Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանը հեռագրով կապվեց ոչ միայն Զանգեզուրի կենտրոն Գորիսի, այլեւ Շուշիի, Գանձակի եւ Ռուսաստանի մի շարք քաղաքների հետ

Հուլիս 11,2022 13:00

ԵՊՀ հանգուցյալ ռեկտոր, պատմաբան Արամ Սիմոնյանի «Զանգեզուրի գոյապայքարը 1917-1920 թթ.» (Եր. ԵՊՀ հրատ., 2017թ.) գրքին «Առավոտը» մի քանի անգամ անդրադարձել է («1885 թ. Զանգեզուր է եկել ռուս ապագա խոշորագույն քիմիկոս Ս. Պ. Զելինսկին», 09.12.2020թ., 30.07.21թ.), տպագրել հատվածներ, որի մասին տեղյակ էր անվանի պատմաբանը: Մենք տպագրեցինք ճիշտ այն ժամանակ, երբ օրակարգում էր Սյունիքի տարածքների, ինքնապաշտպանության կազմակերպման հարցը: Այսօր նույնպես օրակարգում է Սյունիքի հարցը, ճիշտ այնպիսին է վիճակը, ինչպես ներկայացրել է Ա. Սիմոնյանը: Ներկայացնում ենք այս անգամ նշյալ ժամանակահատվածում հաղորդակցության, կապի, անվտանգային վիճակը:

«Առաջին համաշխարհային պատերազմին նախորդած 3-4 տարիներին արձանագրվում է մի հետաքրքիր երեւույթ. մի կողմից Զանգեզուրից հեռանում էին, մյուս կողմից՝ հեռացողներից շատերը վերադառնում էին հայրենի օջախները:

Կապանի պղնձահանքերի ու գործարանների արտադրանքի անընդհատ ավելացումը եւ մաքուր պղինձը երկաթուղային ամենամոտ կայարան շտապ հասցնելու անհրաժեշտությունը պահանջում էին լրջորեն մտածել Կապան-Գորիս-Շուշի-Եվլախ մշտական ճանապարհի մասին: Մասնավորապես, անբարեկարգ եւ խիստ բարձիթողի վիճակում էր այդ երկար խճուղու Կապան-Գորիս հատվածը: Դրա բարեկարգման համար աշխատանքներ էին տարվել դեռեւս 1870-ական թվականներից, բայց դրանք լայն ծավալ ստացան ավելի ուշ՝ 1900-1904 թթ., երբ գավառի գյուղացիությունը ձրիաբար տարիներ շարունակ կոռի կարգով (անվարձ) աշխատեց այդ կառույցի վրա: Չափազանց բարդ ռելիեֆով անցնող Կապան-Գորիս հատվածը 1904թ. լիովին պատրաստ էր եւ միացել էր Գորիս-Շուշի-Եվլախ խճուղուն: Միաժամանակ Կապանի հանքերից դեպի Ջաբրայիլ խճուղային ճանապարհ էր կառուցվել՝ Հանքերի պղնձի արտադրանքը այնտեղից նույնպես մոտակա երկաթուղագիծ հասցնելու համար: 1890-ական թվականներից գավառում միջգյուղական ճանապարհները քիչ թե շատ բարվոք վիճակի բերելու որոշ աշխատանքներ էին կատարվել: Չնայած դրան՝ դարասկզբին Կապանի եւ Մեղրիի շրջանների գյուղերի մեծ մասը զուրկ էր հաղորդակցության կանոնավոր ճանապարհներից: Գորիսի շրջանում եւս շատ գյուղեր իրար հետ կապված էին կածաններով, եթե հաշվի չառնենք Կապան-Եվլախ խճուղու Գորիս քաղաք-Քարաշեն-Տեղ հատվածը եւ Գորիս քաղաք-Սիսիան խճուղին, որը, սակայն, չէր անցնում բնակավայրերով: Ինչ վերաբերում էր Սիսիանին, ապա այստեղ՝ շրջանի որոշ մասերում, համեմատաբար հարթ մակերեւույթի շնորհիվ գյուղերից շատերը կապված էին քիչ թե շատ տանելի միջգյուղական ճանապարհներով: Զանգեզուրի տնտեսական ու մշակութային նկատելի առաջընթացով էր պայմանավորված նաեւ կապի միջոցների նկատելի զարգացումը: 1874 թ. Գորիս քաղաքում սկսեց գործել գավառում առաջին փոստային կայանը: Ամսվա որոշակի օրերին Շուշիից Գորիս էր բերվում փոստը: Կապանից, Սիսիանից եւ Գորիսից ժամանած փոստատարները փոստային կայանին էին հանձնում իրենց բերած նամակները, դրամական փոխադրումներն ու ծանրոցները եւ ստանում իրենց շրջանների հասցեներով ստացված փոստը՝ հասցեատերերին հանձնելու համար: Փոստից օգտվելու այդ ձեւը Զանգեզուրում տեւեց ավելի քան 16 տարի: 1890 թ. Թիֆլիսի փոստ-հեռագրական օկրուգի պետի հրամանով Գորիս քաղաքում բացվեց փոստի բաժանմունք: Երեք տարի հետո՝ 1893 թ., Շուշի քաղաքից անցկացվեց հեռագրալար: Փոստի բաժանմունքում տեղադրվեց «Մորզե» տիպի հեռագրական ապարատ, եւ այն վերանվանվեց փոստ-հեռագրական բաժանմունք: Փոստի եւ հեռագրի մուտքը Զանգեզուր խոշոր իրադարձություն էր բնակչության տնտեսական եւ մշակութային կյանքում: 1904 թ. կապի բաժանմունք բացվեց Կապանի հանքերում:

