Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ քաղաքական ուժեր ախորժակով ուտում են թուրքական ու բրիտանական «կտերը». նրանց թվում է, թե ռուսներին հայհոյելով՝ մենք կդառնանք ուժեղ ու երջանիկ. Նաիրի Հոխիկյան

Հուլիս 11,2022 12:36

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ACNIS reView Հայացք Երեւանից կայքէջի acnis.am 2022թ.-ի 25-րդ համարից

Ռուս-ուկրաինական հակամարտության լարվածության հենքին Թուրքիան եւ Մեծ Բրիտանիան ձգտում են բացել երկրորդ ճակատ, որի լավագույն հատվածը, ըստ թուրքական տեսակետի, Արցախն է։ Սա է պատճառը, որ Ադրբեջանը վերջին 2-3 ամիսների ընթացքում ավելի հաճախ է խնդիրներ ստեղծում առաջնագծում, սադրանքներ կիրառում ինչպես ՀՀ եւ Արցախի զինված ուժերի, այնպես էլ ռուս խաղաղապահների նկատմամբ։

Քչերին է հայտնի, թե ինչ բախումներ են եղել ու լինում ռուսների եւ ադրբեջանցիների միջեւ։ Ռուսական կողմը ամեն կերպ ձգտում է դա լռության մատնել, քանի որ հիմա իրեն ոչ մի կերպ ձեռնտու չէ Արցախում խորացնել լարվածությունը թուրք-ադրբեջանական տանդեմի եւ նրանց հովանավոր Մեծ Բրիտանիայի հետ։

Գաղտնիք չէ նաեւ, որ Ուկրաինային ամենաշատ զենք մատակարարողներից մեկը Թուրքիան է, իսկ թուրքական «Բայրաքթար»-ները մեծ վնաս են պատճառում ռուսական բանակին։ Սա բացահայտ խոսում է ռուս-թուրքական հիբրիդային պատերազմի մասին, որը կարող է տեղի ունենալ նաեւ Արցախում եւ ՀՀ Սյունիքի մարզում, եթե մենք կորցնենք զգոնությունը։

Այս խորապատկերին հայաստանյան որոշ քաղաքական ուժեր եւ առանձին մարդիկ ախորժակով ուտում են թուրքական ու բրիտանական «կտերը». նրանց թվում է, թե ռուսներին հայհոյելով կամ այստեղից քշելով՝ մենք կդառնանք ուժեղ ու երջանիկ։ ՌԴ-ն այստեղ, իհարկե, իր աշխարհաքաղաքական շահի համար է եկել ու հաստատ հայերի սիրուն աչքերի համար չի միլիարդավոր դոլարներ ծախսում զենքի ու շինարարության վրա։ Այդ փողը ռուսները մեծ ուրախությամբ կծախսեին իրենց մոտ, բայց հասկանում են, որ Հայաստանը (Արցախով հանդերձ) ռազմավարական անչափ կարեւոր նշանակություն ունի բոլոր խոշոր խաղացողների համար։ Հանքահումքային ռեսուրսների մասին առանձին կխոսեմ։

Այս համատեքստում չի կարելի թույլ տալ, որ Արցախում որեւէ լարվածություն հիմա առաջանա։ Ոմանց խաբել են, թե պատերազմ հրահրելով՝ մենք կկարողանանք մեկ զարկով երկու նապաստակ խփել՝ ազատագրել Հադրութն ու Շուշին, դուրս հանել ռուսներին։

Իրականում այս պահին պատերազմը աղետալի կարող է լինել։ Չունենք ազգային իշխանություն, որը կփորձեր համախմբել ուժերը եւ ճիշտ օգտագործել թշնամու դեմ, չունենք նաեւ դաշնակիցների իրական աջակցություն, քանի որ բոլոր հնարավոր դաշնակիցները զբաղված են ուկրաինական պատերազմով։ Այս պարագայում Թուրքիան ու Ադրբեջանը գործի կդնեն իրենց ողջ զինանոցը։

Իհարկե, չեմ բացում փակագծերը, թե մենք ինչ ունենք թշնամու դեմ, որը շատ ցավոտ կլինի նրանց համար, բայց բոլոր դեպքերում լարվածություն հրահրել հիմա չի կարելի, ոչ մի դեպքում չի կարելի։ 2025-ին ընդառաջ պետք է հնարավորինս լավ պատրաստվել:

Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031