Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երբ կորոնավիրուսի դեպքերը նվազեցին, մնացած ինֆեկցիոն հիվանդությունները սկսեցին գլուխ բարձրացնել»

Հուլիս 11,2022 13:30

Վիգեն Ասոյանը՝ այս ամռան ամենից շատ հանդիպող խնդիրների մասին

Տարվա ամենաշոգ եղանակը, թվում է՝ պետք է վերջապես մեզ «ազատագրեր» զանազան վիրուսներից, վարակներից եւ կորոնավիրուսի հաղթահարման ֆոնին վերջապես կարողանայինք վայելել առողջ կյանքը։ Սակայն բժիշկ մասնագետների խոսքով, ամառն էլ իր «նախընտրելի» հիվանդություններն ունի՝ հայտնի եւ անհայտ, որոնցից ամեն դեպքում պետք է զգուշանալ։
ԵՊԲՀ Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկայի ղեկավար, բգթ. դոցենտ Վիգեն Ասոյանը Aravot.am-ի հետ զրույցում նշում է, որ այս ամռանը անակնկալ էր ջրծաղիկի դեպքերի աճը։ Բժիշկը նկատում է, որ այժմ, իհարկե, դեպքերը նվազում են՝ նախորդ 1-2 ամիսների համեմատ, բայց սովորաբար ջրծաղիկի տարածվածության ամիսները համարվել են հոկտեմբեր-նոյեմբերը, փետրվար-մարտը։

«Ինչ-որ առումով սա նաեւ օրինաչափ էր, որովհետեւ վերջին շրջանում, երբ կորոնավիրուսի դեպքերը նվազեցին, մնացած ինֆեկցիոն հիվանդությունները սկսեցին գլուխ բարձրացնել։ Նախկինում կարծես չկար այլ հիվանդություն՝ կային կորոնայով վարակվածներ եւ առողջ մարդիկ, եւ, երբ մարդը պաշտպանվում է որեւէ ինֆեկցիայից, այս դեպքում՝ կորոնավիրուսային վարակի դեմ, կարծես մյուս ինֆեկցիաները նահանջում էին: Այս առումով սպասելի էր ջրծաղիկի դեպքերի աճը կորոնավիրուսի նվազման ֆոնին»,-ասում է Վիգեն Ասոյանը։

Բժշկի խոսքով, ջրծաղիկից ապահովագրված չեն նաեւ մեծահասակները, իսկ կրկնակի վարակման դեպքերը կազմում են մինչեւ 5 տոկոս։ Տնային պայմաններում ավանդական բուժումը այժմ էլ արդիական է, պարզապես առանց հայտնի եւ սիրված «զելյոնկայի», միայն ջերմիջեցնողներ եւ հեղուկներ օգտագործելով։ Վիգեն Ասոյանը շեշտում է՝ պետք է խուսափել ցանով եւ ջերմությամբ հիվանդների հետ շփումից։ Ջրծաղիկը կարող է ամենեւին էլ չլինել «ոտքի վրա հաղթահարելու շարքային հիվանդություն: Ասում է՝ եթե թոքաբորբի ախտանշաններ են ի հայտ գալիս, այս դեպքում բուժումը պարտադիր հիվանդանոցային պայմաններում պետք է անցնի ծանր ընթացքից եւ հետեւանքներից խուսափելու համար։

Ջրծաղիկին շատ նման, բայց նաեւ խիստ տարբեր մեկ այլ վիրուս էլ է տարածված՝ կոկսակին։ Բժիշկ Ասոյանն ասում է՝ նորից նույն ցանն է, բայց տեղակայումն է տարբեր, հարուցիչներն են այլ։ Օրինակ՝ կոկսակիի ժամանակ բնորոշ է ափերի եւ ներբանների շրջանում ցանը, իսկ ջրծաղիկը հիմնականում սկսվում է գլխի մազածածկույթի հատվածից, մեկ շաբաթվա ընթացքում տարածվում է մինչեւ ստորին վերջույթներ։ Նաեւ բուժումն է տարբեր, ջրծաղիկը միջինը 5-10 օր է տեւում, կոկսակին՝ մեկ շաբաթ։ Եւ, եթե ջրծաղիկի դեպքում հիվանդությունը սկսելուց 10-11 օր հետո անձը հիմնականում ոչ վարակիչ է լինում, ապա կոկսակիի դեպքում կարող է 7օր էլ վարակիչ լինել։ Ամեն դեպքում, Վիգեն Ասոյանի փոխանցմամբ, կոկսակին հազվադեպ է ծանր ընթացք ունենում, իսկ ջրծաղիկի պարագայում բարդություններն ավելի շատ են։ Երկու դեպքում էլ բժիշկը խորհուրդ է տալիս պահպանել հիգիենայի կանոնները, խուսափել նմանատիպ ախտանիշներ ունեցող հիվանդների հետ շփումից, իսկ ցան եւ ջերմություն նկատելու դեպքում դիմել բժշկի։

Մյուս խնդիրը, որով այսօր բավականին շատ են դիմում ինֆեկցիոնիստներին, աղիքային վարակներն են, որոնք ուղեկցվում են սրտխառնոցով, փսխումով, փորլուծությամբ, ջերմությամբ, ընդհանուր թուլությամբ։

Բժիշկը շեշտում է՝ պետք է հաճախ լվանալ ձեռքերը, առավելապես օգտագործել թարմ, դյուրամարս սնունդ, օրական խմել նվազագույնը 2 լիտր ջուր, խուսափել ոչ պատշաճ պայմաններում պահվող կամ պատրաստված մթերքներից։ Այս առումով հատկապես վտանգավոր է ոչ սառնարանային պայմաններում պահպանվող կաթնամթերքը, կրեմային հրուշակեղենը, փողոցում՝ արեւի տակ վաճառվող ֆասթֆուդը, ոչ հիգիենիկ պայմաններում վաճառվող լցնովի պաղպաղակները եւ այլն։

Եւ երրորդ խնդիրը, որով դիմելիությունը աճում է այս ամիսներին, միջատների խայթոցներն են։ Վիգեն Ասոյանը նշում է, որ շատ են դիմում, օրինակ, տիզի խայթոցների դեպքում։

«Հնարավորինս շուտ պետք է հեռացնել տիզը, եթե մի քանի օր հետո առաջանում է օղակաձեւ ցան, ջերմություն, պետք է անհապաղ դիմել բժշկի եւ ստանալ համապատասխան բուժում, այլապես քրոնիկ հիվանդություն դառնալու դեպքում այն դժվար կլինի բուժել»,-ասում է Ասոյանը եւ խորհուրդ տալիս արշավների ժամանակ հնարավորինս փակ հագուստ եւ կոշիկներ հագնել։

Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031