«2021թ․-ի պատգամավորների հայտարարագրերը դիտարկելիս պարզ կլինի, թե որքան կարողություններ են կուտակել․ եթե նախկինում 50 հազարի փոխհատուցում էին ստանում, ապա հիմա՝ 250 հազար դրամ՝ աշխատավարձից բացի։ Գումարած պարգեւավճար, որն աշխատավարձի մոտ 30%-ն է։ Էլ չասած գործուղումների գումարները։ Արտասահմանյան պատվիրակությունների կազմում իշխանական պատգամավորներն են։ Այսքանն իրենց ստանալիքն է, բայց որոշել են՝ քանի որ ընդդիմադիր պատգամավորները չեն գալիս, ուրեմն աշխատավարձերը պետք է պակասեցնել»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ վերջին ամիսներին ընդդիմադիր պատգամավորների աշխատավարձերից պահումներ են արվել բացակայությունների համար։
Էդգար Ղազարյանի բնորոշմամբ՝ սահմանադրություն խախտող իշխանավորները որոշել են իրենց պարգեւատրել սահմանադրության օրվա առիթով, իսկ ընդդիմադիրներին՝ զրկել աշխատավարձից․ «Սա ապօրինի եւ անմիտ մեկնաբանություն է։ Պատգամավորի պաշտոնը քաղաքական է, նրա աշխատանքը չի սկսվում առավոտ ժամը 9-ին եւ ավարտվում երեկոյան ժամը 6-ին, որ մի հատ էլ նման պնդում անեն։ Պատգամավորի աշխատավայրը ոչ միայն ԱԺ շենքն է, այլեւ հանդիպումներն ընտրողների հետ։ Ընդդիմադիր պատգամավորները մասնակցում են հավաքների եւ հանդիպում քաղաքացիների հետ, դա իրենց պարտավորությունն է։ Քաղաքացիների տեսակետների հիման վրա նրանք հրավիրում են արտահերթ նիստ, վերջինը՝ Արցախի եւ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների հարցում պետության դիրքորոշմանը վերաբերող, սակայն միայն Ալեն Սիմոնյանն էր եկել ու հայտարարել, որ նիստը չի կայանա։ ՔՊ-ականները ինչի՞ չեն մասնակցում։ Մի բան էլ ընդդիմադիրներին քննադատում են չմասնակցելու համար։ Իրենց ընկալմամբ՝ նիստերը կարող են հրավիրվել միայն իրենց նախաձեռնությամբ, եւ պետք է նստել եւ լսել, թե ինչպես են, օրինակ, վարչապետի օգնականին ընտրում գլխավոր դատախազ։ Եթե չեք գալիս կրկես նայեք, ուրեմն կզրկվեք աշխատավարձից»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