Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերին ականատես կլինեք կոնկրետ գործողությունների. Իշխան Սաղաթելյանը՝ ԵԽ-ում իր հանդիպումների մասին «Բռնապետական Ադրբեջանն ավելի հետաքրքիր է եվրոպական գործընկերներին, քան ժողովրդավարության բաստիոն հռչակված Հայաստանը»

Հուլիս 11,2022 13:53

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հուլիսի 4-8-ը աշխատանքային այցով Ստրասբուրգում էր: Այցի ընթացքում նա հանդիպումներ է ունեցել ԵԽ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ովքեր առնչություններ ունեն Հայաստանի, Արցախի եւ տարածաշրջանի հետ, մասնավորապես՝ ԵԽ երկու փոխնախագահների, Հայաստանի հարցով համազեկուցողի, ՀՀ եւ ԱՀ բարեկամական խմբերի ղեկավարների, ԵԽ-ում Հարավային Կովկասում պատվիրակությունների ղեկավար Մարիա Կալյուրանդի հետ: Իր եվրոպական այցի արդյունքներն Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց այսօր հրավիրած մամուլի ասուլիսում: Հանդիպումների գլխավոր օրակարգը եղել են Արցախը, արցախյան բանակցությունների գործընթացը, ՀՀ անվտանգությանն առնչվող հարցեր, նաեւ՝ ՀՀ ներքաղաքական խնդիրներին առնչվող հարցեր: Ըստ բանախոսի՝ բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը:

Այցի արդյունքում արված արձանագրումներից մեկն այն է, որ միջազգային կառույցներում, մասնավորապես՝ ԵԽ-ում, Հայաստանի ու Արցախի շահերը պատշաճ կերպով ներկայացված չեն. «Իմ հանդիպումների ընթացքում ակնհայտ դարձավ, որ Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունն ու ՀՀ ԱԳՆ-ն, պատշաճ կերպով չեն ներկայացնում ու պաշտպանում Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի շահը»:

Երկրորդ կարեւոր արձանագրումն այն է, որ ՀՀ իշխանության այն պնդումը, թե կա միջազգային պահանջ եւ կոնսենսուս՝ Արցախի կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու, առնվազն իր տպավորությամբ, նման պահանջ գոյություն չունի. «Այն բոլոր հանդիպումները, որ ես ունեցել եմ, պատահական մարդիկ չէին, Հայաստանի հարցով կարծիք ձեւավորող, դիրքորոշում ու տեսակետ հայտնող պաշտոնյաներ, ակնհայտ էր, որ հստակ ու ընդգծված նշաձող իջեցնելու պահանջ գոյություն չունի: Այլ հարց է, որ գոյություն ունի խաղաղության հասնելու պահանջ եւ օրակարգ, բայց երբ այդ հանդիպումների ժամանակ շատ մանրամասն եւ հիմնավոր կերպով բացատրում ենք, որ մենք դեմ չենք այդ խաղաղությանը, որ հայ ժողովուրդը շատ հիմնավոր կերպով կերպով ձգտում է այդ խաղաղությանը, բայց այն չի կարող լինել մեր հայրենազրկման գնով եւ պարտադրված խաղաղությունը չի կարող տարածաշրջանում բերել կայունություն, այս հիմնավորումներն իրենց համար շատ հասկանալի էին»:

Ընդդիմադիր գործչի երրորդ կարեւոր արձանագրումը, որն իր համար զարմանալի չէր, քանի որ բազմիցս են այդ մասին խոսել, այն է, որ այս օրերին, թուրք-ադրբեջանական պատվիրակությունները՝ տարբեր մայրաքաղաքներում, ՀՀ ընդդիմությանը փորձում են ներկայացնել, իբրեւ ռեւանշիստական ուժեր, տարածաշրջանն ապակայունացնող, պատերազմ հրահրող ուժեր. «Իրենց այս թեզերն աջակցություն են ունենում նաեւ Հայաստանի որոշ շրջանակների կողմից: Դրանք այն նույն թեզերն են, որոնցով ՀՀ իշխանությունները բնութագրում են ընդդիմությանը եւ ընդդիմության գործողությունները»: Ընդդիմադիր գործիչը պնդում է՝ առավել քան համոզվել են, որ ՀՀ իշխանությունը չի սպասարկում եւ առաջ մղում ՀՀ-ի շահերը, այլ թուրք-ադրբեջանական շահերի սպասավորն է:

Չորրորդ արձանագրումը հետեւյալն է՝ աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում եւ վերադասավորումների փուլում, որը մեր երկրի համար հղի է նոր սպառնալիքներով, ՀՀ իշխանությունը վարում է պարտվողական, ոչ համարժեք քաղաքականություն. «Եվրոպական երկրների համար Ադրբեջանը դարձել է հետաքրքիր՝ հաշվի առնելով այս էներգետիկ ճգնաժամը, որն աշխարհում գոյություն ունի: Այս իրավիճակում, բռնապետական Ադրբեջանն ավելի հետաքրքիր է եվրոպական գործընկերներին, քան ժողովրդավարության բաստիոն հռչակված Հայաստանը»:

Ինչ վերաբերում է ՀՀ ներքաղաքական կյանքին, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ մեր երկրում գործող միջազգային կազմակերպությունների գրասենյակները իրենց ղեկավարներին իրավիճակի վերաբերյալ զեկույցները հաճախ ներկայացնում են միակողմանի, ոչ լիարժեք: Այդ իմաստով է նաեւ ընդդիմադիր գործիչը կարեւորում իր ունեցած հանդիպումները:

Հուլիսի 7-8-ին տեղի է ունեցել «Սոցինտեռնի» խորհրդի նիստ, որը հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Հայաստանի վերաբերյալ՝ դատապարտելով ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժումը եւ դատապարտելով հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց պահումը: ՀՀ իշխանություններին էլ հորդորել են՝ զերծ մնալ հակաժողովրդավարական գործելաոճից, որը որդեգրել են 2020 թվականի պատերազմից հետո՝ հետապնդելով ընդդիմադիր ակտիվիստներին եւ գործիչներին, ճնշումներ գործադրելով դատական համակարգի վրա:

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ եվրոպացի գործընկերների հետ մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել եւ սեպտեմբեր ամսին հանրությունն ականատես կլինի կոնկրետ գործողությունների:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031