Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ կոշիկ, վերմիշել մի տվեք, մենք չենք ուզում ոչ մի օգնություն, մեզ մեր բնակարանների փոխհատուցումը տվեք, տվեք ինձ իմ հասանելիքը»․ տեղահանված քաշաթաղցի

Հուլիս 11,2022 14:14

«Մենք բարձրացնում ենք մեզ հուզող ամենամեծ խնդիրը՝ բնակարանային ապահովման հարցը», – ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի դիմաց բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության ղեկավար Կարինե Մովսիսյանը:

Քաշաթաղից տեղահանվածները ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի դիմաց բողոքի ցույցի ընթացքում պահանջեցին իրենց տրամադրել համապատասխան փոխհատուցում, որպեսզի կարողանան լուծել իրենց բնակարանային խնդիրները։

Կարինե Մովսիսյանը տեղեկացրեց՝ հանդիպելու են շտաբի պետ Միքայել Վիրաբյանին։ Կարինե Մովսիսյանը, մանրամասնելով քաշաթաղցիների խնդիրների մասին, հայտնեց․ «Սկսել են մարդկանց հատկացնել վկայականներ, որտեղ գրված է՝ մինչև տասը միլիոն դրամ գումարի հատկացում։ Պարզվում է, որ երբ բանկն ուղարկում է տուն գնահատողների, նրանք տները գնահատում են շատ ավելի էժան, քան կան։ Մի շահառուի տունը գնահատվել է յոթ միլիոն, վճարումները կատարելուց հետո բանկը վեց միլիոն դրամից ավելի հրաժարվել է գումար վճարել։ Այդ տասը միլիոնը մեզ համար միֆ է դառնում։ Հիմա նույնիսկ այդ տասը միլիոնն այլևս գոյություն չունի»։

Քաշաթաղից տեղահանվածների մոտ 90 տոկոսը շուրջ երկու տարի վարձով է բնակվել, մարդիկ տան կանխավճարի գումար չունեն, ուստի այդ տրամադրվող գումարից էլ պիտի կանխավճար վճարեն, իսկ գումարը չի բավականացնում։

Քաշաթաղից տեղահանված Հասմիկ Կիրակոսյանը ցավով նշեց՝ արդեն երրորդ անգամ է իր տունը կորցնում ու պատմեց․ «1996-ից ապրում եմ Բերձորում։ Կորցրել եմ Երևանում սեփական տուն, բիզնես, էլի շատ բաներ, զրոյական վիճակով հայտնվել եմ Քաշաթաղի շրջանում, երեսուն տարվա մեջ ամեն ինչ ստեղծել եմ, ու այսօր էլի կանգնած ենք փաստի առաջ։ Այն, ինչ կորցրեցինք հայրենիք կոչված զգացողության համար, տուն, որը կոչվում է հայրենիք, արդեն երրորդ անգամ եմ կորցնում։ Հիմա կանգնած ենք փաստի առաջ։ Ստանդարտ մի թիվ է տրվում, մինչդեռ աշխարհում ամեն ինչ առաձգական է։ Վերցվել է մի ստանդարտ, որի մեջ պետությունն ինքն էլ չի տեղավորվում։ Ապօրինաբար մեր տները վերցրիք, մենք ի՞նչ պիտի անենք։ Ձեր ապօրինությունը ծնում է նոր ապօրինություն։ Եթե մենք չստանանք մեր հասանելիքը, մենք չենք հայտնվի աղբանոցի մեջ, այլ մենք բոլորս կմտնենք էլիտար շենքեր։ Սա ի՞նչ անարխիա է։ Ո՞վ է հարցրել մեզ, որ մեզ զրկել է հայրենիքից, տնից տեղից։ Մենք այնտեղ գերեզման ենք թողել, ունենք անչափահաս, որ չգիտենք՝ ոնց պահենք։ Մեր փոխարեն ո՞վ իրավունք ունի որոշել»։

Քաշաթաղցիները վրդովված նշում են՝ բոլորս էլ տուն ենք ունեցել, մարդավարի ապրել ենք, հիմա ընկել ենք փողոցները։ Նրանցից մեկն էլ դժգոհեց․ «Մեզ սկզբում խոստացան կացարաններով ապահովել, ասացին՝ որտեղ հարմար է, տեղավորվեք, հետո կացարանով կապահովենք։ Բայց մեզ խաբեցին։ Մեզ կոշիկ, վերմիշել մի տվեք, մենք չենք ուզում ոչ մի օգնություն, մեզ մեր բնակարանների փոխհատուցումը տվեք։ Տվեք ինձ իմ հասանելիքը, որ գոնե իմ չորս հոգանոց ընտանիքն ապահովեմ։ Գոնե տասնհինգ միլիոնի չափով պետք է գումար մեզ տան, որ կարողանանք մեր բնակարանների հարցը լուծել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031