Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենքին եւ եկեղեցուն հակառակ՝ Փաշինյանն ու Ծառուկյանը, որոնք կոալիցիոն գործընկերներ էին կամ սուտ ընդդիմադիրներ, պայմանավորվել են»

Հուլիս 11,2022 14:06

«Գագիկ Ծառուկյանը, ինչպես հիշում ենք, փոխեց քաղաքական դիրքորոշումները, եւ դրանում իր խնամին՝ Խաչատուր Սուքիասյանը, կարծում եմ, դեր ունի։ Հետեւաբար՝ իշխանությունները մոռացան նրա ընտրախախտումների մասին քրեական գործը, ԱԺ-ում գլխավոր դատախազի հուզիչ ելույթը, մոռացան ապօրինի ձեռնարկատիրության մասին, միլիարդավոր դոլարների կարողությունների հավաքագրումն այս աղքատ երկրում, եւ պայմանավորվածությամբ ու դատարանի որոշմամբ չեղարկեցին նրա խաղատան համար սահմանված տուրքը, որը հիմա հարկատուների գումարներից պետք է վճարվի»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

Նա շեշտեց՝ ժամանակին Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին մեղադրում էր Շուշին հանձնելու համար, սակայն օրերս հավանություն տվեց Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրմանը եւ Ծառուկյանի հանդեպ կառավարության վերաբերմունքը նույնն է նաեւ նրա կրոնական գործունեության առումով։

Էդգար Ղազարյանը նախ նշեց, որ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ասաց, թե պլաստմասսայից, շինարարական աղբից ու կահույքի մնացորդներից պատրաստված խաչեր է տեսել ՀՀ-ում․ «Ես էլ եմ տեսել՝ հիմնականում բարձունքներին, համայնքների մուտքերի մոտ, բայց պլաստմասսայից կամ կահույքի մնացորդներից խաչեր ոչ մի տեղ չեմ տեսել։ Եթե նա տեսել է, ուրեմն կա։ Ուստի հարցում եմ ուղարկել կառավարություն՝ պարզելու համար, թե որտեղ կա կահույքի մնացորդներից խաչ։ Դժվար թե աշխարհում որեւէ տեղ նման խաչ լինի, եթե կա, թող մարդիկ գան տեսնեն, գուցե տուրիստական վայր դառնա։ Անհանգստանում է, որ այսքան խաչ կա դրված։ Իրենք՝ ամուսիններով, իրենց ուշքն ու միտքը Ալիեւն ու նրա կինն են։ Վաղը, մյուս օրը, որ խաղաղության դարաշրջան լինի, Ալիեւը կնոջ հետ կգա Երեւան, ճանապարհին այսքան խաչ տեսնի, ի՞նչ կասի։ Ուստի հանձնարարական է տալու դրանք ապամոնտաժելու։ Ընդ որում, երբ պատերազմի մասնակիցների հիշատակի պուրակներ են ստեղծվում, ըստ իր ընկալման՝ մարդիկ չեն ուզում գնալ, այցելել ու հանգստանալ պուրակներում, որտեղ խաչեր կան, այսինքն՝ զինվորների հիշատակը հավերժացնող խաչերն, ըստ Փաշինյանի, պետք է ապամոնտաժել, որ երեխաներն իրենց լավ զգան, թեեւ երբեւէ ծնող չի բողոքել հիշատակի պուրակներից։ Դա իր միտքն է»։

Էդգար Ղազարյանն ընդգծեց՝ արձանի տեղադրման հետ կապված անհամաձայնություն արտահայտող դիրքորոշումը ԿԳՄՍ  նախարարությունը հրապարակեց այս կիրակի գիշերը․ «Այնքան անհանգստացած են երեւույթից, որ նախարարը, պարզվում է, այնպիսի կենսաբանական էակ է, որ հինգշաբթի եղել է կառավարության նիստին, լսել արձանի նախագծի մասին դրական քննարկումը, սակայն դիրքորոշում չի հայտնել։ Նա այն աստիճանի չի տիրապետում ոլորտին, որ տեսակետ չի հայտնել, չի ասել, որ լեռան վրա հուշարձանների պահպանության խնդիր կարող է առաջանալ։ Արդեն ավտոճանապարհ է կառուցվում դեպի լեռան գագաթ, երեկ հիմնարկեքին մասնակցել է նաեւ էկոնոմիկայի նախարարը։ Եթե հուշարձանների պահպանության գործակալությունը համաձայնություն չի տվել, ուրեմն համայնքի ղեկավարը, ըստ օրենքի, շինարարության թույլտվություն չի տվել։ Շինարարը դիմե՞լ է, ավագանին թույլատրե՞լ է կառուցապատում եւ հուշարձանի տեղադրում։ Ստացվում է, որ ապօրինի, ինքնակամ շինարարություն է արվում մեկ քաղաքացու կողմից, որի անունն է Գագիկ Ծառուկյան։ Սա այն դեպքում, երբ Հայ առաքելական եկեղեցին հայտարարել է, որ արձանի տեղադրումը չի համապատասխանում եկեղեցու ավանդույթներին։ Օրենքին եւ եկեղեցուն հակառակ՝ Նիկոլ Փաշինյանն ու Ծառուկյանը, որոնք ինչ-որ պահի կոալիցիոն գործընկերներ էին կամ սուտ ընդդիմադիրներ, պայմանավորել են կառուցել արձան, որը կդառնա ՀՀ ամենամեծ զբոսաշրջային գրավչությունը»։

Որպես օրինակ Էդգար Ղազարյանը մատնանշեց, որ Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանը Լեհաստանում է, բայց այն չի հիշատակվում Լեհաստանի զբոսաշրջային գրավչությունների ցանկում․ «Բայց Վահան Քերոբյանին թվում է, որ եթե այդ արձանը մեզ մոտ լինի, ապա մարդիկ ոչ թե Լեհաստան կգնան կամ աշխարհի 22 այլ այդպիսի վայրեր, այլ հատուկ կգան ՀՀ՝ մեր արձանը տեսնելու»։

Նշենք, որ Կոտայքի մարզում գտնվող 2528մ․ բարձրությամբ Հատիսը հայտնի է նաեւ որպես Շամիրամի լեռ․ ավանդազրույց կա, որ Արա Գեղեցիկն այստեղ է հանդիպել Շամիրամին (Արա լեռը հանդիպակաց է Հատիսին․ Արայի եւ Շամիրամի զորքերն այս երկու լեռների ստորոտներին են տեղակայվել)։ Լեռան վրա են գտնվում Շամիրամի բերդի ավերակները, ինչպես նաեւ քարանձավ, որը քչերին է հայտնի։ Լեռան հարավային ստորոտից սկիզբ են առնում «Քառասունակն» աղբյուրները, որոնք բարձրակարգ խմելու ջուր են համարվում․ Երեւանի ջրամատակարարման համար նաեւ այս ակունքներն են օգտագործվում։ Լեռը հանգած հրաբուխ է, բնության հատուկ պահպանվող տարածք։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գերագույն հոգեւոր խորհուրդը հայտարարել է․ «Մեր հորդորն է նախաձեռնության հեղինակներին և մասնակիցներին՝ զերծ մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդույթին հակասող նախագծերից և առաջնորդվել մեր ազգային-եկեղեցական մշակույթին, եկեղեցաբանական և աստվածաբանական սկզբունքներին համահունչ մոտեցումներով»։

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հայտարարել է, որ Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունը մեկնարկելու է պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո միայն։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031