժեշտ է այս իշխանություններին հեռացնել, հասնել Արցախի ինքնորոշման իրավունքին: Մարդիկ դրա համար են քվե տվել: Մենք այսօր սպասարկում ենք մեր ընտրողների օրակարգը եւ գնում ենք մեզ տված քվեն, ընտրողների շահերը պաշտպանելու: Մարդիկ մեզ քվե չեն տվել, որ գնանք խորհրդարանում… մեկ տարի մենք փորձել ենք այդ ճանապարհով եւ ամեն ինչ արել ենք, բայց հիմա երկիրը հասել է այն իրավիճակի եւ հիմա մենք գտնվում ենք այն հանգրվանում, որ այս փուլում գնալ ԱԺ եւ իրենց հետ զբաղվել ինչ-որ շոուներով, գտնում ենք անիմաստ: Մենք շատ փորձեր ենք արել հարցեր քննարկելու… Որ ասում եք՝ բանակի հարցեր են քննարկում, այս ամենն ունի ներքաղաքական նպատակ. երբ մենք հասկանանք՝ իրենք մեկ տոկոս ցանկություն ունեն քննարկումներ անելու, բանակը վերականգնելու… նման բազմաթիվ քննարկումներ եղել են՝ պատերազմի ուսումնասիրման հանձնաժողովի գործունեությունը ձեզ վկայություն. այսինքն, իրենց ցանկացած քայլ ունի մեկ նպատակ՝ բանակը քաղաքականացնել, որպեսզի ծառայեցնեն իրենց իշխանության պահպանմանը»:

Իր գնահատմամբ՝ առկա է քաղաքական ճգնաժամ, որը կհանգուցալուծվի միայն այս իշխանության հեռացմամբ. «Վստահ եղեք, մեր ընտրողների ցանկությունը նա չի, որ գնանք խորհրդարան եւ զբաղվենք երկրորդական հարցերով: Օրակարգն այսօր փողոցում է, հարցերը լուծվելու են այդ ճանապարհով եւ մենք պարտավոր ենք թափ տանք շարժմանը եւ հասնենք հայտարարված նպատակին»:

Հարցին՝ ո՞ր պահից են պատրաստ մանդատները դնելու, արդյոք դա կլինի այն պահը, երբ իմպիչմենտի գործընթացը կտապալվի, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց, որ որեւէ քայլ ինքնանպատակ չէ եւ ամենահեշտը ճանապարհը այսօր մանդատներից հրաժարվելն է:

Ընդդիմադիր գործիչը վստահեցնում է՝ մանդատներն իրենց աշխատավարձ ստանալու համար պետք չեն, գտնում են, որ իրենց օրակարգի եւ գործընթացը տանելու համար մանդատները պետք են դեռ. «Մեր այն բոլոր գործընկերները, որ մանդատները դրել են, անկեղծ հաջողություն եմ մաղթում եւ հույս ունեմ, որ այն նպատակները, որ դրել են, որ առանց մանդատի ավելի անկաշկանդ ու արդյունավետ կպայքարեն, անկեղծ ցանկանում եմ, որ հաջողեն ու ապացուցեն, որ այդ ճանապարհը ճիշտ էր: Ով դուրս է գալիս, իրեն ցանկանում եմ բեղմնավոր աշխատանք, բարի բախտ ու հաջողություն: Իսկ մանդատները վայր կդրվեն այն ժամանակ, երբ մանդատը վայր դնելով կնպաստենք շարժման ընդլայնմանը: Ամենահեշտ ճանապարհը այսօր մանդատներից հրաժարվելն է եւ ինչ-որ պատճառաբանությամբ պայքարից դուրս գալը: Այդ մանդատները մեզ անձնապես ոչինչ չեն տալիս: Իսկ թե ինչո՞ւ խորհրդարան չենք գնում, ապա ասեմ՝ խորհրդարան գնալու ենք այն ժամանակ, երբ պետք է լինելու: Մանդատները ծառայելու են բացառապես հայ ժողովրդին: Այսօր այդ հարցը չենք քննարկում, քանի որ որեւէ արդյունավետություն շարժմանը չենք հաղորդելու: Մեր սկզբունքը հետեւյալն է՝ անել ամեն ինչ, որպեսզի ընդդիմադիր դաշտը միասնական լինի: Չենք ընդունում ընդդիմադիր դաշտում իրար խփելը, հարվածելը կամ քաղաքական դիրքավորումը: Մեր երկիրն այդ ճոխ վիճակում չէ եւ ճոխություն է այսօր սեփական վարկանիշի հետեւից գնալը: Պետք է լինի լայն համախմբում, բոլոր ամբիցիաները պետք է դրվեն մի կողմ, որպեսզի ուժերը համախմբելով կարողանան սրանց դեմ պայքարել»:

Նա նկատեց, որ ամեն տեղ կան մարդիկ, ովքեր գնում են անձնական ամբիցիաների հետեւից, թիկունքից են հարվածում եւ այլն, բայց դա ընդդիմության գործընթացի վրա չի ազդելու:

Հարցին՝ արդյոք առաջիկա տարիներին ընդդիմադիրները կհասցնե՞ն գնալ խորհրդարան, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Քեզ թվում է՝ Նիկոլը չորս տարի մնալո՞ւ է»: Լրագրողի հակադարձմանը՝ Սահմանադրությունն ասում է՝ այո, ընդդիմադիր գործիչը հավելեց, որ Սահմանադրությունը նաեւ ասում է՝ իշխանությունը պարտավոր է երկրի տարածքային ամբողջականությունը պահպանել, դատարանների վրա ճնշումներ չգործադրել եւ այլն ու հավելեց. «Մենք դուրս ենք եկել կարճ ժամանակում հեռացնելու իշխանությանը: Սխալներ ունեցել ենք, բայց ժողովրդին չենք դավաճանել: Չի ստացվել այս փուլում, բայց վստահաբար ստացվելու է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031