Փոստը Կապան-Սյունիք-Չայզամի-Շուռնուխ-Գորիս ուղիով եւ հակառակ ուղղությամբ առաքվում էր հիմնականում գրաստով կամ շալակով, երբեմն էլ՝ սայլով: Ինչ վերաբերում է Սիսիանի շրջանին, ապա այստեղ փոստային ծառայությունների ծավալը խիստ դանդաղ էր աճում. այստեղ փոստի բաժանմունք բացվեց խորհրդային կարգեր հաստատվելուց հետո: Նույնն էր վիճակը Մեղրիում, որն իր փոստը ստանում էր Օրդուբադից: Միայն 1916 թ. Մեղրի գյուղում բացվեց փոստի բաժանմունք:

1911 թ. շահագործման հանձնվեց Գորիս-Կապան հեռագրագիծը, եւ Հանքերի փոստի բաժանմունքում նույնպես դրվեց «Մորզե» ապարատ, որից հետո բաժանմունքը սկսեց կոչվել փոստ-հեռագրատուն: Կապանը հեռագրով կապվեց ոչ միայն Զանգեզուրի կենտրոն Գորիսի, այլեւ Շուշիի, Գանձակի եւ Ռուսաստանի մի շարք քաղաքների հետ…

1897 թ. վիճակագրական տվյալների համաձայն՝ 1870-1897թթ. Զանգեզուրի գավառում գործում էին 15 պետական դպրոցներ՝ Գորիս քաղաքում, Խնձորեսկում, Շինուհայրում, Կուբաթլիում, Տաթեւում (բուն Զանգեզուրի շրջան), Շիկահողում, Արծվանիկում, Գյուտկումում (Կապանի շրջան), Շաղաթում, Ղարաքիլիսայում, Բռնակոթում, Բազարչայում, Անգեղակոթում (Սիսիանի շրջան), Մեղրիում, Կալադարասիում: Բոլոր պետական դպրոցներում դասավանդումը տարվում էր ռուսերեն, թեեւ ռուս աշակերտների թիվը (բացի Բազարչայից) կարելի էր մատների վրա հաշվել: Պետական դպրոցներում ուսումը վճարովի էր եւ բավական թանկ: Ուսման բարձր որակով եւ աշակերտների առաջադիմությամբ առանձնանում էր գավառային կենտրոն Գորիս քաղաքի պետական դպրոցը, ուր սովորում էին ոչ միայն հայ, այլեւ թուրք եւ ռուս աշակերտներ: Այս դպրոցում են կրթվել բազմաթիվ պետական, կուսակցական, մշակույթի եւ գիտության նշանավոր գործիչներ, որոնք շատ բարձր են գնահատել այդ ուսումնական հաստատության դերն իրենց կյանքում… 19-րդ դարի կեսերից սկսած Զանգեզուրի հայության վրա դրական մեծ ազդեցություն են գործել արցախահայության մշակութային կյանքի բուռն վերածնունդը, հատկապես Շուշի քաղաքի աննախընթաց առաջադիմությունն ու ծաղկումը: Այստեղի բարձրակարգ ուսումնական հաստատությունները եւ հատկապես հռչակավոր թեմական դպրոցը առատ լույսի աղբյուրներ են եղել նաեւ զանգեզուրցիների համար. առավել աչքաբաց, ուսումնասեր զավակները կրթվելու էին մեկնում այնտեղ եւ, վերադառնալով իրենց բնակավայրերը, մեծապես նպաստում էին գավառի բնակչության մշակութային-կրթական մակարդակի բարձրացմանը:

Այսպիսով՝ 1917 թ. դրությամբ Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառը զբաղեցնում էր բավական ընդարձակ տարածություն՝ 7892 քառ. կիլոմետր: Գավառի մեջ էին մտնում Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրու, Զանգեզուրի, Կուբաթլուի եւ Լաչինի շրջանները: Այդ տարածքի վրա նույն թվականին եղել է 2222 դեսյատին կալվածք, 1939 դեսյատին այգի, 115224 դեսյատին վարելահող, 3250 դեսյատին խոտհարք, 84625 դեսյատին անտառներ եւ թփուտներ, 130258 դեսյատին արոտներ, 141277 դեսյատին ամառային արոտավայրեր եւ 17249 դեսյատին այլ հողատարածքներ: Այդ ժամանակ Զանգեզուրի բնակչության թիվը շուրջ 150000 էր, որից 100000-ը հայեր էին… Ռուբեն Տեր-Մինասյանը միանգամայն իրավացի էր՝ գրելով. «Հայաստանի քիչ անկիւններուն մէջ ուսումն ու կրթությունը այնքան հարգի են, որքան Զանգեզուրի մէջ: Կան շրջաններ, ինչպէս Մեղրին, ուր դեռ քանի մը տասնեակ տարիներ առաջ անուս մարդ չէր գտնուեր: Այնպէս որ, եթէ Զանգեզուրը իր մարտական ոգիով նմանեցնենք Չերնակորիային, իր կրթական եւ մտավոր մղումներով պէտք է նմանեցնենք Զուիցերիային»:

Ուստի օտար նվաճողներից իր երկիրը, դպրոցը, մշակույթը, ավանդույթները պաշտպանելու համար զանգեզուրցին միշտ ստիպված է եղել զգոն լինել, համատեղել զենքն ու գրիչը: Զանգեզուրի Կենտրոնական Ազգային խորհուրդը գավառի հայությանը հիշեցնում էր, որ Բաթումի հաշտության պայմանագրի համաձայն՝ Այսրկովկասում կազմվել են երեք հանրապետություններ՝ Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի, եւ Երեւանի նահանգի հայությունը «ստիպված է եղել խայտառակ հաշտություն կնքելու» հայ ժողովրդի դարավոր ու արյունարբու թշնամու՝ թուրքի հետ»:

«Առավոտ» օրաթերթ
09.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031